0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Արարատ» - «Փյունիկ» 1-2 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Արարատին»:

Նախորդ հանդիպման համեմատ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Յուրի Նագայցևը մեր թիմի մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն. Վիտալի Ստեժկոյի, Դենիս Տալալայի, Ուսման Մոհամեդի, ինչպես նաև որակազրկված Քրիստի Մարկուի փոխարեն՝ առաջին րոպեներից ասպարեզ էին դուրս եկել Սերգեյ Կոլիչևը, Մաքսիմ Ժեստոկովը, Ռումյան Հովսեփյանը և Կառլեն Մկրտչյանը:

Հանդիպման մեկնարկային րոպեներն ընթացան ակտիվ պայքարում և երկու թիմերն էլ փորձեցին վտանգավոր գրոհներով սպառնալ միմյանց դարպասին:

«Փյունիկի» կազմում Արմեն Մանուչարյանը և Սերգեյ Շևչուկը խաղի առաջին 10 րոպեների ընթացքում 2 անգամ հեռահար հարվածներով սպառնացին «Արարատի» դարպասին, բայց դաշտի տերերի դարպասապահ Պետրուշչենկովը երկու դեպքում էլ առանց մեծ դժվարության տիրեց գնդակին:

Իսկ ահա 15-րդ րոպեին գնդակը հրաշքով չհայտնվեց «Փյունիկի» դարպասում, երբ «Արարատի» արագ հակագրոհի արդյունքում Անդրանիկ Քոչարյանի ուժեղ հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, իսկ Սարգիս Շահինյանը չկարողացավ անդրադարձից հետո գնդակն ուղարկել «Փյունիկի» դարպասը:

3 րոպե անց, «Փյունիկի» ձեռնարկած հրաշալի գրոհից հետո Սերգեյ Շևչուկը գնդակը բարձրից փոխանցեց «Արարատի» տուգանային հրապարակ և Ալիկ Առաքելյանի գլխով կատարած հարվածից հետո «Արարատի» դարպասապահը փրկեց իր թիմին:

21-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մաքսիմ Ժեստոկովի մոտ տարածությունից գլխով կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

Առաջին կեսում գնդակն ավելի շատ տնօրինում էր «Փյունիկը», սակայն գրոհի զարգացման փուլում մի փոքր շտապողականություն էր նկատվում մեր թիմի ֆուտբոլիստների գործողություններում:

36-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը ձախ թևից արագությամբ մեն-մենակ դուրս եկավ «Արարատի» դարպասապահի դեմ, սակայն նրա հարվածից հետո Պետրուշչենկովը փրկեց դրությունը:

Առաջին կեսում երկու թիմերն այդպես էլ չկարողացան գտնել միմյանց դարպասի բանալին և ընդմիջման գնացին առանց խփած գոլերի:

Երկրորդ կեսում առաջին լուրջ սպառնալիքը ստեղծեցին մեր ֆուտբոլիստները. Կառլեն Մկրտչյանը գնդակը փոխանցեց Ռումյան Հովսեփյանին և վերջինիս հուժկու հարվածից հետո «Արարատի» դարպասապահը հորիզոնական դարպասաձողի օգնությամբ փրկեց իր թիմին վերահաս գոլից:

60-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը կրկին կարող էր առաջ մղել «Փյունիկին», բայց այս անգամ էլ նրա հարվածից հետո Պետրուշչենկովը ֆանտաստիկ ռեակցիա դրսևորեց և փրկեց «Արարատին»:

Թվում էր, թե մեր թիմի համառությունը կպսակվի հաջողությամբ, սակայն 76-րդ րոպեին տեղի ունեցավ անցանկալին. Մաքսիմ Ժոստոկովը խախտեց կաննոները սեփական տուգանային հրապարակում և մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Արտյոմ Սիմոնյանի հարվածն անվրեպ էր և «Արարատը» առաջ անցավ հաշվի մեջ:   

Առաջնության հետնապահի հետ միավորների կորուստը, բնականաբար, չէր մտնում մեր թիմի ծրագրերի մեջ և «Փյունիկը» հանդիպման վերջնամասում մեծ ուժերով առաջ նետվեց:

Յուրի Նագայցևը հարձակման գիծը ուժեղացնելու համար խաղադաշտ դուրս բերեց Էրիկ Վարդանյանին և այդ փոփոխությունն, ինչպես հետագայում երևաց՝ բեկումնային եղավ այս խաղում:

83-րդ րոպեին հենց Էրիկ Վարդանյանը պատ խաղարկելով Ռումյան Հովսեփյանի հետ մտավ «Արարատի» տուգանային հրապարակ և գնդակը փոխանցեց մյուս փոխարինման մտած ֆուտբոլիստին՝ Ուսման Մոհամեդին և վերջինիս մնում էր միայն գրավել անպաշտպան դարպասը՝ 1-1:   

Խաղավարտից 4 րոպե առաջ «Փյունիկը» հիանալի հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, երբ Էրիկ Վարդանյանի աջ թևից կատարած փոխանցումից հետո «Արարատի» տուգանային հրապարակում հսկողությունից դուրս մնացած Դենիս Տալալայի հարվածը հրաշքով չհայտնվեց դարպասում:

Քիչ անց Արմեն Մանուչարյանի աջ թևից կատարած փոխանցումից հետո Կառլեն Մկրտչյանը կարող էր աչքի ընկնել, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո Պետրուշչենկովը նորից իր տեղում էր:

Իսկ հանդիպման վերջին րոպեին մեր թիմին վերջապես հաջողվեց հաղթանակ կորզել այս խաղում. Էրիկ Վարդանյանը մեն-մենակ դուրս գալով Պետրուշչենկովի դեմ կարողացավ սառնասրտորեն գրավել «Արարատի» դարպասը և շատ կարևոր 3 միավոր պարգևել իր թիմին՝ 1-2:

Ավելացված ժամանակում «Արարատը» լավ հանարավորություն ուներ հավասարեցնելու հաշիվը, սակայն այս անգամ էլ հերոսացավ մեր դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը՝ անձնուրաց խաղով նպաստելով մեր թիմի հաղթանակին:

«Փյունիկը» հաջող փոխարինումների և կամային բարձր հատկանիշների շնորհիվ կարողացավ 2-1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տանել և մնաց առաջնության առաջատարների թվում:

Վերջին նորություններ