0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Լեգենդներ

Խորեն Հովհաննիսյան

10.01.1955

20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հանդիսանում է «Փյունիկ» (նախկին ՀՄԸՄ) ակումբի հիմնադիրներից մեկը:

Խորեն Հովհաննիսյան (ՀՄԸՄ) (6).jpg (141 KB)

1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունում նա խաղացող-մարզչի կարգավիճակում օգնել է թիմին նվաճել Հայաստանի առաջին չեմպիոնի կոչումը: ՀՄԸՄ-ի կազմում առաջնությունում անցկացրած 27 խաղում Խորեն Հովհաննիսյանը դարձավ 17 գոլի հեղինակ:Հենց Հովհաննիսյանն էլ ՀՀ առաջնություններում «Փյունիկի» խփած առաջին գոլի հեղինակն է։1992թ․ ապրիլի 12-ին Կապանում տեղի «Սյունիքի» հետ կայացած առաջնության առաջին խաղում (2-0) Խորեն Հովհաննիսյանը 56-րդ րոպեին 11մ․ հարվածով գրավել է Արմեն Ստեփանյանի պաշտպանած դարպասը։Հաջորդ առաջնությունը Հովհաննիսյանը նույնպես սկսեց խաղացող-մարզչի կարգավիճակում, բայց մի քանի տուր հետո մեկնեց Լիբանան՝ գլխավորելու տեղի ՀՄԸՄ թիմը: Նրա վերադարձը հարազատ ակումբ կայացավ  1995թ.-ին, երբ ՀՄԸՄ-ն վերանվանվեց «Փյունիկ»։Խորեն Հովհաննիսյանը կրկին ստանձնեց թիմի ղեկը: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 2 անգամ անընդմեջ (1995/96, 1996/97թթ.) դարձավ Հայաստանի չեմպիոն:

Խորեն Հովհաննիսյան (ՀՄԸՄ) (2).jpg (69 KB)

1998թ. «Փյունիկի» լուծարումից 3 տարի անց ՝2001թ. Խորեն Հովհաննիսյանը նորից վերակազմավորել է «Փյունիկ» ակումբը, որը նույն մրցաշրջանում հռչակվել է Հայաստանի չեմպիոն:

 

Սարգիս Հովսեփյան

02.11.1972

Սարգիս Հովսեփյան (Փյունիկ) (3).jpg (176 KB)

            Լուսանկարը՝ ArmFootball.com-ի։

Սարգիս Հովսեփյանը «Փյունիկի» կազմում անցկացրած խաղերի թվով ռեկորդակիրն է (365 խաղ): 1992թ.-ին ՀՄԸՄ-ի հետ դարձել է Հայաստանի առաջին չեմպիոն և նույն մրցաշրջանում ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն խաղացող: 1995/96 և 1996/97թթ. մրցաշրջանում «Փյունիկի» կազմում 2 տարի անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն:

1997թ.-ի մրցաշրջանի ավարտից հետո, «Փյունիկից» տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Շուրջ 6 տարի հանդես գալով Ռուսաստանում, 2004թ.-ին Հովսեփյանը վերադարձել է «Փյունիկ», որի հետ 7 անգամ անընդմեջ (2004-2010թթ.) դարձել Հայաստանի առաջնության հաղթող: Ընդհանուր առմամբ, Սարգիս Հովսեփյանը բոլորից շատ՝ 10 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը ռեկորդային է Հայաստանի առաջնությունների պատմության մեջ:

Sargis Hovsepyan.jpg (189 KB)

«Փյունիկի» կազմում հանդես գալու տարիներին նա 3 անգամ (1992, 1995, 2008թթ.) ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն խաղացող: Կարիերան ավարտելուց հետո, Սարգիս Հովսեփյանը «Փյունիկ» ակումբում անցել է մարզչական աշխատանքի: 2013թ.-ի դեկտեմբերին ստանձնել «Փյունիկի» ղեկը և թիմի հետ աշխատել մինչև 2016թ.-ի հուլիսը: 2014/15թթ. առաջնությունում նրա ղեկավարությամբ «Փյունիկը» նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

 

Արսեն Ավետիսյան

08.10.1973

Arsen Avetisyan 1.jpg (251 KB)

Արսեն Ավետիսյանը «Փյունիկի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (154 գոլ): Նա «Մալաթիա» թիմի այն երիտասարդ խաղացողներից մեկն էր, ով 1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնության նախաշեմին համալրեցին Խորեն Հովհաննիսյանի գլխավորած նորաստեղծ ՀՄԸՄ-ի շարքերը:

Ավետիսյանը «Փյունիկի» կազմում 3 անգամ (1994, 1995, 1996/97թթ.) դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով համապատասխանաբար 39, 12 և 24 գնդակ: Ընդ որում, 1994թ.-ի առաջնությունում նրա խփած 39 գոլը երկար ժամանակ համարվում էր Հայաստանի առաջնությունների արդյունավետության ռեկորդ, որը գերազանցվեց միայն 2003թ.-ին:

Արսեն Ավետիսյանը դարձել նաև եվրոգավաթների խաղարկություններում «Փյունիկի» առաջին գոլի հեղինակը՝ ՈՒԵՖԱ-ի 1996/97թթ. գավաթի խաղարկությունում «Հրազդան» մարզադաշտում գրավելով ֆիննական ՀԻԿ-ի դարպասը: Նա «Փյունիկում» հանդես է եկել ակումբի ստեղծման օրից մինչև 1998թ.-ի թիմի լուծարումը, որից հետո կարիերան շարունակել է այլ թիմերում: 2006թ.-ին Ավետիսյանը վերադարձել է «Փյունիկ» և 2 մրցաշրջան պաշտպանել է ակումբի գույները: Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկի կազմում 5 անգամ (1992, 1995/96, 1996/97, 2006, 2007թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն: 

 

Վարազդատ Ավետիսյան

11.10.1972

Վարազդատ Ավետիսյան (Փյունիկ) (1).jpg (123 KB)

Վարազդատ Ավետիսյանը «Փյունիկի» այն 3 խաղացողներից մեկն է (Վարդան Մինասյանի և Արսեն Ավետիսյանի հետ միասին), ով ակումբի հիմնադրման օրվանից հավատարմորեն ծառայել է թիմին մինչև նրա լուծարումը: Այդ ընթացքում նա «Փյունիկի» հետ 3 անգամ (1992, 1995/96, 1996/97թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: 1998թ.-ին, երբ «Փյունիկը» հայտնվեց լուծարման շեմին՝ թիմի առաջատար խաղացողներ Վարազդատ Ավետիսյանն ու Վարդան Մինասյանը տեղափոխվեցին «Երևան»:

Հաջորդ մրցաշրջանում Ավետիսյանը շարունակեց իր ելույթները «Երևանում», ապա որոշակի ժամանակահատված հանդես եկավ «Արարատում» և «Միկայում»: Երբ 2001թ.-ին կայացավ «Փյունիկը» վերածնունդը՝ Վարազդատ Ավետիսյանը վերադարձավ հարազատ թիմ և օգնեց «Փյունիկին» նվաճել առաջնության ոսկե մեդալները: Կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Փյունիկի» մարզչական շտաբում, իսկ 2013թ.-ի նոյեմբերին եղել գլխավոր մարզչի պաշտոնակատար:

 

Վարդան Մինասյան

05.01.1974

Վարդան Մինասյան (Փյունիկ) (5).jpg (165 KB)

Վարդան Մինասյանը «Փյունիկի» կազմում հանդես է եկել ակումբի հիմնադրման օրվանից: Մինչ «Փյունիկի» լուծարումը՝ նա թիմի հետ 3 անգամ (1992, 1995/96, 1996/97թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն:Երբ 1998թ․ առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, դա ստիպեց թիմի առաջատար խաղացողներին տեղափոխվել այլ ակումբներ։Նրանց թվում էր նաև Վարդան Մինասյանը։Նա առաջնության վերջնամասն անցկացրեց «Երևանում», իսկ հաջորդ 2 մրցաշրջաններում հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի «Լոկոմոտիվում»: 2001թ. «Փյունիկի» վերակազմավորումից հետո վերադառնալով հարազատ թիմ՝ Վարդան Մինասյանը դարձավ թիմի ավագը և հենց նրա առաջնորդությամբ ակումբը նվաճեց չեմպիոնական տիտղոսը: Մինասյանը հիանալի անցկացրեց այդ մրցաշրջանը և արժանորեն ճանաչվեց Հայաստանի 2001թ.-ի լավագույն ֆուտբոլիստ:

Վարդան Մինասյան (Փյունիկ) (2).jpg (223 KB)

Այդուհանդերձ, հետագա երկու մրցաշրջաններում Մինասյանին հաճախ խանգարում էին վնասվածքները, ինչի պատճառով նրան չէր հաջողվում վերադառնալ նախկին մարզավիճակին: Արդյունքը եղավ այն, որ 2003թ.-ի մրցաշրջանի ընթացքում Վարդան Մինասյանը որոշեց թողնել գործնական ֆուտբոլը և ակումբում մարզչական աշխատանքի անցավ:2004թ․ մրցաշրջանում Վարդան Մինասյանը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի օգնականներից մեկն էր։ Երբ առաջնության 8-րդ տուրից հետո ռումինացի մասնագետը հեռացավ «Փյունիկից»,նրա փոխարեն թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Վարդան Մինասյանը։Նրա նորամուտը շատ հաջող անցավ։Առաջին խաղում ՝հունիսի 18-ին «Փյունիկը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Շիրակին»։ Հաջորդ 15 հանդիպումներում ևս Վարդան Մինասյանի սաներն առաջնությունում հաղթեցին ՝ժամկետից շուտ ապահովելով հերթական չեմպիոնական տիտղոսի նվաճումը։Մինասյանը «Փյունիկը» գլխավորեց մինչև 2005թ․ հունիսի կեսերը՝ թիմի ղեկը փոխանցելով հոլանդացի Հենկ Վիսմանին։Երկորդ անգամ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը Մինասյանը ստանձնեց 2008թ․ հուլիսի սկզբին, առաջնության 12-րդ տուրում փոխարինելով Արմեն Գյուլբուդաղյանցին։Մինչև 2011թ․ առաջնության ավարտը Վարդան Մինասյանը «Փյունիկի» գլխավոր մարզիչն  էր։Նրա օրոք թիմը 4 անգամ (2004, 2008, 2009, 2010թթ․) հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Վարդան Մինասյանը մարզչական կարիերայում էլ նշանակալի հաջողությունների է հասել։ Նա Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիչն է,որի գլխավորած թիմերը («Փյունիկ», «Արարատ- Արմենիա») 6 անգամ չեմպիոն են հռչակվել, 2 անգամ նվաճել են Հայաստանի գավաթը, 5 անգամ էլ դարձել են Հայաստանի սուպերգավաթակիր

 

 

Արթուր Մկրտչյան

09.08.1973

Artur Mkrtchyan.jpg (193 KB)

Արթուր Մկրտչյանը «Փյունիկում» խաղացել է 1995թ.-ից՝ մինչ այդ 3 մրցաշրջան հանդես գալով «Նաիրի» թիմում: Այնուհետև «Փյունիկի» կազմում 2 անգամ (1995/96, 1996/97թթ.) դարձել Հայաստանի չեմպիոն: 1998թ.-ին մեկնել Ռուսաստան՝ 2 մրցաշրջան հանդես գալով նախ Մոսկվայի «Տորպեդոյում», ապա Սամարայի «Կռիլյա Սովետովում»: 2001թ.-ի «Փյունիկի» վերակազմավորումից հետո, թիմը համալրեցին նախկին փյունիկցիները, որոնց թվում էր նաև Արթուր Մկրտչյանը: Վերջինս օգնեց թիմին հենց առաջին փորձից 4-րդ անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն: Արթուր Մկրտչյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլերում 2 անգամ «Փյունիկի» կազմում դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: 2002/03թթ. խաղարկությունում նա մրցակցի հարկի տակ գրավել է ֆիննական «Տամպերե Յունայթեդի» դարպասը, ապա 2004/05թթ. խաղարկությունում Երևանում աչքի է ընկել մակեդոնական «Պոբեդայի» դեմ խաղում: Մկրտչյանը «Փյունիկի» կազմում 6 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Կարիերան ավարտելուց հետո երկար ժամանակ աշխատել է «Փյունիկի» մարզչական շտաբում:     

 

Էդգար Մանուչարյան

19.01.1987

Էդգար Մանուչարյան (Փյունիկ) (5).jpg (150 KB)

        Լուսանկարը՝ TotalFootball.am-ի

Էդգար Մանուչարյանը համարվում է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկի» մարզադպրոցում: Արդեն պատանեկան տարիքում աչքի է ընկել գոլահարի որակներով և բացառիկ արդյունավետությամբ: «Փյունիկի» պատանեկան թիմերի հետ հաղթող է ճանաչվել տարբեր երկրներում (ԱՄՆ, Նորվեգիա, Վրաստան) անցկացված միջազգային մրցաշարերում, որտեղ նորից աչքի ընկել բարձր արդյունավետությամբ: 2002թ.-ի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Եղվարդի «Դինամոյի» դեմ խաղում՝ ընդամենը 15 տարեկանում Էդգար Մանուչարյանն իր նորամուտը նշեց «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում և այդ խաղի 90-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:

Էդգար Մանուչարյան (Փյունիկ) (4).jpg (241 KB)

       Լուսանկարը՝ Photolure-ի։

Մեկ շաբաթ անց՝ «Բանանցի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նաև Հայաստանի առաջնությունում: Նույն տարվա օգոստոսի 16-ին, Մանուչարյանը բացեց իր գոլերի հաշիվը նաև Բարձրագույն խմբի առաջնությունում՝ Կապանում գրավելով «Լեռնային Արցախի» դարպասը: 2004թ.-ին, 17-ամյա Էդգար Մանուչարյանը «Փյունիկի» հետ 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց  Հայաստանի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև իր թիմակից Գալուստ Պետրոսյանի հետ 21-ական գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: Տարեվերջում Մանուչարյանը ճանաչվեց նաև Հայաստանի տարվա լավագույն խաղացող: Նրա ծառայություններով վաղուց հետաքրքվում էին եվրոպական թիմերը և ի վերջո, 2005թ.-ին Էդգար Մանուչարյանը «Փյունիկից» տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս»: Նա առաջին հայ ֆուտբոլիստն էր, ում հաջողվեց պայմանագիր կնքել եվրոպական գրանդ թիմերից մեկի հետ: Մանուչարյանը «Փյունիկ» վերադարձավ 2010թ.-ի հուլիսին և թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն:      

 

Ռոբերտ Արզումանյան

24.07.1985

Ռոբերտ Արզումանյան (Փյունիկ) (1).jpg (326 KB)

Ռոբերտ Արզումանյանը հանդիսանում է նորանկախ Հայաստանի պատմության լավագույն պաշտպաններից մեկը: Նա «Փյունիկի» սան է, խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում: 2003թ.-ի մայիսի ️13-ին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Դինամո-2000»-ի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Հենց «Փյունիկում» խաղալու տարիներին 2005թ.-ին՝ 19 տարեկանում իր նորամուտն է նշել նաև Հայաստանի ազգային հավաքականում:

Ռոբերտ Արզումանյան (Փյունիկ) (2).jpg (73 KB)

Նույն տարում «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի կողմից ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան: Արզումանյանն իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է 2006թ.-ի օգոստոսի 5-ին՝ Հայաստանի առաջնությունում գրավելով «Գանձասարի» դարպասը: Նա 2 անգամ անընդմեջ (2006, 2007թթ.) ճանաչվել է Հայաստանի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: «Փյունիկի» կազմում Ռոբերտ Արզումանյանը 5 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ գավաթակիր և 3 անգամ սուպերգավաթակիր:

 

Գևորգ Ղազարյան

05.04.1988

Գևորգ Ղազարյան (Փյունիկ) (3).jpg (178 KB)

                                Լուսանկարը՝ TotalFootball.am-ի։

Գևորգ Ղազարյանը իր առաջին ֆուտբոլային քայլերն է կատարել «Փյունիկի» մարզադպրոցում: 2005թ.-ի հուլիսի 6-ին՝ 17 տարեկանում իր նորամուտն է նշել «Փյունիկի» հիմնական կազմում: Թիմի հոլանդացի մարզիչ Հենկ Վիսմանը՝ «Լեռնագործի» դեմ խաղի ընդմիջումից անմիջապես հետո նրան խաղադաշտ դուրս բերեց Աղվան Մկրտչյանի փոխարեն: Ղազարյանն իր առաջին մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցեց 11 հանդիպման: Հաջորդ առաջնությունում նա իր առաջին գոլերը խփեց «Փյունիկում». 2006թ.-ի մայիսի 24-ին՝ «Շիրակի» դեմ Երևանում կայացած խաղում փոխարինման դուրս գալով կարողացավ դառնալ դուբլի հեղինակ:

Գևորգ Ղազարյան (Փյունիկ) (5).jpg (175 KB)

2007թ.-ը բեկումնային էր Գևորգ Ղազարյանի կարիերայում. նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Երևանում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ մրցավեճում, իսկ «Փյունիկի» կազմում 2 անգամ աչքի ընկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի հանդիպումներում: Հատկապես հիշարժան էր նրա խփած գոլը Դոնեցկի «Շախտյորի» դարպասը: 2010թ.-ի Հայաստանի առաջնությունում Գևորգ Ղազարյանն իր թիմակից Մարկոս Պիզելլիի հետ 16-ական գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 2011թ.-ի  ամռանը «Փյունիկից» միասին տեղափոխվեցին Դոնեցկի «Մետալուրգ»: Ղազարյանը «Փյունիկի» կազմում 6 տարի անընդմեջ (2005, 2006, 2007, 2008, 2009, 2010թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն:

 

Հենրիխ Մխիթարյան

21.01.1989

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) (1).jpg (68 KB)

                            Լուսանկարը՝ Photoplanet-ի։

Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբի և հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչն է, ով մեծ հաջողությունների է հասել և համաշխարհային ճանաչում ձեռք բերել: Նա «Փյունիկի» սան է, հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում: 2006թ.-ին՝ 17 տարեկանում արդեն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, իսկ նույն տարում Հայաստանի առաջնության՝ «Շիրակի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում: Մխիթարյանը այդ մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրած 11 խաղում խփել է 1 գոլ և թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) (7).jpg (74 KB)

                                             Լուսանկարը՝ Photoplanet-ի։

2007թ.-ի հուլիսին՝ «Դերի Սիթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների լիգայում, որտեղ «Փյունիկը» առաջին փուլում հաղթահարեց իռլանդական թիմի արգելքը: Իսկ ահա որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» ուժերը չափեց Դոնեցկի «Շախտյորի» հետ և Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր ապագա թիմի դեմ կայացած 2 հանդիպումներին: Ինչպես հետագայում իր ասուլիսներից մեկում նշեց Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ ռումինացի Միրչեա Լուչեսկուն՝ հենց  «Փյունիկի» դեմ խաղերում է նա առաջին անգամ նկատել Մխիթարյանին: 2008թ.-ի Հայաստանի առաջնության վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը փորձաշրջանի է մեկնում Լիոն «Օլիմպիկ» և այդ պատճառով բաց է թողնում «Արարատի» դեմ առաջնության «ոսկե հանդիպումը»:

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) (6).jpg (117 KB)

2009թ.-ի մրցաշրջանը Մխիթարյանը սկսում է շատ բարձր արդյունավետությամբ՝ առաջնության սկզբում դառնալով 11 գոլի հեղինակ, իսկ գավաթի եզրափակչում նրա խփած միակ գոլը մրցավարի ավելացրած ժամանակում հաղթանակ է բերում «Փյունիկին»: Հենրիխ Մխիթարյանն իր վերջին հանդիպումը «Փյունիկի» կազմում անցկացնում է հունիսի 30-ին՝ «Գանձասարի» դեմ խաղում, որից հետո տեղափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ»: Նա «Փյունիկի» կազմում 4 անգամ անընդմեջ (2006, 2007, 2008, 2009թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն: