0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Լոռի» 1-2 (Տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լոռիին»:

Հանդիպումը երկու թիմերն էլ աշխույժ սկսեցին և հենց առաջին րոպեներից բարձր տեմպով խաղ ընթացավ:

6-րդ րոպեին «Լոռիի» տուգանային հրապարակում Արթուր Միրանյանը պատրաստվում էր հարվածել և Հայկ Իշխանյանը հրեց նրան, սակայն մրցավարի սուլիչը լուռ էր այդ դրվագում:

10-րդ րոպեին անմեղ իրավիճակում չափազանց կոպիտ սխալ թույլ տվեց Դենիս Տալալայը՝ գնդակը հետ փոխանցելով մեր տուգանային հրապարակ, որտեղ հերթապահում էր Իսահ Ալիյուն, սակայն «Լոռիի» ֆուտբոլիստը չկարողացավ օգտվել ընձեռված «նվերից» և նրա հարվածից հետո Դրագոևիչը փրկեց մեր թիմին:

Քիչ անց, «Փյունիկն» իր հերթին պատասխանեց վտանգավոր գրոհով, երբ Ուսմանը ներխուժեց տուգանային հրապարակ և նրա հարվածից հետո այս անգամ էլ «Լոռիին» փրկեց Սիուկաևը:

17-րդ րոպեին ձախ թևից կատարված փոխանցումից հետո Արթուր Միրանյանի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց «Լոռիի» դարպասում:  

24-րդ րոպեին հյուրերի հակագրոհի արդյունքում հետևեց հարված «Փյունիկի» դարպասին և Անդրիյա Դրագոևիչը երկրորդ փորձից կարողացավ տիրել գնդակին:

Իսկ 29-րդ րոպեին վանաձորյան ակումբը կարողացավ բացել խաղի հաշիվը, երբ Ջոնել Դեսիրեն ձերբազատվելով մեր թիմի մի քանի խաղացողներից, գնդակը հասցեագրեց Սանդի Ումարու Ինուսային և վերջինս կարողացավ առաջ մղել իր թիմին:   

«Փյունիկը» մինչև ընդմիջում փորձեց հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն գրոհի վերջին փոխանցման ժամանակ մեր ֆուտբոլիստների գործողություններում խոտան էր նկատվում:

Ընդմիջումից անմիջապես հետո մեր թիմի կազմում փոխարինման մտան Ռումյան Հովսեփյանն ու Դենիս Դորոժկինը:

Երկրորդ կեսում առաջին լուրջ պահը ստեղծեցին «Լոռիի» ֆուտբոլիստները, երբ Ջոնել Դեսիրեի ձախ թևից կատարած վտանգավոր փոխանցմանը, բարեբախտաբար, «Լոռիի» խաղացողներից ոչ-ոք չարձագանքեց:

Հյուրերը երկրորդ կեսի սկզբնամասում օգտվելով մեր պաշտպանությունում առաջացած ճեղքերից՝ անընդհատ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, իսկ մեր պաշտպանները հաճախ արագությամբ զիջում էին մրցակցի արագաշարժ սևամորթ ֆուտբոլիստներին:

Այդ ամենն անհետևանք չմնաց և «Լոռին» կարողացավ կրկնապատկել խաղի հաշիվը. Ջոնել Դեսիրեն օգտվելով մեր պաշտպանների թողտվությունից, մեծ արագությամբ մեն-մենակ դուրս եկավ Դրագոևիչի դեմ և անարգել գրավեց «Փյունիկի» դարպասը:

Երկրորդ կեսում մեր թիմը «Լոռիի» դարպասին առաջին անգամ լրջորեն սպառնաց միայն 62-րդ րոպեին, երբ Ռումյան Հովսեփյանի իրացրած տուգանային հարվածից հետո իր թիմին փրկեց «Լոռիի» դարպասապահը:

73-րդ րոպեին վերջապես հույս արթնացավ, որ «Փյունիկը» կարող է փրկել հանդիպումը. «Լոռիի» տուգանային հրապարակում Դենիս Դորոժկինի հարվածից հետո գնդակը դիպավ Արտյոմ Խաչատուրովի ձեռքին և մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Գնդակին մոտեցավ Ռումյան Հովսեփյանը և հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Անդրեյ Տալալաևն անմիջապես խաղադաշտ դուրս բերեց նաև Էրիկ Վարդանյանին՝ գրոհներին նոր թափ հաղորդելու ակնկալիքով:

Հանդիպման վերջին րոպեներին «Փյունիկը» 1 րոպեի ընթացքում երկու հիանալի հնարավորություն ստացավ հաշիվը հավասարեցնելու համար, բայց մի դեպքում Դմիտրիևի հարվածից հետո Սիուկաևը կրկին փրկեց իր թիմին, մյուս դեպքում՝ նպաստավոր դիրքից Արթուր Միրանյանի հարվածը թույլ ստացվեց:

Իսկ 89-րդ րոպեին Դեսիրեն կարող էր դուբլի հեղինակ դառնալ, եթե չլիներ Դրագոևիչի հուսալի խաղը:

Ցավոք, «Փյունիկի» բոլոր ջանքերը հավասարեցնելու խաղի հաշիվը այդպես էլ արդյունք չտվեցին, իսկ «Լոռիի» ֆուտբոլիստները խաղավերջում հուսալի պաշտպանվելով կարողացան պահել իրենց ձեռնտու հաշիվը:

Վերջին նորություններ