«Փյունիկ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

5 մայիս, 16:00, Էջմիածին, ֆուտբոլի ակադեմիա, 31-րդ տուր

1-ին շրջան (Տուր 4). 22.08.2018 «Շիրակ» - «Փյունիկ» 1-2 Գոլեր՝ Էդեր Սմիթ Առեոլա, 2 (1-0), Էրիկ Վարդանյան, 46 (1-1), Մոհամեդ Կոնատե, 64 (1-2)

2-րդ շրջան (Տուր 13). 28.10.2018 «Փյունիկ» - «Շիրակ» 1-1 Գոլեր՝ Մուսա Փոլ Բակայոկո, 15 (0-1), Մաքսիմ Ժեստոկով, 92 (1-1)

3-րդ շրջան (Տուր 22). 10.03.2019 «Շիրակ» - «Փյունիկ» 0-2 Գոլեր՝ Էրիկ Վարդանյան, 78 (0-1), Սերգեյ Շևչուկ, 87 (0-2)

Նախորդ տուրում հյուրընկալվելիս «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած 4-1 հաշվով գերազանց հաղթանակից հետո, «Փյունիկը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Ընդ որում, մեր թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, որից 3-ը՝ Ալեքսանդր Թարխանովի գլխավորությամբ և տևական ընդմիջումից հետո կրկին գլխավորեց Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Վերջին անգամ մեր թիմն այդ պատվին արժանացել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 10-րդ տուրից հետո «Փյունիկն» ընթանում էր 1-ին տեղում:

Ընդհանուր առմամբ, ընթացիկ առաջնության գարնանային հատվածի առաջին 10 հանդիպումներում «Փյունիկը» վաստակել է 22 միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի): 2012/13թթ. մրցաշրջանից սկսած՝ աշուն/գարուն մրցակարգով անցկացվող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում, սա «Փյունիկի» լավագույն արդյունքն է գարնանային հատվածում: Համեմատության կարգով նշենք, որ այս տարվա առաջին 10 հանդիպումներում մեր թիմն ավելի շատ միավոր է վաստակել, քան 2014/15թթ. «Փյունիկի» առայժմ վերջին չեմպիոնական մրցաշրջանի գարնանային հատվածում, երբ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ՝ մեր թիմն առաջին 10 հանդիպումներում վաստակել էր 21 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնության առաջիկա՝ 31-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ուժերը կչափի Գյումրիի «Շիրակի» հետ: Վերջինիս հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում մեր թիմն անպարտելի է՝ տանելով 2 հաղթանակ և 1 հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի:

Հատկանշական է, որ ընթացիկ առաջնությունում մեր թիմը հյուրընկալվելիս իր առաջին հաղթանակը տարել է հենց «Շիրակի» նկատմամբ: Նախորդ տարվա օգոստոսի 22-ին, «Փյունիկը» երկրորդ կեսում՝ Էրիկ Վարդանյանի և Մոհամեդ Կոնատեի խփած գոլերի շնորհիվ կարողացավ 2-1 հաշվով կամային հաղթանակ տանել Գյումրիում:

Թիմերի միջև 2-րդ խաղաշրջանում կայացած խաղում, «Փյունիկը» հանդիպման ավելացված ժամանակում Մաքսիմ Ժեստոկովի խփած գոլի շնորհիվ կարողացավ խույս տալ պարտությունից: Ավելորդ չէ նշել, որ այդ խաղում մրցակցի հետ բախման արդյունքում ծանր վնասվածք ստացավ մեր թիմի պաշտպան Վիտալի Ստեժկոն: 

«Փյունիկի» և «Շիրակի» միջև վերջին հանդիպումը կայացավ այս տարվա մարտի 10-ին: Մեր թիմը կրկին կարողացավ հաղթանակ տանել Գյումրիում, այս անգամ արդեն 2-0 հաշվով: «Փյունիկի» կազմում աչքի ընկան Էրիկ Վարդանյանն ու Սերգեյ Շևչուկը: Ընդ որում, ընթացիկ առաջնությունում Գյումրիում կայացած 2 հանդիպումներում էլ մեր թիմի հաղթանակների սկիզբը դրեց Էրիկ Վարդանյանը:

Նշենք, որ «Շիրակի» դեմ հանդիպումը կկայանա Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին:

Վերջին նորություններ