«Փյունիկ» - «Շիրակ» 2-0 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրում «Փյունիկն» ընդունել էր Գյումրիի «Շիրակին»:

Նախորդ հանդիպման համեմատ Ալեքսանդր Թարխանովը մեր թիմի մեկնարկային կազմում կատարել էր մեկ փոփոխություն. Սերոբ Գրիգորյանի փոխարեն՝ ասպարեզ էր դուրս եկել Վյաչեսլավ Դմիտրիևը:

Հանդիպման մեկնարկից դեռ վայրկյաններ էին անցել, երբ «Շիրակը» կարող էր բացել խաղի հաշիվը: Արտյոմ Գևորգյանը մեն-մենակ դուրս եկավ Անդրիյա Դրագոևիչի դեմ և նրա հարվածից հետո գնդակը ուղղահայաց դարպասաձողի կողքով դուրս անցավ դաշտի սահմաններից: Այդ ընթացքում «Շիրակի» ֆուտբոլիստը բախվել էր մեր դարպասապահի հետ և երկու խաղացողներին էլ օգնություն ցուցաբերվեց:

3-րդ րոպեին «Փյունիկի» արագ հակագրոհը կարող էր հաջող ավարտ ունենալ, սակայն Էրիկ Վարդանյանի վերջին փոխանցումը կարողացավ խափանել «Շիրակի» պաշտպանը:

Այդուհանդերձ, ընդամենը 2 րոպե անց մեր թիմին հաջողվեց արագորեն առաջ անցնել հաշվի մեջ: Սերգեյ Շևչուկը անկյունայինից գնդակը փոխանցեց «Շիրակի» տուգանային հրապարակ, որտեղ Մաքսիմ Ժեստոկովը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1-0:

Հանդիպման բուռն մեկնարկից հետո խաղը փոքր ինչ հանգստացավ և խաղն ընթանում էր առանց գոլային պահերի:

22-րդ րոպեին Մուսա Փոլ Բակայոկոն տուգանայինի մատույցներից կատարած հարվածով փորձեց հաջողության հասնել, սակայն Անդրիյա Դրագոևիչն իր տեղում էր:

5 րոպե անց, արդեն մեր թիմի ավագ Ռումյան Հովսեփյանի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից:

29-րդ րոպեին վտանգավոր պահ ստեղծվեց «Փյունիկի» տուգանային հրապարակում, բայց, բարեբախտաբար, Արտյոմ Գևորգյանի ընկած դիրքից կատարած հարվածը թույլ ստացվեց:

32-րդ Էրիկ Վարդանյանի հեռվից կատարած ուժեղ հարվածից հետո գնդակը բաժին հասավ «Շիրակի» դարպասապահ Վսեվոլոդ Երմակովին:

39-րդ րոպեին կարող էր բախտը ժպտալ «Շիրակին», երբ Ժիրայր Մարգարյանի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը չնչին շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից: Անդրիյա Դրագոևիչը ոչինչ անել չէր կարող այդ դրվագում և միայն հայացքով ուղեկցեց գնդակը:

Ընդմիջման գնալուց առաջ, այս անգամ արդեն «Շիրակը» փրկվեց 2-րդ գոլից: Էրիկ Վարդանյանի և Արթուր Միրանյանի խաղարկած գերազանց կոմբինացիայից հետո, գնդակը հայտնվեց Ուսման Մոհամեդի մոտ և նրա վտանգավոր հարվածը մի փոքր բարձր ստացվեց:

Երկրորդ կեսի սկզբում, դրվագներից մեկում թվաց, թե Արթուր Միրանյանին ընդառաջ դուրս եկած «Շիրակի» դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը տուգանայինի հրապարակից դուրս ձեոքով էր խաղացել, սակայն գլխավոր մրցավարը գտավ, որ այդ դրվագում խախտում չկար:

50-րդ րոպեին անկյունայինից հետո «Շիրակը» լավ պահ ուներ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Մարկո Պրլևիչի գլխի հարվածից հետո գնդակն ընթացավ ուղիղ Անդրիյա Դրագոևիչի ձեռքերի մեջ:

56-րդ րոպեին հյուրերը նորից սպառնացին «Փյունիկի» դարպասին, երբ Արտյոմ Գևորգյանի ուժեղ հարվածից հետո Դրագոևիչը երկրորդ փորձից կարողացավ տիրել գնդակին: 

61-րդ րոպեին «Շիրակը» հրաշքով փրկվեց բաց թողած գոլից: Ուսման Մոհամեդի հարվածից հետո Երմակովը հետ մղեց գնդակը, որը հայտնվեց Սերգեյ Շևչուկի մոտ և վերջինս հարվածեց դեպի անպաշտպան դարպասը, սակայն գնդակի ճանապարհին կանգնեց Արամ Շախնազարյանը, որից հետո անդրադարձով գնդակը դիպչեց նաև հորիզոնական դարպասաձողին և չհայտնվեց դարպասում:

77-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Արթուր Միրանյանը կարող էր կրկնապատկել խաղի հաշիվը, սակայն նրա մոտ տարածությունից գլխով հարվածից հետո Երմակովը հիանալի ռեակցիա դրսևորեց և փրկեց իր թիմին:

79-րդ րոպեին «Փյունիկը» նորից լավ պահ ուներ, երբ Սերգեյ Շևչուկի անկյունային փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Ռումյան Հովսեփյանի մոտ և նրա ուժգին հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին:

Մեր թիմն ամեն կերպ փորձում էր խփել 2-րդ գոլը և հանել այս խաղում հաղթողի հարցը:

Ի վերջո, 89-րդ րոպեին Էրիկ Վարդանյանի և Սերգեյ Շևչուկի ձեռնարկած արագ հակագրոհի արդյունքում, Շևչուկը նուրբ փոխանցումով գնդակը հասցեագրեց Արթուր Միրանյանին և վերջինս մեկ հպումով գնդակն ուղարկեց «Շիրակի» դարպասն ու վերջակետ դրեց հանդիպմանը՝ 2-0: 

«Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և առաջնության ավարտից 5 տուր առաջ շարունակում է պայքարը չեմպիոնի կոչման համար:

Վերջին նորություններ