Փյունիկը հաղթեց առաջատար Ալաշկերտին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության գործող չեմպիոն և առաջատար «Ալաշկերտին»: Ետնապահի հետ նախորդ տուրում կայացած խաղում հաղթանակը ձեռքից բաց թողնելուց հետո «Փյունիկն» այսօր պետք է փորձեր 3 միավոր վաստակել առաջատարի դեմ խաղում և Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կարողացան լուծել իրենց առջև դրված առաջադրանքը:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:

  1. Գոռ Մանուկյան — 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 33. Դիդյե Բորիս Կադիո, 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 30. Վահագն Հայրապետյան — 18. Ալիկ Առաքելյան, 7. Պետրոս Ավետիսյան, 16. Ռոբերտ Հակոբյան — 20. Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ

1՛. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակին շատ մոտ տարածության վրա խախտեցին կանոնները Պետրոս Ավետիսյանի նկատմամբ, իսկ տուգանային հարվածն իրացրեց Դրիսա Դիարասուբան, ում հարվածից հետո հյուրերին փրկեց հորիզոնական դարպասաձողը:

15՛. Կառլեն Մկրտչյանը Պետրոս Ավետիսյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխով հարված կատարեց, սակայն հարվածը շեղ ընթացավ:

17՛. Արթուր Եդիգարյանը սխալ փոխանցում կատարեց, իսկ գնդակին տիրեց Ռոբերտ Հակոբյանը, ում փոխանցումից հետո Դրիսա Դիարասուբան բացեց խաղի հաշիվը:

22՛. Ալիկ Առաքելյանը լավ փոխանցում ստացավ Պետրոս Ավետիսյանից, շարժվեց առաջ և գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը. 2-0:

40՛. Պետրոս Ավետիսյանը հարվածային դիրք է դուրս բերում Դիարասուբային, սակայն նրա հարվածից հետո Բեգլարյանը որսում է գնդակը:

45+1’. Գոռ Մանուկյանը չի շտապում ուժեղ հարվածով գնդակը խաղի մեջ մտցնել: Նա խաղարկում է Դիդյե Բորիս Կադիոյի հետ, ով հեռահար փոխանցում է կատարում դեպի Ալիկ Առաքելյանը, ում փոխանցումից հետո Պետրոս Ավետիսյանը հաշիվը 3-0 է դարձնում:

52՛. Արտյոմ Սիմոնյանն ինքն իրեն հարվածային դիրք դուրս բերեց, սակայն նրա հարվածը շեղ ընթացավ:

57՛. Ալիկ Առաքելյանը Դիարասուբայի փոխանցումից հետո կարող էր հաշիվը 4-0 դարձնել, սակայն նրա հարվածը բարձր ընթացավ:

58՛. Արտյոմ Սիմոնյանի փոխանցումից հետո Օմորեգիե Սաննին կրճատեց հաշվի տարբերությունը. 3-1:

67՛. Այս անգամ էլ արդեն Ալիկ Առաքելյանը հարվածային դիրք դուրս բերեց Դիրասուբային, բայց Բեգլարյանը հեռացրեց գնդակը «Փյունիկի» նորեկի հարվածից հետո:

79՛. Մարատ Բուրաևը ազատվեց մրցակցից և փոխանցում կատարեց դեպի «Ալաշկերտի» տուգանային հրապարակ, սակայն Արսեն Բեգլարյանն իր տեղում էր:

90+1՛. Մարկո Յորդանը մոտ տարածությունից շատ բարձր հարվածեց:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 24 միավոր և 2 միավորով է ետ մնում լավագույն եռյակը եզրափակող «Բանանցից» (1 խաղ պակաս է անցկացրել):

Մարտի 31-ին կայանալիք 20-րդ տուրի խաղում «Փյունիկը» Գյումրիում կհյուրընկալվի «Շիրակին»: Խաղի մեկնարկը՝ 15:00:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

Խաղի մասին՝

«Շատ հետաքրքիր և լարված խաղ ստացվեց: Մեր առաջնությունում պետք է այսպիսի խաղեր լինեն, որպեսզի ֆուտբոլիստներն առաջադիմեն: Առաջին խաղակեսում օգտագործեցինք մեր պահերը, իսկ երկրորդ խաղակեսում արդեն շեշտը դրել էինք հակագրոհների վրա և մի քանի պահեր ունեցանք: Տղաները կազմակերպված և մեծ նվիրումով խաղացին: Նախորդ խաղում հաղթանակը ձեռքներիցս բաց թողեցինք և այս խաղում դասեր էինք քաղել այդ խաղից»:

Էրիկ Վարդանյանի բացակայության մասին՝

«Էրիկ Վարդանյանը նախորդ խաղերում կոտրված մատով է խաղացել: Նույնիսկ չգիտեինք այդ մասին: Նա ցանկանում էր մասնակցել, սակայն թույլ չտվեցինք: Կոտրվածքից հետո ժամանակ է անհրաժեշտ խաղադաշտ վերադառնալու համար»:

Հավաքականի խաղերի հետ կապված դադարի մասին՝

«Շաբաթ օրը ունենալու ենք 1 ստուգողական խաղ, որից հետո պատրաստվելու ենք մարտի 31-ին կայանալիք Շիրակի դեմ խաղին»:

Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մասին՝

«Իմ կարծիքով նրանք շատ լավ մարզավիճակում են»:

Պետրոս Ավետիսյանի՝ Հայաստանի հավաքական չհրավիրվելու մասին՝

«Դա ժամանակի հարց է: Ես վստահ եմ, որ Պետրոս Ավետիսյանը խաղալու է Հայաստանի հավաքականում: Ես վստահ եմ դրանում, քանի որ տեսնում եմ նրա մարզումները և խաղերը: Ես նաև վստահ եմ, որ այսպես շարունակելու դեպքում նա արտասահմանյան բարձրակարգ ակումբում է խաղալու»:

Հենրիխ Մխիթարյանի՝ խաղին ներկա գտնվելու մասին՝

«Ազնիվ խոսք չեմ իմացել այդ մասին, բայց շատ ուրախ եմ»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni