0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Արցախ» - «Փյունիկ» 0-3 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 32-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Արցախին»:

Այս խաղին մեր թիմը մոտեցել էր առաջնության միանձնյա առաջատարի կարգավիճակով և լի էր վճռականությամբ՝ տանելու հերթական հաղթանակը:

Նախորդ խաղի համեմատ՝ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկի» մեկնարկային կազմում կատարել էր 3 փոփոխություն. հենց առաջին րոպեներից խաղադաշտ էին դուրս եկել Ռոբերտ Հակոբյանը, Սերոբ Գրիգորյանը, Մոհամեդ Կոնատեն, ովքեր փոխարինել էին Վյաչեսլավ Դմիտրիևին, Արմեն Մանուչարյանին և Ուսման Մոհամեդին: Վերջին երկուսն, ընդհանրապես, բացակայում էին հայտացուցակից:

10-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց արագորեն բացել խաղի հաշիվն այս խաղում. Սերգեյ Շևչուկը անկյունայինից գնդակը փոխանցեց «Արցախի» տուգանային հրապարակ և Քրիստի Մարկուն գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը` 0-1: Դա մեր թիմի ալբանացի պաշտպանի անդրանիկ գոլն էր «Փյունիկի» կազմում:

23-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց նաև կրկնապատկել իր առավելությունը: Կրկին անկյունային խաղարկումից հետո, այս անգամ էլ գլխի հարվածով հաջողության հասավ Մաքսիմ Ժեստոկովը՝ այս մրցաշրջանում խփելով իր 5-րդ գոլը «Փյունիկի» կազմում: Ավելորդ չէ նշել, որ գոլային փոխանցման հեղինակը նորից Սերգեյ Շևչուկն էր, ով վերջին 2 հանդիպումներում կատարեց իր 4-րդ գոլային փոխանցումը:

34-րդ րոպեին մեր թիմը կարող էր արդեն առաջին կեսում լուծել բոլոր հարցերը, երբ կրկին Սերգեյ Շևչուկի ձախ թևից կատարած փոխանցումից հետո, Մոհամեդ Կոնատեն գտնվելով հսկողության տակ, կարողացավ մոտ տարածությունից հարվածել դեպի դարպասը, սակայն «Արցախի» դարպասապահը փրկեց իր թիմին այդ դրվագում:

37-րդ րոպեին արդեն «Արցախն» ուներ գերազանց հնարավորություն հաշիվը կրճատելու համար, սակայն Վարդան Բակալյանը անչափ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:

Իսկ 39-րդ րոպեին հաշիվը դարձավ՝ 0-3. Սերգեյ Շևչուկն ու Սերոբ Գրիգորյանը խաղարկեցին գնդակը և վերջինս փոխանցեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ գնդակին առաջինը հասավ Մոհամեդ Կոնատեն և մեկ հպումով այն ուղարկեց «Արցախի» դարպասը:  

Ընդամենը 1 րոպե անց կարող էր հաջողության հասնել Սերգեյ Շևչուկը, սակայն նրա հարվածից հետո Սամուր Աղամագոմեդովը կարողացավ մատների ծայրերով գնդակը դուրս հանել անկյունային:

Մինչև ընդմիջում, «Արցախն» ուներ ևս մեկ լավ հնարավորություն հաջողության հասնելու համար, սակայն Էդուարդ Ավագյանի հարվածը շատ անհաջող ստացվեց:

Երկրորդ կեսում առաջին վտանգավոր հարվածը կատարեցին «Արցախի» ֆուտբոլիստները, երբ Բենիկ Հովհաննիսյանի հարվածն անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով:

63-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը գնդակով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, դուրս եկավ հարվածային դիրք ու կարող էր անձամբ եզրափակել, բայց գնդակը փոխանցեց Արթուր Միրանյանին և վերջինս չկարողացավ օգտվել հիանալի հնարավորությունից ու 3-րդ խաղում անընդմեջ դառնալ գոլի հեղինակ:

67-րդ րոպեին «Փյունիկը» կրկին գերազանց հնարավորություն ուներ խփելու 4-րդ գոլը: Էրիկ Վարդանյանը գնդակը խաղարկելով Սերգեյ Շևչուկի հետ, ստացավ պատասխան փոխանցումն ու միանգամից հարվածեց դեպի անպաշտպան դարպասը, սակայն գնդակն անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով:

89-րդ րոպեին «Արցախի» կազմում փոխարինման մտած Էդգար Մովսեսյանը մեն-մենակ դուրս եկավ մեր թիմի դարպասի դիմաց, սակայն նրա հարվածից հետո Անդրիյա Դրագոևիչը հուսալի խաղով անառիկ պահեց «Փյունիկի» դարպասը:

Երկրորդ կեսում այդպես էլ խփված գոլեր չեղան ու հաշիվն անփոփոխ մնաց՝ 0-3:

«Փյունիկն» իր 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու առաջնության ավարտից 4 տուր առաջ շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Վերջին նորություններ