Փյունիկ — Արարատ՝ 3:3

DSC_4809

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության ետնապահ «Արարատին»:

Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը

Գոռ Մանուկյան — Սերոբ Գրիգորյան, Դիդյե Բորիս Կադիո, Արթուր Քարտաշյան, Արմեն Մանուչարյան — Կառլեն Մկրտչյան, Էրիկ Վարդանյան, Պետրոս Ավետիսյան — Ալիկ Առաքելյան, Ռոբերտ Հակոբյան — Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ

7՛ — Վարդան Արզոյանը հեռվից հարված կատարեց, բայց Գոռ Մանուկյանն իր տեղում էր:

17՛ — Դրիսա Դիարասուբան փոխանցում ստացավ Էրիկ Վարդանյանից և գնդակը հարմարեցնելով ձախ ոտքին՝ հարված կատարեց: Դրագոևիչն անզոր էր փրկել «Արարատին»:

24՛ — Ալիկ Առաքելյանը ձախ եզրից խաղարկելով գնդակը Պետրոս Ավետիսյանի հետ, ներխուժեց «Արարատի» տուգանային հրապարակ, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ընթացավ:

25՛ — Հաջորդ իսկ րոպեին Դիարասուբան հարվածային դիրք դուրս բերեց Ռոբերտ Հակոբյանին, ով էլ սառնասրտորեն գնդակն ուղարկելով Դրագոևիչի դարպասը, հաշիվը 2-0 դարձրեց:

28՛ — Պետրոս Ավետիսյանը տուգանայինից հարված կատարեց, սակայն հարվածը բարձր ընթացավ:

29՛ — Գևորգ Օհանյանի տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և լքեց խաղադաշտը:

48՛ — Ալիկ Առաքելյանը ձախ եզրից կրկին Ավետիսյանից փոխանցում ստանալուց հետո ներխուժեց «Արարատի» տուգանային հրապարակ, բայց Դրագոևիչը թույլ չտվեց, որպեսզի հաշիվը 3-0 դառնա:

52՛ — Արթուր Քարտաշյանն անհաջող հեռացրեց գնդակը, ինչից հետո գնդակին տիրած Գևորգ Օհանյանը կրճատեց հաշվի տարբերությունը:

57՛ — Ռաֆայել Սաֆարյանը տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Պետրոս Ավետիսյանի նկատմամբ և մրցավարը 11 մետրանոց նշանակեց, սակայն Դիարասուբայի հարվածը սուլոցին զուգահեռ եղավ և 11 մետրանոց հարվածի կարիք այլևս չեղավ. 3-1:

71՛ — Պետրոս Ավետիսյանի հարվածից հետո «Արարատի» պաշտպաններն անպաշտպան դարպասից հեռացրին գնդակը:

77՛ — Գևորգ Օհանյանը անկյունայինից փոխանցում կատարեց և Օրբելի Համբարձումյանը գլխի հարվածով հաշիվը 3-2 դարձրեց:

90՛ — Գևորգ Օհանյանն արագ խաղարկելով անկյունայինը, առաջ շարժվեց և ցածրից փոխանցում կատարեց «Փյունիկի» տուգանային հրապարակ, ինչից հետո Օրբելի Համբարձումյանն «Արարատին» փրկեց պարտությունից:

«Փյունիկն» այս խաղից հետո վաստկեց 21 միավոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:

Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները մարտի 17-ին սեփական հարկի տակ կընդունեն «Բանանցին»:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մեկնաբանությունը

Խաղի մասին՝

«2 տարբեր խաղակեսեր ստացվեց: Առաջին խաղակեսում ավելի կազմակերպված, հարձակվողական ոճի խաղ ցույց տվեցինք և գոլային պահեր ստեղծեցինք: Այսօր ռիսկի էինք դիմել: Էրիկ Վարդանյանի ձեռքի մատը կոտրված էր, բայց նա ցանկանում էր խաղալ: Երկրորդ խաղակեսում սակայն նրա փոխարեն խաղը շարունակեց Մարշալը: Այնքան էլ լավ չմտավ խաղի մեջ: Երևի ես սխալվեցի՝ նրան խաղադաշտ դուրս բերելով: Արարատն առավելություն ստացավ և կարողացավ 2 գնդակի տարբերությամբ պարտվելիս հավասարեցնել հաշիվը»:

Հաղթանակը բաց թողնելու մասին՝

«Չէի ասի, որ տղաները ժամանակից շուտ էին հավատացել իրենց հաղթանակին: Պարզապես Էրիկ Վարդանյանի փոխարինումից հետո նախաձեռնությանը տիրեց մրցակիցը, իսկ դրա պատճառն այն էր, որ Մարշալը չկարողացավ լավ մտնել խաղի մեջ»:

Դիարասուբայի մասին՝

«Դիարասուբայի որակներին ծանոթ եմ դեռևս «Փադիդեհը» մարզելու տարիներից, երբ նա խաղում էր այնտեղ: Նա նույնիսկ հարձակվող չէ, բայց կարողացավ օգտակար լինել թիմի համար: Ռոբերտ Հակոբյանը նոր է վնասվածքից ապաքինվել, իսկ Էրիկ Պետրոսյանը դեռ չի կարողանում մշտապես կայուն լավ խաղ ցուցադրել և այդ իսկ պատճառով Դիարասուբային կօգտագործեմ հարձակման գծում»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni