Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած (1:0) հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը գնահատեց մեր թիմի խաղն ու խոսեց Գևորգ Տարախչյանի՝ թիմի պաշտպանական գործողություններին մասնակցելու մասին․
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր երկկողմանի խաղ էր։ Համարում եմ, որ մենք լիովին արժանի էինք այս հաղթանակին, որովհետև բավական փորձառու թիմի տեսք ունեինք այսօր ու իմ կարծիքով՝ տակտիկական և մենթալ առումով, սա մեր լավագույն խաղն էր։
Իհարկե, յուրաքանչյուր խաղ մենք վերլուծում ենք՝ ըստ հակառակորդի ուժեղ կողմերի։ Իսկ մենք այսօր խաղում էինք մրցաշարի առաջատարի հետ և որոշակի փոփոխություններ էինք արել մեր մարտավորության մեջ, ինչն այսօր լիովին աշխատեց։
Բնական է, Գևորգ Տարախչյանի՝ պաշտպանական գործողություններին մասնակցելը մեր մարտավորության մի մասն էր կազմում՝ շատ կարևոր մաս, որը Գևորգն այսօր հիանալի կատարեց։ Գևորգի աշխատասիրության առումով ոչ մի խնդիր չունենք՝ նա ամեն ինչ առավելագույնն է անում թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման ժամանակ։ Այդ առումով նա հիանալի է, բայց փոխարենը պետք է ավելացնի որակի առումով։ Մենք դրա վրա աշխատում ենք»։