0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Սողոմոնյանի բրիֆինգը (տեսանյութ)

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձավ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք թեմաների:

«Վերջերս լրացավ մեկ տարին, ինչ փոխվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, և ես՝ որպես ներդրող ու ակումբի սեփականատեր, մեծ փոփոխություններ էի սպասում այս մեկ տարում: Փոփոխություններ տեղի ունեցել են, և չեմ կարող ասել, որ դրանք չկան, սակայն ես նկատել եմ միայն 2 կարևոր փոփոխություն: Առաջինը ԲԿՄԱ ակումբ հիմնադրելն է, իսկ երկրորդն իսպանացի բարձրակարգ մասնագետներ հրավիրելն է: Ցավոք, մյուս հարցերում չեմ նկատել լուրջ փոփոխություններ: Ակումբները սկսել են ներդնել մեծ գումարներ և հրավիրում են թանկարժեք լեգեոնականների, ինչը կարող է խանգարել տեղացի խաղացողների աճին: Երբ մարդիկ ներդնում են մեծ գումարներ, առաջին հերթին պետք է լուծել արմատային խնդիրները:

Կցանկանայի անդրադառնալ 3 կարևոր կետերի: Առաջինը լեգեոնականների սահմանափակումն է, որն, ըստ ինձ, թերի է: Մեզ մոտ դա հակառակ արդյունք ունեցավ: Այսօր լեգեոնականների լիմիտի պատճառով թիմերը սկսել են իրարից գողանալ երիտասարդ խաղացողների: Մենք անզոր ենք այդ հարցով և չենք կարող քայլեր ձեռնարկել, քանի որ Հայաստանում չկա պատանի խաղացողների տեղափոխության համար սահմանված փոխատուցման համակարգ: Մեր խաղացողներին ամենաշատը տանում է «Արարատ-Արմենիան»: Կարծում եմ՝ լեգեոնականների սահմանափակման հարցում մի փոքր շտապել ենք: Ինքս քվեարկել եմ այդ փոփոխության օգտին, սակայն հիմա հասկանում եմ, որ դա սխալ էր:

Երկրորդը Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու կարևորությունն է: Այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ որոշ մարդիկ մեծ գումարներ են ներդնում, իսկ այլ մարդիկ ընդունում են կարևոր որոշումներ: Մի քանի ակումբներ հաղորդակցվում են ֆեդերացիայի հետ, սակայն պրոֆեսիոնալ շփում չկա: Մեկ անգամ Արթուր Վանեցյանն այդպիսի հանդիպում կազմակերպել էր, սակայն դրանով ամեն բան ավարտվեց: Եթե այդպես շարունակվի և հասկանաս, որ դու գումարներ ես ներդնում, ու դա կառավարում են այլ մարդիկ, որոնց հետ դու կապի մեջ չես, ապա դա անիմաստ է դառնում: Այդ պատճառով կարծում եմ, որ ակումբներն իրենք պետք է զբաղվեն իրենց հարցերով: Կան ակումբներ, որոնք առաջարկել են դա, և մենք հայտնել ենք միանալու պատրաստակամություն: Այդ հարցով պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն:

Երրորդ ցավոտ հարցը մրցավարությունն է: Ինչպես գիտեք, վերջերս Արտակ Սիմոնյանը վերսկսել էր աշխատանքը Հայաստանի առաջնությունում, և մենք հայտնել էինք մեր մտահոգությունն այդ հարցով: Հիշողություններում դեռ թարմ է նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածը, երբ կողմնակալ մրցավարությունը ջուրը գցեց մեր ակումբի մեկ տարվա աշխատանքը: Կարծում եմ՝ դա արտահայտվում է ամբողջ առաջնության վրա: Օրինակ՝ դրանից հետո մեր թիմի մի քանի խաղացողներ հրաժարվել էին երկարաձգել պայմանագրերը՝ նշելով, որ Հայաստանի առաջնությունում իրենց թույլ չեն տա դառնալ չեմպիոն, և իմաստ չունի մնալ այստեղ, քանի որ չեմպիոնը չի որոշվում խաղադաշտում: Լսել եմ շատ կարծիքներ, որ դա ոչ թե մրցավարական սխալ էր, այլ՝ կոռուպցիա: Դա միակ դեպքն էր, երբ մենք խնդրեցինք փոխել մրցավարին, սակայն մեզ մերժեցին: Ֆեդերացիան հայտարարեց, որ անցկացվելու է հետաքննություն, սակայն մեզ ոչ մի անգամ չհրավիրեցին և չհայտնեցին արդյունքների մասին: Ինձ ասել էին, որ նա մեկ տարի չի սպասարկելու խաղեր, սակայն նա արդեն վերադարձել է աշխատանքի: Ֆեդերացիան իր այդ քայլով ընդգծեց, որ իրենց ամեն բան գոհացնում է, և ոչինչ փոխել պետք չէ: Կարծում եմ՝ մրցավարությունն այն կարևոր օղակն է, որը արդար մրցումը կարող է վերածել ոչ ֆուտբոլային էմոցիաների: Դա շատ է անհանգստացնում մեզ: Եթե եղել է հետաքննություն, ապա ցանկանում ենք ծանոթանալ դրան, որպեսզի ունենանք բողոքարկելու հնարավորություն:

Բոլորը հիշում են, որ նախորդ մրցաշրջանում Ջևան Չելոյանցն իր թիմին թույլ չտվեց խաղադաշտ դուրս գալ գավաթային խաղում: Դա այն ժամանակ անակնկալ էր մեզ համար, բայց, հիմա վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ նա ճիշտ քայլ է կատարել: Նա, գիտակցելով, որ այլ ճանապարհով հնարավոր չէ ցուցադրել առկա խնդիրները, զոհաբերեց իր ու իր թիմի շահերը: Անկեղծ կասեմ, շատ եմ զղջում, որ այն ժամանակ մենք չաջակցեցինք պարոն Չելոյանցին, ես լիովին աջակցում եմ նրան: Կարծում եմ՝ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել՝ միայն միասնական լինելով: Եթե մի քանի ակումբներ բոյկոտ հայտարարեն և նշեն, որ չեն խաղա, եթե մրցավարությունը վերածվում է ինտրիգների, ապա դա կստիպի լսել մեզ ու ընդառաջել:

Ինչ վերաբերում է մրցավար Արտակ Սիմոնյանի վերադարձին, ապա այսօր մեր դիրքորոշումը ևս այդպիսին է: Մենք չենք տեսել հետաքննությունը և չենք ունեցել մեր կարծիքն արտահայտելու հնարավորություն, և եթե Արտակ Սիմոնյանը նշանակվի մեր խաղի մրցավար, ապա մենք նույնպես խաղադաշտ դուրս չենք գա: Ես մարզիչին կխնդրեմ թիմին հանել դաշտից: Ամեն դեպքում, ցանկանում ենք խաղալ մրցակցի հետ, այլ ոչ թե մրցավարի։

Իմ կարծիքով, ֆուտբոլում որևէ բան փոխելու համար պետք է լուրջ աշխատանքներ տանել: Եթե իմ նշած հարցերով ոչինչ չփոխվի և կրկնվի նախորդ մրցաշրջանի պատկերը, ապա մենք կմտածենք առաջնությունից դուրս գալու մասին: Երբ ես նոր էի եկել, ինձ ավելի շատ հետաքրքրում էր մանկապատանեկան ֆուտբոլը: Եթե փոփոխություններ տեղի չունենան, և մենք շարունակենք էներգիա ծախսել ոչ թե խաղադաշտում, այլ դրա սահմաններից դուրս, ապա մենք այդ գումարները կներդնենք մանկապատանեկան ֆուտբոլի և այլ բաների վրա: Մենք կոչ ենք անում լսել մեզ, և ավելի լուրջ վերաբերվել: Յուրաքանչյուր ակումբում կան ֆուտբոլին սիրահարված պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք շատ բան կարող են անել, սակայն ղեկավարության կողմից սխալ որոշումները կարող են կործանել ամեն բան»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

Վերջին նորություններ