Ակումբի պատմությունը

«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։

Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։ 

Փյունիկը հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է, որը, զգալով իր վախճանն, այրվում է և վեր հառնում մոխրից՝ իբրև նոր, երիտասարդ թռչուն։

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։

1992 - 1997

1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունը «Փյունիկի» համար հաջող ստացվեց։ «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը» հավաքեցին հավասար միավորներ և երկուսն էլ ճանաչվեցին Հայաստանի չեմպիոն։ Թիմը վերելքով անցկացրեց առաջնությունը և հռչակվեց Հայաստանի առաջին չեմպիոն:

Ընդ որում, ՀՄԸՄ-ն և «Շիրակը» վաստակեցին հավասար քանակությամբ միավորներ և չեմպիոնին ի հայտ բերելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց լրացուցիչ խաղ անցկացնել: Սակայն կողմերը համաձայնության չեկան մրցավայրի հարցում և ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշում կայացրեց երկու թիմերին էլ հռչակել առաջնության չեմպիոն:

Հաջորդ մրցաշրջանում ՀՄԸՄ-ն բավարարվեց 4-րդ տեղով, իսկ 1994 թ.-ի առաջնությունում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Հատկանշական է, որ թիմի հարձակվող Արսեն Ավետիսյանը 39 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, որը երկար տարիներ անգերազանցելի մնաց: 1995 թ.-ին՝ հանրապետությունում ՀՅԴ կուսակցության փակման հետևանքով՝ ՀՄԸՄ-ն, որը ներկայացնում էր քաղաքական այդ միավորումը, ստիպված էր փոխել իր անունը և ակումբը վերանվանվեց «Փյունիկ»: Թիմի ղեկը կրկին ստանձնեց 1,5 տարի Լիբանանում աշխատելուց հետո հայրենիք վերադարձած Խորեն Հովհաննիսյանը:

Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96թթ. առաջնությունում՝ «Փյունիկը» գերազանց հանդես եկավ և արժանիորեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Դա էր վկայում նաև այն, որ թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց, իսկ «Փյունիկի»՝ ռեկորդային այդ անպարտելիության շարքը Հայաստանի առաջնություններում 59 խաղ կազմեց:

1996թ.-ին՝ «Փյունիկը» հաղթանակով նշեց իր նորամուտը նաև եվրոգավաթներում. Հայաստանի չեմպիոնը՝ «Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ֆիննական ՀԻԿ-ի նկատմամբ: Ներքին առաջնությունում «Փյունիկը» ևս շարունակում էր մրցակցությունից դուրս մնալ: Արդյունքը եղավ այն, որ թիմը 1996-97թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: 1997թ.-ին՝ «Փյունիկն» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին:

1997 - 2000

1997թ.-ի Հայաստանի առաջնությունում «Փյունիկը» դուրս մնաց մրցանակային տեղերից, ինչից հետո թիմն աստիճանաբար զիջեց իր դիրքերը:

1998թ.-ի առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ: Թիմի մի շարք առաջատար խաղացողներ լքեցին ակումբը: Դա հանգեցրեց նրան, որ «Փյունիկը» առաջնությունը դժվարությամբ ավարտեց 6-րդ տեղում, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը:

2000 - 2017

«Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց՝ Խորեն Հովհաննիսյանի ու Ռուբեն Հայրապետյանի ջանքերով: Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» բազայի հիման վրա, որը նախորդ տարվա Առաջին խմբի առաջնությունում ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր էր նվաճել՝ կազմավորվեց «Փյունիկը», որը պետք է հանդես գար Հայաստանի 2001թ.-ի առաջնությունում: Նորովի կազմավորված և ողջ առաջնությունը մեկ շնչով անցկացրած «Փյունիկն» առաջին իսկ փորձից դարձավ Հայաստանի չեմպիոն:

Հաջորդ տարի թիմը հանդես եկավ Չեմպիոնների լիգայում խաղարկությունում և կարողացավ ևս մեկ փայլուն նվաճման հասնել. «Փյունիկը» մրցակցի հարկի տակ խոշոր՝ 4-0, ապա պատասխան խաղում՝ 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Հատկապես պատասխան հանդիպումը մեծ իրարանցում էր առաջացրել մեր հանրապետությունում և «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով: Երկրպագուների հոսքը դեպի մարզադաշտ այնքան մեծ էր, որ շատերը հնարավորություն չունեցան սեփական աչքերով դիտել խաղը:

Հետագա տարիներին «Փյունիկը» ևս մի քանի անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, բայց ամեն անգամ երկրորդ փուլում նրան բաժին էին հասնում եվրոպական բարձրակարգ ակումբներ, ի դեմս՝ Կիևի «Դինամոյի», Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի»: Փոխարենը՝ երկար տարիներ շարունակվեց «Փյունիկի» գերիշխանությունը Հայաստանի առաջնությունում. թիմը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Այդ ընթացքում «Փյունիկում» որպես ֆուտբոլիստ են ձևավորվել Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը և այլոք, ովքեր հանդիսանում էին ակումբի սաները: 2012թ.-ին՝ «Փյունիկի» նոր նախագահ է դառնում Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը:

2017. նոր ժամանակաշրջան

2017թ.-ին՝ ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը: Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին: Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս: Նրան փոխարինում է Արմեն Գյուլբուդաղյանցը։ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում:

Ի սկզբանե, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը որոշում է կայացնում եվրոգավաթների հանդիպումներից հետո «Փյունիկ» ակումբը վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ են հադիսանում դրա իրագործմանը: Նոր մրցաշրջանից առաջ՝ թիմի գլխավոր մարզիչ է հրավիրվում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը: Վերջինս «Փյունիկ» է հրավիրում մի շարք լեգեոներների։

Տալալաևին հաջողվում է կարճ ժամանակում հաջողություններ գրանցել թիմի ղեկին: Ռուս մասնագետի գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրոգավաթների երրորդ փուլ: «Փյունիկը» առաջին երկու փուլերում պայքարից դուրս է թողնում համապատասխանաբար՝ մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով համառ պայքարում զիջում է Թել-Ավիվի «Մաքքաբիին»: