0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

20 ապրիլ, 14:00, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 28-րդ տուր

1-ին շրջան (Տուր 1). 03.10.2018 «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» 0-1 Գոլ՝ Դրիսսա Դիարասուբա, 48 (0-1)

2-րդ շրջան (Տուր 10). 30.09.2018 «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 1-2 Գոլեր՝ Ռուսլան Կորյան, 72 (0-1), Մաքսիմ Ժեստոկով, 86 (0-2), Միհրան Մանասյան, 92 (1-2)

3-րդ շրջան (Տուր 19). 02.12.2018 «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» 1-3 Գոլեր՝ Միհրան Մանասյան, 17, 11մ (0-1), Գևորգ Օհանյան, 69 (0-2), Լուբամբո Մուսոնդա, 72 (0-3), Էրիկ Վարդանյան, 89, 11մ (1-3)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում սկսվում է վերջին՝ 4-րդ խաղաշրջանը, որը խոստանում է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Այս պահին մրցանակային տեղերի համար պայքարում են միանգամից 5 թիմեր և որևէ կասկած չկա, որ մինչև վերջին պահը թիմերի միջև ընթանալու է անզիջում պայքար: Հենց այս 9 տուրերի արդյունքներով էլ վերջնականապես կուրվագծվի մրցաշարային աղյուսակի ամփոփիչ տեսքը:

«Փյունիկն» այս պահին մրցաշարային աղյուսակում ընթանում 3-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 40 միավոր և ընդամենը 3 միավորով է զիջում առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»:

Առաջնությունում անցկացրած իր վերջին խաղում «Փյունիկը» կարողացավ «Արարատի» դեմ հանդիպման խաղավերջում հաղթանակ կորզել և արտագնա խաղերում իր վաստակած միավորների թիվը հասցրեց 27-ի: Դա առաջնության թիմերի մեջ լավագույն արդյունքն է:

Եթե ամփոփենք նախորդ 3 խաղաշրջաններում մեր թիմի ելույթները, ապա նշենք, որ 1-ին խաղաշրջանը «Փյունիկը» 15 միավորով ավարտեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում, 2-րդ խաղաշրջանը՝ 27 միավոր (2-րդ տեղ) և 3-րդ խաղաշրջանը՝ 40 միավոր (3-րդ տեղ):

Նաև ընդգծենք, որ «Փյունիկը» առաջնության ընթացքում 2 անգամ՝ 5-րդ և 10-րդ տուրերից հետո կարողացել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ինչ վերաբերում ընթացիկ առաջնությունում մեր թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին, ապա «Փյունիկի» ռմբարկուն Էրիկ Վարդանյանն է (6 գոլ): 4-ական գոլ են խփել Ռումյան Հովսեփյանն ու Մոհամեդ Կոնատեն:  

Նախորդ տուրում «Փյունիկն» ազատ էր հանդիպումներից, իսկ 28-րդ տուրում մեր թիմը հյուրնկալվելու է «Գանձասար-Կապանին»: Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» բացասական հաշվեկշիռ ունի կապանյան թիմի դեմ խաղերում (1 հաղթանակ, 2 պարտություն), ընդ որում, 2 պարտությունն էլ մեր թիմը կրել է սեփական հարկի տակ:

Թիմերի առաջին հանդիպումը կայացավ նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին, Բարձրագույն խմբի 10-րդ տուրում, որտեղ «Փյունիկը» հյուրնկալվելիս կարողացավ 2-1 հաշվով հաղթել «Գանձասար-Կապանին»: Այդ խաղում մեր թիմի կազմում աչքի ընկան Ռուսլան Կորյանն ու Մաքսիմ Ժեստոկովը:

Ընդամենը 3 օր անց թիմերը նորից հանդիպեցին միմյանց հետ, այս անգամ արդեն 1-ին տուրի հետաձգված խաղում, որը օգոստոսի 5-ին չէր կայացել Եվրոպա լիգայում «Փյունիկի» մասնակցության պատճառով: Խաղը տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Գանձասար-Կապանը» կարողացավ 1-0 հաշվով հաղթանակ տանել: Միակ գոլի հեղինակը դարձավ Դրիսսա Դիարասուբան, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս մեր թիմում:

Առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում, որը կայացավ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին,  «Փյունիկը» անհաջող հանդես եկավ՝ «Հանրապետական» մարզադաշտում պարտվելով 1-3 հաշվով: Մեր թիմի միակ գնդակը խաղավերջում 11մ հարվածով խփեց Էրիկ Վարդանյանը:

Թիմերի միջև առաջնության 4-րդ հանդիպումը կկայանա վաղը՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում և կսկսվի ժամը 14-00-ին:

Հատկանշական է, որ առաջիկա խաղում մեր թիմը հանդես կգա ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ, ով օրեր առաջ պաշտոնապես նշանակվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

Վերջին նորություններ