
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» է վերադառնում 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոչուկը:
Մոլդովացի ֆուտբոլիստը մեր թիմից հեռացել էր նախորդ տարվա ամռանը:
Կոչուկը երևանյան ակումբում սկսել է հանդես գալ 2022 թվականի հունվարից: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել 2022-ի եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1):
Մեր գույներով Կոչուկը մինչև հեռանալը 38 խաղում դարձել էր մեկ գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կոչուկի կարիերայի ամենանշանակալի նվաճումներից է նաև 2016 թվականին «Ժիլինայի» հետ չեմպիոնությունը Սլովակիայում։ Մոլդովացի ֆուտբոլիստը նախկինում ելույթներ է ունեցել բացառապես եվրոպական ակումբներում։ Մեր 29 համարը Մոլդովայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում։
Ժենյային մաղթում ենք հաղթանակներ ու նոր տպավորիչ պահեր «Փյունիկի» հետ միասին: