Փյունիկ — Գանձասար — Կապան ՝ 2:1

2Z7A7109

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»: Նախորդ 2 տուրերում «Շիրակից» և «Բանանցից» կրած պարտություններից հետո հաղթանակն այսօր օդի և ջրի նման էր անհրաժաշետ և փյունիկցիները կարողացան լուծել առջև դրված առաջադրանքը:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:
13. Վալերի Ոսկոնյան — 24. Բակար Բալդե, 19. Կառլեն Մկրտչյան, 4. Արամ Շախնազարյան, 5. Արմեն Մանուչարյան — 6. Նարեկ Ասլանյան, 30. Վահագն Հայրապետյան — 18. Ալիկ Առաքելյան, 10. Էրիկ Վարդանյան, 15. Մարատ Բուրաև — 20. Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ
16’. Վասպուրակ Մինասյանը հարվածային դիրք դուրս բերեց Ստևան Ժիվկովիչին, բայց վերջինիս հարվածը բարձր ընթացավ:

17’. Ալիկ Առաքելյանը հարվածեց, բայց նրա հարվածը որսաց Գրիգոր Մելիքսեթյանը:

34’. Էրիկ Վարդանյանը հարվածեց Դրիսա Դիարասուբայի փոխանցումից հետո, սակայն Վարդանյանի հարվածը թույլ էր և Գրիգոր Մելիքսեթյանը տիրեց գնդակին:

61’. Արմեն Մանուչարյանն աջ եզրից փոխանցում է կատարում Էրիկ Վարդանյանին և վերջինս բացում է խաղի հաշիվը:

69’. Ստևան Ժիվկովիչը ստացավ գնդակը «Փյունիկի» տուգանային հրապարակում և հարված կատարեց. գնդակը կողքից դիպավ ցանցին:

77’. Ալեքս Քրիստիան Ջունիորը գեղեցիկ անցումից հետո հավասարեցնում է խաղի հաշիվը:
89’. Ալիկ Առաքելյանը ձախ եզրից շարժվեց կենտրոն և փոխանացում կատարեց Դիարասուբային, ով էլ աջ ոտքով անկասելի հարված կատարելով հաղթանակ է պարգևում «Փյունիկին». 2-1:

Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 27 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Ապրիլի 15-ին կայանալիք 23-րդ տուրի խաղում «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում կհյուրընկալվի Արարատին: Խաղի մեկնարկը՝ 17:00:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

Խաղի մասին՝
«Նման եղանակային պայմաններում արհեստական խոտածածկի վրա խաղալը շատ դժվար էր 2 թիմերի համար էլ: Այդ իսկ պատճառով առաջին պլան էր գալիս բնավորությունը և կամային հատկանիշները: Չէի ասի, որ «Գանձասար-Կապանը» բնավորություն ցույց չտվեց: 2 թիմերն էլ արժանի էին հաղթանակի: Շնորհակալություն մեր տղաներին, որ բնավորություն և կամք ցույց տվեցին ու հաղթեցին: Դրանք, մեր հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներն էին այսօր»:
Կառլեն Մկրտչյանին կենտրոնական պաշտպանի դիրքում օգտագործելու մասին՝

«Դա հարկադրված որոշում էր: 5 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, իսկ Արթուր Քարտաշյանը որակազրկման պատճառով բացակայում էր: Միայն Արամ Շախնազարյանն էր կենտրոնական պաշտպանի դիրքում և այդ իսկ պատճառով խնդրեցինք Կառլեն Մկրտչյանին պաշտպանությունում խաղալ: Նա գերազանց կատարեց իր առաջադրանքը և հիմա լավ մարզավիճակում է»:

Լավագույն եռյակում հայտնվելու հնարավորության մասին՝

«Աղյուսակից երևում է, որ հնարավորություն ունենք, բայց ինձ ավելի շատ դուր եկավ այն, որ կարողացանք մեր ուզած խաղը խաղալ: Նախորդ 2 խաղերում խաղադաշտի որակը և շտպաողականությունը խանգարեց մեր տղաներին: Իսկ այսօր շատ ուրախ եմ, որ կարողացանք մեր ուզած խաղը ցուցադրել:

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝

«Պետրոս Ավետիսյանը և Գոռ Մանուկյանը դեռ պետք է երկար բուժում անցնեն և իմ կարծիքով հաջորդ խաղն էլ բաց կթողնեն:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած առանձնազրույցի մասին՝

«Բնական խոտածածկի վրա մարզումներ անցկացնելու հնարավորության մասին ենք խոսել: Ինչպես նաև պարոն Հայրապետյանը հետաքրքրվում էր Հայաստանի հավաքականի թեկնածու ֆուտբոլիստների մարզավիճակով»:

Ազգային հավաքականը գլխավորելու հավանականության մասին՝

«Դրա մասին խոսակցություն չի եղել»:

 

gorv