Փյունիկը հաղթեց Արարատին 4-0 հաշվով

IMG_8543

Նոյեմբերի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» — «Արարատ» հանդիպումը: Խոշոր հաշվով հաղթանակների երաշտը վերջապես ավարտվեց և «Փյունիկի» ֆուտբոլիստները գլուխները բարձր հեռացան խաղադաշտից:

Արմեն Գյուլբուդաղյանցն այս խաղի համար ընտրել էր հետևյալ կազմը.

Գոռ Մանուկյան — Սերոբ Գրիգորյան (Արմեն Մանուչարյան 82′), Արթուր Քարտաշյան, Դիդիե Բորիս Կադիո, Արմեն Մանուչարյան — Կառլեն Մկրտչյան, Էրիկ Վարդանյան (Էրիկ Պետրոսյան, 70′), Պետրոս Ավետիսյան — Ալիկ Առաքելյան, Ռոբերտ Մինասյան (Վահագն Հայրապետյան, 58′)- Արթուր Միրանյան:

Հանդիպման վտանգավոր պահերը` համառոտ

8′ — Կառլեն Մկրտչյանի փայլուն փոխանցումից հետո Ռոբերտ Մինասյանը գլխի հարվածով գրավեց Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

13′ — Ալիկ Առաքելյանի հարվածը բարձր ընթացավ:

26′ — Կառլեն Մկրտչյանն Էրիկ Վարդանյանից ստանում է գնդակը, շարժվում առաջ և ձախ ոտքով հիանալի հարված կատարելով հաշիվը դարձնում է 2-0:

34′ — Դավիթ Մինասյանը մեն-մենակ դուրս եկավ Գոռ Մանուկյանի դեմ և «Փյունիկի» դարպասապահը շեղեց Մինասյանի հարվածի ուղղությունը:

41′ — Ռևիկ Եղիազարյանը գրավեց սեփական դարպասը, հաշիվը դարձնելով 3-0:

53′ — Էրիկ Վարդանյանի հարվածի ճանապարհին կանգնեց Ռաֆայել Սաֆարյանը և գնդակը դուրս եկավ դաշտի դիմային գծից:

54′ — Սարգիս Մեթոյանի փոխանցումից հետո Գոռ Մանուկյանի դեմ կրկին մեն-մենակ մնաց Դավիթ Մինասյանը, բայց Մանուկյանը կրկին հաղթող դուրս եկավ:

58′ — Էրիկ Վարդանյանի հարվածից հետո «Արարատին» փրկեց դարպասապահ Արման Մելիքսեթյանը:

77′ — Կառլեն Մկրտչյանի հարվածը ետ մղեց Արման Մելիքսեթյանը:

87′ — Սարգիս Մեթոյանի վտանգավոր փոխանցմանը չարձագանքեցին թիմակիցները:

90+1′ — «Փյունիկի» ֆուտբոլիստները լավ հակարգրոհ անցկացրին, որի արդյունքում Պետրոս Ավետիսյանը խփեց այս խաղի վերջին գնդակը:

 

«Փյունիկն» այս խաղից հետո վաստակեց 14 միավոր և շարունակեց մնալ 5-րդ հորիզոնականում:

 

Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ կիսվեց խաղից ստացած տպավորություններով և ձմռանը սպասվող համալրումների մասին: Գյուլբուդաղյանցը նաև պատասխանեց Լևոն Հայրապետյանի, Վիլիան Արաուժո Դոս Սանթոսի և Մաքսիմ Երմակովի մասին հարցերին:

 

Խաղի մասին

«Առաջին խաղակեսում ստացվում էր թե´ պրեսինգը, և թե կոմբինացիոն խաղը: Կարողացանք նաև գոլային պահեր ստեղծել և գոլեր խփել: Բայց երկրորդ խաղակեսում կարգապահությունն անհետացավ, ֆուտբոլիստների կողմից անհատական խաղի չարաշահում նկատվեց և հենց դրա համար երկրորդ խաղակեսն այնքան էլ հաջող չստացվեց: Կաշխատենք շտկել թերությունները»:

 

Լևոն Հայրապետյանի մասին

«Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանին, ապա նա արդեն վիրահատվել է: Նա մեր թիմի և Հայաստանի հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է և տա Աստված, որ շուտ վերադառնա: Եթե չեմ սխալվում, ապա խաչաձև կապանների վնասվածքից ապաքինումը տևում է 6 ամիս»:

 

Վիլիան Արաուժո Դոս Սանթոսի և Մաքսիմ Երմակովի մասին

«Մենք չենք հրաժարվել նրանց ծառայություններից: Այս խաղից հետո վերջնական որոշում կկայացնենք այդ ֆուտբոլիստների վերաբերյալ»:

 

Ձմռան անելիքների մասին

«Ձմռանը պետք է թիմը համալրենք 2-3 ֆուտբոլիստներով, որպեսզի ավելի մրցունակ դառնանք: Դրանք կլինեն և տեղացի ֆուտբոլիստներ և լեգիոներներ»:

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni