700-րդ խաղը Հայաստանի առաջնությունում. «Փյունիկ» - «Արցախ» խաղին ընդառաջ

16 մարտ, 14:00, Երևան, «Փյունիկ» մարզադպրոցի խաղադաշտ, 23-րդ տուր

1-ին շրջան (Տուր 5). 26.08.2018 «Փյունիկ» - «Արցախ» 2-0 Գոլեր՝ Ռումյան Հովսեփյան, 35, 11մ (1-0), Էրիկ Վարդանյան, 58 (2-0)

2-րդ շրջան (Տուր 14). 31.10.2018 «Արցախ» - «Փյունիկ» 0-0

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Անդրեյ Տալալաևի սաները սեփական հարկի տակ կմրցեն «Արցախի» հետ: Մեր թիմը լավ տրամադրությամբ է մոտենում առաջիկա հանդիպմանը, քանի որ նախորդ տուրում «Փյունիկը» կարողացավ Գյումրիում կարևոր 3 միավոր ձեռք բերել «Շիրակի» դեմ խաղում և շարունակում է ընթանալ առաջատարների թվում: Այս պահին մրցաշարային աղյուսակում մեր թիմից առաջ են միայն «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան», որոնց հետ միավորների տարբերությունը չնչին է:

«Արցախի» դեմ կայանալիք խաղում, «Փյունիկն», անկասկած, դիտարկվում է հանդիպման ֆավորիտ: Սակայն ինչպես ցույց են տալիս Բարձրագույն խմբի այս մրցաշրջանի հանդիպումները, առաջնությունում թույլ մրցակիցներ չկան և մեր թիմի ֆուտբոլիստներն այս խաղում կփորձեն ներդնել ողջ ուժերը՝ խուսափելու անտեղի միավորներ կորցնելուց:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» ու «Արցախն» արդեն 2 անգամ հանդիպել են միմյանց հետ. Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում Ռումյան Հովսեփյանի և Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ կարողացավ առավելության հասնել 2-0 հաշվով:

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կայացավ 14-րդ տուրում, որտեղ «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ի դեպ, հենց այդ հանդիպման երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում, մրցակցի հետ բախման արդյունքում ծնոտի կոտրվածք ստացավ մեր թիմի ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևն, ով մինչ օրս շարունակում է ապաքինվել:

Ավելացնենք, որ «Արցախի» դեմ հանդիպումը «Փյունիկի» համար կլինի հոբելյանական 700-րդ խաղը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Վերջին նորություններ