0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» գավաթի եզրափակչի ճանապարհը զիջեց «Արարատ-Արմենիային»

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Փյունիկը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Արարատ Արմենիային»։ Թիմերի միջև առաջին խաղում գործող գավաթակիրը կարողացել էր 2-0 հաշվով առավելության հասնել մեր թիմի նկատմամբ ու լուրջ հայտ ներկայացրել երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչ դուրս գալու համար։

Ի տարբերություն առաջին մրցավեճի, «Փյունիկն» այս անգամ ավելի կազմակերպված գործեց ու կարողացավ վնասազերծել մրցակցի ագրեսիվ հարձակվողներին։ 39-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովը գնդակը կախեց «Արարատ-Արմենիայի» տուգանային հրապարակ և Անտոն Բրատկովը գլխի անկասելի հարվածով առաջ մղեց մեր թիմին։

Խփած գոլը լրացուցիչ վստահություն հաղորդեց մեր ֆուտբոլիստներին և ընդմիջումից հետո «Փյունիկին» հաջողվեց խփել նաև երկրորդ գոլն ու հավասարեցնել դիմակայության ընդհանուր հաշիվը։ Գոլը ծնվեց Դավիդ Դավիդյանի փոխանցումից հետո, երբ մրցակցի պաշտպան Ժոաո Կեյրուշը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Մինչև հիմնական ժամանակի ավարտն այլևս հաշվի մեջ փոփոխություններ չեղան ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այն ավելի շատ անցավ դաշտի տերերի առավելությամբ ու մի քանի դրվագներում բախտը ժպտաց «Փյունիկին»։ Հարկ է նշել, որ մեր թիմի պաշտպան Անտոն Բրատկովը ստիպված էր վնասվածքով շարունակել հանդիպումը, քանի որ Եղիշե Մելիքյանը կատարել էր իր բոլոր փոփոխությունները։

Լրացուցիչ ժամանակը ևս ի հայտ չբերեց հաղթողին ու նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ բախտը ժպտաց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին։ Մեր թիմի կազմում 11 մետրանոց նշակետից վրիպեցին Տարոն Ոսկանյանն ու Սերգեյ Վակուլենկոն։

Չնայած «Փյունիկը» հերոսական ջանքերի շնորհիվ հետ բերեց առաջին խաղում կորցրածը, սակայն դա բավարար չեղավ եզրափակիչ դուրս գալու համար։

Վերջին նորություններ