0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 0-1 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Գանձասար-Կապանին»:

Հանդիպումը հատկանշական էր նրանով, որ Անդրեյ Տալալաևի հեռանալուց հետո, մեր թիմի ղեկը ստանձնել էր ռուս ճանաչված մասնագետ Ալեքսանդր Թարխանովն, ով օրերս էր պաշտոնապես նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ի տարբերություն «Արարատի» դեմ նախորդ հանդիպման՝ «Փյունիկի» մեկնարկային կազմում տեղի էր ունեցել միանգամից 6 փոփոխություն. Արմեն Մանուչարյանի, Սերգեյ Կոլիչևի, Վյաչեսլավ Դմիտրիևի, Ռումյան Հովսեփյանի, Մաքսիմ Տրուսևիչի և Սերգեյ Շևչուկի փոխարեն՝ հենց առաջին րոպեներից խաղադաշտ էին դուրս եկել Վիտալի Ստեժկոն, Դենիս Տալալայը, Ուսման Մոհամեդը, Էրիկ Վարդանյանը, Սերոբ Գրիգորյանն ու Ռոբերտ Հակոբյանը: Վերջին երկուսն, ընդհանրապես, այս տարի առաջին անգամ էին հայտնվել «Փյունիկի» մեկնարկային կազմում:

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին դաշտի տերերը. Գևորգ Օհանյանն անկյունային փոխանցումով գնդակը կախեց մեր թիմի տուգանային հրապարակ և Աշոտ Կարապետյանի գլխով կատարած հարվածից հետո գնդակը սուրաց հորիզոնական դարպասաձողի վրայով:

14-րդ րոպեին «Փյունիկը« լավ գրոհ ձեռնարկեց, բայց Ալիկ Առաքելյանի աջ թևից կատարած վերջին փոխանցումը բարձր ստացվեց:

Իսկ 18-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Գևորգ Օհանյանի հետ պայքարում և մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Բայց ի հուրախություն «Փյունիկի»՝ Գեղամ Հարությունյանի հարվածը Անդրիյա Դրագոևիչը կարողացավ կռահել և գերազանց ցատկով փրկեց մեր թիմին:

32-րդ րոպեին Ուսմանի իրացրած անկյունային հարվածից հետո քիչ մնաց հաջողության հասներ Մաքսիմ Ժեստոկովը, բայց հարվածը շեղ ստացվեց:

39-րդ րոպեին շատ վտանգավոր պահ ստեղծվեց «Փյունիկի» դարպասի մոտ, երբ Ռուպիայի մոտ տարածությունից ուժեղ հարվածը, բարեբախտաբար, բարձր ստացվեց:

Առաջին կեսի վերջնամասում վնասվածք ստացավ մեր թիմի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը և նրա փոխարեն խաղը շարունակեց Սերգեյ Շևչուկը:

Բացի «Փյունիկի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը, առաջին կեսն այդքան էլ հարուստ չէր իրական գոլային պահերով և ինչպես ցույց տվեց խաղը՝ կարևոր իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո:

Երկրորդ խաղակեսում առաջին պահը ստեղծեցին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները, բայց Վբեյմար Անգուլոյի հեռվից կատարած հարվածը շեղ ընթացավ, և բացի այդ, Անդրիյա Դրագոևիչը վերահսկում էր իրավիճակը:

Ընդմիջումից հետո մեր թիմը կերպարանափոխվեց և սկսեց ավելի ագրեսիվ գործել: Կառլեն Մկրտչյանի փոխարեն՝ ասպարեզ դուրս եկավ նաև Ռումյան Հովսեփյանը:

63-րդ րոպեին Սեգեյ Շևչուկի ձախ թևից կատարած փոխանցումից հետո էրիկ Վարդանյանը շտապեց դեպի գնդակը, սակայն պաշտպանի հետ պայքարում վայր ընկավ ու թվաց, թե մրցակցի խաղացողը հրեց նրան, բայց մրցավարի սուլիչը լուռ էր այդ դրվագում:

71-րդ րոպեին մեր թիմի իրացրած ստանդարտ դիրքի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց «Գանձասար-Կապանի» տուգանային հրապարակում, բայց դաշտի տերերի պաշտպանները կարողացան փակել գնդակի ճանապարհը:  

Խաղավարտից 15 րոպե առաջ «Փյունիկը» հիանալի հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, երբ Արթուր Միրանյանը դուրս եկավ հարվածային դիրք և նրա հարվածից հետո գնդակը ուղղահայաց դարպասաձողի կողքով դուրս եկավ դաշտի սահմաններից:  

Իսկ 83-րդ րոպեին Արթուր Միրանյանը մեն-մենակ մնաց Գրիգոր Մելիքսեթյանի դեմ և նրա հարվածից հետո «Գանձասար-Կապանի» դարպասապահը, ով տուգանային հրապարակից դուրս էր եկել, ձեռքով փակեց գնդակի ճանապարհը և մրցավարը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց Մելիքսեթյանին: Եվ քանի որ «Գանձասար-Կապանն» արդեն կատարել էր բոլոր փոփոխությունները, ուստի դարպասապահի դերը ստանձնեց Գևորգ Նռանյանը:

Տուգանային հարվածն իրացրեց Ռումյան Հովսեփյանը, բայց նրա հարվածը նույնպես արդյունք չբերեց:

Հանդիպման լարվածությունն հասավ իր գագաթնակետին և վերջին րոպեներին «Փյունիկն» ամեն կերպ փորձում էր հաղթանակ կորզել և ամբողջությամբ պաշարել էր մրցակցի տուգանային հրապարակը:

Խաղի հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ գնդակը հրաշքով չհայտնվեց «Գանձասար-Կապանի» դարպասում, երբ Սերոբ Գրիգորյանի հեռվից կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ անդրադարձից հետո Ռումյանը Հովսեփյանը շատ թույլ հարվածեց և գնդակը դիպավ մրցակցի պաշտպաններին:

Չիրացրած հիանալի հնարավորությունից անմիջապես հետո մեր թիմը կարող էր դաժանորեն պատժվել, երբ Գեղամ Հարությունյանը մեծ արագությամբ շրջանցեց Վիտալի Ստեժկոյին և մեն-մենակ դուրս եկավ Անդրիյա Դրագոևիչի դեմ, բայց նրա հարվածից հետո գնդակը դարպասաձողի կողքով դուրս եկավ դաշտի սահմաններից:   

Ալեքսանդր Թարխանովը զգալով 3 միավորի կարևորությունը՝ հանդիպման ավելացված ժամանակում պաշտպան Վիտալի Ստեժկոյի փոխարեն՝ ասպարեզ դուրս բերեց հարձակվող Լասինա Դաոին, որը բեկումնային եղավ այս խաղում և րոպեներ անց տվեց իր արդյունքը:

4-րդ ավելացված րոպեին «Փյունիկի» ձեռնարկած վերջին գրոհներից մեկում Սերգեյ Շևչուկը գնդակը կախեց տուգանային հրապարակ և Լասինա Դաոն կարողացավ գլխի հարվածով գնդակն ուղարկել «Գանձասար-Կապանի» դարպասն ու շատ կարևոր 3 միավոր պարգևել իր թիմին:

«Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովի նորամուտի խաղում կարողացավ շատ ակտիվ անցկացնել երկրորդ խաղակեսը և հանդիպման վերջում ստանալով քանակական առավելություն՝ խաղավերջում խփեց հաղթական գոլը, որը կառուցեցին փոխարինման դուրս եկած 2 ֆուտբոլիստները:

Վերջին նորություններ