0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Արցախ». 700-րդ խաղը և այն հաղթական եղավ (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արցախին»:

Մեր թիմն առաջին իսկ րոպեներից տիրեց նախաձեռնությանը: Առաջին հարվածը մրցակցի դարպասին կատարեց Վյաչեսլավ Դմիտրիևը: 10-րդ րոպեին Մոհամեդ Կոնատեն կարողացավ դարպասապահից մեկ ակնթարթ շուտ հասնել գնդակին և այն փոխանցեց դեպի Արթուր Միրանյանը, սակայն մրցակցի պաշտպանն ավելի արագ գտնվեց և գնդակը հեռացրեց տուգանայինի մատույցներից:

16-րդ րոպեին «Փյունիկը» իրական գոլային պահ ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, երբ անկյունայինի խաղարկումից հետո Վիտալի Ստեժկոյի ընթացքից կատարած հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում:

25-րդ րոպեին «Արցախի» ֆուտբոլիստները վտանգավոր պահ ստեղծեցին, բայց մեր թիմի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը կարողացավ ժամանակին ընդառաջ դուրս գալ մրցակցի խաղացողին և չեզոքացրեց սպառնալիքը:

Իսկ 28-րդ րոպեին մեր թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը. Մարկու Քրիստին ձախ թևից հաշվենկատ փախանցումով գնդակը կախեց «Արցախի» տուգանային հրապարակ և այնտեղ հերթապահող Մոհամեդ Կոնատեն գլխի անկասելի հարվածով առաջ մղեց «Փյունիկին»:

Առաջին կեսի ավելացված ժամանակում, մեր թիմը լավ հնարավորություն ուներ ընդմիջման գնալ երկու գնդակի առավելությամբ, սակայն Վյաչեսլավ Դմիտրիևը գտնվելով լավ դիրքում մոտ տարածությունից շատ բարձր հարվածեց:

Երկրորդ կեսի մեկնարկն ակտիվությամբ փոքր-ինչ զիջեց առաջինին: 57-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի հեռվից կատարած հուժկու հարվածից հետո հյուրերի դարպասապահը փրկեց իր թիմին:

6 րոպե անց, Արթուր Միրանյանը կարող էր կրկնապատկել խաղի հաշիվը, բայց հիանալի դիրքից գլխով բարձր հարվածեց:

«Արցախի» ֆուտբոլիստները լավ հնարավորություն ունեին հավասարեցնելու խաղի հաշիվը, երբ 76-րդ րոպեին Բենիկ Հովհաննիսյանի տուգանայինից կատարած ուժեղ հարվածից հետո Անդրիյա Դրագոևիչը հիանալի ցատկով փրկեց մեր թիմին: 

Քիչ անց, Արթուր Միրանյանի փոխանցումից հետո մրցակցի ֆուտբոլիստը քիչ մնաց գրավեր սեփական դարպասը:

Խաղավարտից 6 րոպե առաջ, մեր թիմը ևս մեկ հիանալի հնարավորություն ստացավ կրկնապատկել խաղի հաշիվը, բայց Ալիկ Առաքելյանը մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ շատ բարձր հարվածեց:

Իսկ հանդիպման վերջին րոպեին, Էրիկ Վարդանյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և գնդակը հասցեագրեց Արթուր Միրանյանին, բայց վերջինս շատ թույլ հարվածեց և կորցրեց հիանալի պահը:  

«Փյունիկը» Մոհամեդ Կոնատեի խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով հաղթել «Արցախին» և շարունակում է ընթանալ առաջատարների թվում:

Վերջին նորություններ