0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Լոռի» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

20 մայիս, 15:00, Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 34-րդ տուր

1-ին շրջան (Տուր 7). 01.09.2018 «Փյունիկ» - «Լոռի» 0-3 Գոլեր՝ Իսահ Ալիյու, 3 (0-1), Սանդի Ումարու Ինուսա, 6 (0-2), Իսահ Ալիյու, 27 (0-3)

2-րդ շրջան (Տուր 16). 11.11.2018 «Լոռի» - «Փյունիկ» 0-1 Գոլ՝ Ռումյան Հովսեփյան, 58 (0-1)

3-րդ շրջան (Տուր 25). 07.04.2019 «Փյունիկ» - «Լոռի» 1-2 Գոլեր՝ Սանդի Ումարու Ինուսա, 29 (0-1), Ջոնել Դեսիրե, 56 (0-2), Ռումյան Հովսեփյան, 75, 11մ (1-2)

Նախորդ տուրում «Փյունիկը» հաղթանակի դեպքում լավ հնարավորություն ուներ ավելի մեծացնելու միավորների տարբերությունը մոտակա հետապնդողներից, սակայն առաջատար եռյակում տեղ զբաղեցնող «Բանանցի» դեմ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1: Այդուհանդերձ, մեր թիմն արդեն 7 խաղ է, ինչ շարունակում է իր անպարտելիության շարքը: 

Նշենք նաև, որ «Փյունիկը» վերջին 11 խաղերում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ, որը լավագույն արդյունքն է վերջին 9 տարիներին: Ավելի լավ ցուցանիշ մեր թիմը վերջին անգամ ունեցել է 2010թ.-ի՝ դեռևս գարուն-աշուն մրցակարգով անցկացվող առաջնությունում, երբ Վարդան Մինասյանի գլխավորությամբ՝ «Փյունիկը» 15 խաղ անընդմեջ դաշտից չէր հեռացել առանց մրցակիցների դարպասը գրավելու:

Բարձրագույն խմբի առաջիկա՝ 34-րդ տուրում մեր թիմին սպասվում առաջնության  վերջնամասի, թերևս, ամենադժվարին մրցավեճերից մեկը. առաջնության իր նախավերջին խաղում «Փյունիկն» ուղևորվելու է Վանաձոր, որտեղ ուժերը կչափի «Լոռիի» հետ:

Առաջնությունում այլևս ոչ մի խնդիր չհետապնդող վանաձորյան թիմի դեմ հանդիպումը բախտորոշ նշանակություն ունի «Փյունիկի» համար, որը խոստանում է վճռորոշ դեր խաղալ չեմպիոնի որոշման հարցում: Պետք է նշել, որ այս մրցաշրջանում «Լոռին»՝  «Գանձասար-Կապանի» հետ մեկտեղ առաջնության այն 2 թիմերից է, ում հաջողվել է երկու անգամ հաղթել «Փյունիկին»: Ընդ որում, երկու դեպքում էլ «Լոռին» հաջողության է հասել հյուրընկալվելիս:

Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին կայացած Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խաղում, «Լոռին» արդեն առաջին կեսում կարողացավ վճռել հանդիպման ելքը: Մրցակիցը առաջին 30 րոպեներին 3 անգամ գրավեց մեր թիմի դարպասը և մինչև խաղավերջ պահեց հաղթական հաշիվը:

Իսկ ահա առաջնության 2-րդ շրջանի թիմերի միջև կայացած խաղում, «Փյունիկը» կարողացավ Ռումյան Հովսեփյանի գոլի շնորհիվ 3 միավորով վերադառնալ Վանաձորից:

Առաջնության շրջանակներում «Փյունիկի» և «Լոռիի» միջև վերջին հանդիպումը կայացել է այս տարվա ապրիլի 7-ին՝ Բարձրագույն խմբի 25-րդ տուրում, որտեղ վանաձորյան թիմին կրկին հաջողվեց հյուրընկալվելիս առավելության հասնել մեր թիմի նկատմամբ: «Լոռիի» խփած 2 գնդակներին՝ «Փյունիկը» կարողացավ պատասխանել միայն Ռումյան Հովսեփյանի անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածով և «Հանրապետական» մարզադաշտում 1-2 հաշվով պարտություն կրեց: Հատկանշական է, որ այդ խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Անդրեյ Տալալաևը: Ի դեպ, այդ օրը՝ հանդիպումից առաջ, «Փյունիկի» մարզադպրոցում նշվել էր ակումբի հիմնադրման 27-ամյակը:  

Ընթացիկ մրցաշրջանում երկու թիմերի ճանապարհները խաչվել են նաև Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, որտեղ «Լոռին» երկու հանդիպումների արդյունքով (0-2, 1-1) կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Նկատի ունենալով, որ սա առաջնությունում «Փյունիկի» մասնակցությամբ վերջին արտագնա մրցավեճն է, նորից ընդգծենք, որ ընթացիկ մրջաշրջանում մեր թիմը շատ հաջող է հանդես գալիս մրցակիցների հարկի տակ: Անցկացրած արտագնա 15 հանդիպումներից՝ 11-ում «Փյունիկը» հաղթանակ է տոնել և 3 ոչ-ոքի խաղացել ՝ վաստակելով 36 միավոր: Դա առաջնության մասնակից թիմերի մեջ լավագույն ցուցանիշն է:  

Նշենք, որ առաջիկա խաղը կայանալու է վաղը, մայիսի 20-ին՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 15:00-ին:

Ավելացնենք, որ առաջնությունում «Փյունիկի» վերջին 2 հանդիպումները որակազրկման պատճառով բաց կթողնի մեր թիմի պաշտպան Քրիստի Մարկուն:

Վերջին նորություններ