Փյունիկ ակումբի տեխնիկական տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 7 օրյա գործուղման էր մեկնել Իսպանիա, որտեղ իր ուսումնամարզական հավաքն էր անցկացնում Կրասնոդարի Կուբանը: Իր ուղևորության գլխավոր նպատակների մասին Վարդան Մինասյանը խոսեց ակումբի պաշտոնական կայքին տրված հարցազրույցում:
-Պարոն Մինասյան, Դուք ուղիղ մեկ շաբաթ ներկա գտնվեցիք Կուբան ակումբի ուսումնամարզական հավաքին, ինչպիսի խնդիր էր դրված Ձեր առջև և ինչ տպավորություն ստացաք հավաքից:
-Բնականաբար, իմ առաջնահերթ նպատակը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի հետ հանդիպումն էր, նրան նոր միջավայրում տեսնելը: Ռուսաստանի Պրեմիեր Լիգան բոլորովին այլ մակարդակ է և ինձ համար կարևոր էր նաև տեսնել, թե ինչպես է Մարկոսն անցկացնում իր մարզումները նոր ակումբում, ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչ մարզավիճակում է տվյալ պահին:
– Եվ ինչ գնահատական կարող եք տալ:
- Կարող եմ ասել, որ նա շատ լավ էր իրեն զգում նոր միջավայրում և որպես իսկական պրոֆեսիոնալ հստակ կատարում էր այն աշխատանքը, որը հանձնարարվում էր մարզչական շտաբի կողմից: Պատահական չէ, որ Կուբանի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ես նշեցի, որ Մարկոսը կարող է հաջող խաղալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Նա ունի բոլոր նախադրյալները լավ հանդես գալու համար:
– Բացի Մարկոսից այնտեղ էր նաև փյունիկցի Ղուկաս Պողոսյանը:
-Այո, երկու ակումբների միջև կար նախնական պայմանավորվածություն, որ Փյունիկի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը մեկ շաբաթով մեկնի ուսումնամարզական հավաքի և մասնակցի Կուբանի մարզումներին: Հենց սկզբից ասեմ, որ Կուբանում նրա մնալ-չմնալու հարցը դրված չէր: Ղուկասը պետք է մարզվեր, մերվեր նոր միջավայրին, հարմարվեր ավելի բարձր մակարդակի թիմում ամենօրյա երկու մարզումների ծանրաբեռնվածությանը: Կարող եմ ասել, որ Ղուկաս Պողոսյանը լիովին դրսևորեց իր ունակությունները և կարողացավ տպավորություն ստեղծել Կուբանի մարզիչների մոտ: Այնպես որ չեմ բացառում, որ հետագայում Ղուկասին ևս մեկ անգամ հրավիրեն կրասնոդարյան թիմ:
– Նման գործուղումները կարևորում եք:
-Իհարկե կարևորում եմ: Նախկինում ես ակումբում և հավաքականում մարզումների հետ կապված ծանրաբեռնվածության պատճառով չէի կարող նման կարգի գործուղումների մեկնել, սակայն հիմա հնարավորությունը պետք է իրագործել: Բացի Մարկոսին հետևելուց, անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես է ռուսական թիմը կազմակերպում իր նախապատրաստական փուլը, ինչպիսի ծանրաբեռնվածության մարզումներ է անցկացնում, ինչ նորամուծություններ կան: Սրանք պակաս կարևոր հարցեր չեն, որոնք անհրաժեշտ են ցանկացած մարզչի համար:


