Լեգենդներ

Խորեն Հովհաննիսյան

10.01.1955

20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հանդիսանում է «Փյունիկ» (նախկին ՀՄԸՄ) ակումբի հիմնադիրներից մեկը:

Խորեն Հովհաննիսյան (ՀՄԸՄ) (6).jpg (141 KB)

1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունում նա խաղացող-մարզչի կարգավիճակում օգնել է թիմին նվաճել Հայաստանի առաջին չեմպիոնի կոչումը: Մասնավորապես, ՀՄԸՄ-ի կազմում առաջնությունում անցկացրած 27 խաղում Խորեն Հովհաննիսյանը դարձավ 17 գոլի հեղինակ: Հաջորդ առաջնությունը նա նույնպես սկսեց խաղացող-մարզչի կարգավիճակում, բայց մի քանի տուր հետո մեկնեց Լիբանան՝ գլխավորելու տեղի ՀՄԸՄ թիմը: Նրա վերադարձը կայացավ արդեն 1995թ.-ին, երբ ՀՄԸՄ-ն վերանվանվեց «Փյունիկ» և Խորեն Հովհաննիսյանը ստանձնեց թիմի ղեկը: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 2 անգամ անընդմեջ (1995/96, 1996/97թթ.) դարձավ Հայաստանի չեմպիոն:

Խորեն Հովհաննիսյան (ՀՄԸՄ) (2).jpg (69 KB)

1998թ.-ի «Փյունիկի» լուծարումից 3 տարի անց, 2001թ.-ին՝ Խորեն Հովհաննիսյանը նորից վերակազմավորել է «Փյունիկ» ակումբը, որը նույն մրցաշրջանում հռչակվել է Հայաստանի չեմպիոն:

 

Սարգիս Հովսեփյան

02.11.1972

Սարգիս Հովսեփյան (Փյունիկ) (3).jpg (176 KB)

            Լուսանկարը՝ ArmFootball.com-ի։

Սարգիս Հովսեփյանը «Փյունիկի» կազմում անցկացրած խաղերի թվով ռեկորդակիրն է (365 խաղ): 1992թ.-ին ՀՄԸՄ-ի հետ դարձել է Հայաստանի առաջին չեմպիոն և նույն մրցաշրջանում ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն խաղացող: 1995/96 և 1996/97թթ. մրցաշրջանում «Փյունիկի» կազմում 2 տարի անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն:

1997թ.-ի մրցաշրջանի ավարտից հետո, «Փյունիկից» տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Շուրջ 6 տարի հանդես գալով Ռուսաստանում, 2004թ.-ին Հովսեփյանը վերադարձել է «Փյունիկ», որի հետ 7 անգամ անընդմեջ (2004-2010թթ.) դարձել Հայաստանի առաջնության հաղթող: Ընդհանուր առմամբ, Սարգիս Հովսեփյանը բոլորից շատ՝ 10 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը ռեկորդային է Հայաստանի առաջնությունների պատմության մեջ:

Sargis Hovsepyan.jpg (189 KB)

«Փյունիկի» կազմում հանդես գալու տարիներին նա 3 անգամ (1992, 1995, 2008թթ.) ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն խաղացող: Կարիերան ավարտելուց հետո, Սարգիս Հովսեփյանը «Փյունիկ» ակումբում անցել է մարզչական աշխատանքի: 2013թ.-ի դեկտեմբերին ստանձնել «Փյունիկի» ղեկը և թիմի հետ աշխատել մինչև 2016թ.-ի հուլիսը: 2014/15թթ. առաջնությունում նրա ղեկավարությամբ «Փյունիկը» նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

 

Արսեն Ավետիսյան

08.10.1973

Arsen Avetisyan 1.jpg (251 KB)

Արսեն Ավետիսյանը «Փյունիկի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (154 գոլ): Նա «Մալաթիա» թիմի այն երիտասարդ խաղացողներից մեկն էր, ով 1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնության նախաշեմին համալրեցին Խորեն Հովհաննիսյանի գլխավորած նորաստեղծ ՀՄԸՄ-ի շարքերը:

Ավետիսյանը «Փյունիկի» կազմում 3 անգամ (1994, 1995, 1996/97թթ.) դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով համապատասխանաբար 39, 12 և 24 գնդակ: Ընդ որում, 1994թ.-ի առաջնությունում նրա խփած 39 գոլը երկար ժամանակ համարվում էր Հայաստանի առաջնությունների արդյունավետության ռեկորդ, որը գերազանցվեց միայն 2003թ.-ին:

Արսեն Ավետիսյանը դարձել նաև եվրոգավաթների խաղարկություններում «Փյունիկի» առաջին գոլի հեղինակը՝ ՈՒԵՖԱ-ի 1996/97թթ. գավաթի խաղարկությունում «Հրազդան» մարզադաշտում գրավելով ֆիննական ՀԻԿ-ի դարպասը: Նա «Փյունիկում» հանդես է եկել ակումբի ստեղծման օրից մինչև 1998թ.-ի թիմի լուծարումը, որից հետո կարիերան շարունակել է այլ թիմերում: 2006թ.-ին Ավետիսյանը վերադարձել է «Փյունիկ» և 2 մրցաշրջան պաշտպանել է ակումբի գույները: Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկի կազմում 5 անգամ (1992, 1995/96, 1996/97, 2006, 2007թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն: 

 

Վարազդատ Ավետիսյան

11.10.1972

Վարազդատ Ավետիսյան (Փյունիկ) (1).jpg (123 KB)

Վարազդատ Ավետիսյանը «Փյունիկի» այն 3 խաղացողներից մեկն է (Վարդան Մինասյանի և Արսեն Ավետիսյանի հետ միասին), ով ակումբի հիմնադրման օրվանից հավատարմորեն ծառայել է թիմին մինչև նրա լուծարումը: Այդ ընթացքում նա «Փյունիկի» հետ 3 անգամ (1992, 1995/96, 1996/97թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: 1998թ.-ին, երբ «Փյունիկը» հայտնվեց լուծարման շեմին՝ թիմի առաջատար խաղացողներ Վարազդատ Ավետիսյանն ու Վարդան Մինասյանը տեղափոխվեցին «Երևան»:

Հաջորդ մրցաշրջանում Ավետիսյանը շարունակեց իր ելույթները «Երևանում», ապա որոշակի ժամանակահատված հանդես եկավ «Արարատում» և «Միկայում»: Երբ 2001թ.-ին կայացավ «Փյունիկը» վերածնունդը՝ Վարազդատ Ավետիսյանը վերադարձավ հարազատ թիմ և օգնեց «Փյունիկին» նվաճել առաջնության ոսկե մեդալները: Կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Փյունիկի» մարզչական շտաբում, իսկ 2013թ.-ի նոյեմբերին եղել գլխավոր մարզչի պաշտոնակատար:

 

Վարդան Մինասյան

05.01.1974

Վարդան Մինասյան (Փյունիկ) (5).jpg (165 KB)

Վարդան Մինասյանը «Փյունիկի» կազմում հանդես է եկել ակումբի հիմնադրման օրվանից: Մինչ «Փյունիկի» լուծարումը՝ նա թիմի հետ 3 անգամ (1992, 1995/96, 1996/97թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն: 1998թ.-ի առաջնության ընթացքում, երբ  «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, դա ստիպեց թիմի առաջատար խաղացողներին տեղափոխվել այլ ակումբներ, որոնց թվում էր նաև Վարդան Մինասյանը: Նա առաջնության վերջնամասն անցկացրեց «Երևանում», իսկ հաջորդ 2 մրցաշրջաններում հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի «Լոկոմոտիվում»: 2001թ.-ի «Փյունիկի» վերակազմավորումից հետո վերադառնալով հարազատ թիմ՝ Վարդան Մինասյանը դարձավ «Փյունիկի» ավագը և հենց նա առաջնորդեց թիմին դեպի չեմպիոնություն: Մինասյանը հիանալի անցկացրեց այդ մրցաշրջանը և արժանորեն ճանաչվեց Հայաստանի 2001թ.-ի լավագույն խաղացող:

Վարդան Մինասյան (Փյունիկ) (2).jpg (223 KB)

Այդուհանդերձ, հետագա երկու մրցաշրջաններում Մինասյանին հաճախ խանգարում էին վնասվածքները, ինչի պատճառով նրան չէր հաջողվում վերադառնալ նախկին մարզավիճակին: Արդյունքը եղավ այն, որ 2003թ.-ի մրցաշրջանի ընթացքում Վարդան Մինասյանը որոշեց թողնել գործնական ֆուտբոլը և ակումբում մարզչական աշխատանքի անցավ: «Փյունիկում» նա մի քանի տարի աշխատեց մարզչի օգնականի կարգավիճակով, ապա 2008թ.-ին գլխավորեց «Փյունիկը»: Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Փյունիկը» 3 տարի անընդմեջ (2008, 2009, 2010թթ.) հռչակվեց Հայաստանի չեմպիոն:           

 

Արթուր Մկրտչյան

09.08.1973

Artur Mkrtchyan.jpg (193 KB)

Արթուր Մկրտչյանը «Փյունիկում» խաղացել է 1995թ.-ից՝ մինչ այդ 3 մրցաշրջան հանդես գալով «Նաիրի» թիմում: Այնուհետև «Փյունիկի» կազմում 2 անգամ (1995/96, 1996/97թթ.) դարձել Հայաստանի չեմպիոն: 1998թ.-ին մեկնել Ռուսաստան՝ 2 մրցաշրջան հանդես գալով նախ Մոսկվայի «Տորպեդոյում», ապա Սամարայի «Կռիլյա Սովետովում»: 2001թ.-ի «Փյունիկի» վերակազմավորումից հետո, թիմը համալրեցին նախկին փյունիկցիները, որոնց թվում էր նաև Արթուր Մկրտչյանը: Վերջինս օգնեց թիմին հենց առաջին փորձից 4-րդ անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն: Արթուր Մկրտչյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլերում 2 անգամ «Փյունիկի» կազմում դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: 2002/03թթ. խաղարկությունում նա մրցակցի հարկի տակ գրավել է ֆիննական «Տամպերե Յունայթեդի» դարպասը, ապա 2004/05թթ. խաղարկությունում Երևանում աչքի է ընկել մակեդոնական «Պոբեդայի» դեմ խաղում: Մկրտչյանը «Փյունիկի» կազմում 6 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Կարիերան ավարտելուց հետո երկար ժամանակ աշխատել է «Փյունիկի» մարզչական շտաբում:     

 

Էդգար Մանուչարյան

19.01.1987

Էդգար Մանուչարյան (Փյունիկ) (5).jpg (150 KB)

        Լուսանկարը՝ TotalFootball.am-ի

Էդգար Մանուչարյանը համարվում է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկի» մարզադպրոցում: Արդեն պատանեկան տարիքում աչքի է ընկել գոլահարի որակներով և բացառիկ արդյունավետությամբ: «Փյունիկի» պատանեկան թիմերի հետ հաղթող է ճանաչվել տարբեր երկրներում (ԱՄՆ, Նորվեգիա, Վրաստան) անցկացված միջազգային մրցաշարերում, որտեղ նորից աչքի ընկել բարձր արդյունավետությամբ: 2002թ.-ի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Եղվարդի «Դինամոյի» դեմ խաղում՝ ընդամենը 15 տարեկանում Էդգար Մանուչարյանն իր նորամուտը նշեց «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում և այդ խաղի 90-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:

Էդգար Մանուչարյան (Փյունիկ) (4).jpg (241 KB)

       Լուսանկարը՝ Photolure-ի։

Մեկ շաբաթ անց՝ «Բանանցի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նաև Հայաստանի առաջնությունում: Նույն տարվա օգոստոսի 16-ին, Մանուչարյանը բացեց իր գոլերի հաշիվը նաև Բարձրագույն խմբի առաջնությունում՝ Կապանում գրավելով «Լեռնային Արցախի» դարպասը: 2004թ.-ին, 17-ամյա Էդգար Մանուչարյանը «Փյունիկի» հետ 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց  Հայաստանի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև իր թիմակից Գալուստ Պետրոսյանի հետ 21-ական գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: Տարեվերջում Մանուչարյանը ճանաչվեց նաև Հայաստանի տարվա լավագույն խաղացող: Նրա ծառայություններով վաղուց հետաքրքվում էին եվրոպական թիմերը և ի վերջո, 2005թ.-ին Էդգար Մանուչարյանը «Փյունիկից» տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս»: Նա առաջին հայ ֆուտբոլիստն էր, ում հաջողվեց պայմանագիր կնքել եվրոպական գրանդ թիմերից մեկի հետ: Մանուչարյանը «Փյունիկ» վերադարձավ 2010թ.-ի հուլիսին և թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն:      

 

Ռոբերտ Արզումանյան

24.07.1985

Ռոբերտ Արզումանյան (Փյունիկ) (1).jpg (326 KB)

Ռոբերտ Արզումանյանը հանդիսանում է նորանկախ Հայաստանի պատմության լավագույն պաշտպաններից մեկը: Նա «Փյունիկի» սան է, խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում: 2003թ.-ի մայիսի ️13-ին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Դինամո-2000»-ի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Հենց «Փյունիկում» խաղալու տարիներին 2005թ.-ին՝ 19 տարեկանում իր նորամուտն է նշել նաև Հայաստանի ազգային հավաքականում:

Ռոբերտ Արզումանյան (Փյունիկ) (2).jpg (73 KB)

Նույն տարում «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի կողմից ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան: Արզումանյանն իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է 2006թ.-ի օգոստոսի 5-ին՝ Հայաստանի առաջնությունում գրավելով «Գանձասարի» դարպասը: Նա 2 անգամ անընդմեջ (2006, 2007թթ.) ճանաչվել է Հայաստանի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: «Փյունիկի» կազմում Ռոբերտ Արզումանյանը 5 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ գավաթակիր և 3 անգամ սուպերգավաթակիր:

 

Գևորգ Ղազարյան

05.04.1988

Գևորգ Ղազարյան (Փյունիկ) (3).jpg (178 KB)

                                Լուսանկարը՝ TotalFootball.am-ի։

Գևորգ Ղազարյանը իր առաջին ֆուտբոլային քայլերն է կատարել «Փյունիկի» մարզադպրոցում: 2005թ.-ի հուլիսի 6-ին՝ 17 տարեկանում իր նորամուտն է նշել «Փյունիկի» հիմնական կազմում: Թիմի հոլանդացի մարզիչ Հենկ Վիսմանը՝ «Լեռնագործի» դեմ խաղի ընդմիջումից անմիջապես հետո նրան խաղադաշտ դուրս բերեց Աղվան Մկրտչյանի փոխարեն: Ղազարյանն իր առաջին մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցեց 11 հանդիպման: Հաջորդ առաջնությունում նա իր առաջին գոլերը խփեց «Փյունիկում». 2006թ.-ի մայիսի 24-ին՝ «Շիրակի» դեմ Երևանում կայացած խաղում փոխարինման դուրս գալով կարողացավ դառնալ դուբլի հեղինակ:

Գևորգ Ղազարյան (Փյունիկ) (5).jpg (175 KB)

2007թ.-ը բեկումնային էր Գևորգ Ղազարյանի կարիերայում. նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Երևանում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ մրցավեճում, իսկ «Փյունիկի» կազմում 2 անգամ աչքի ընկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի հանդիպումներում: Հատկապես հիշարժան էր նրա խփած գոլը Դոնեցկի «Շախտյորի» դարպասը: 2010թ.-ի Հայաստանի առաջնությունում Գևորգ Ղազարյանն իր թիմակից Մարկոս Պիզելլիի հետ 16-ական գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 2011թ.-ի  ամռանը «Փյունիկից» միասին տեղափոխվեցին Դոնեցկի «Մետալուրգ»: Ղազարյանը «Փյունիկի» կազմում 6 տարի անընդմեջ (2005, 2006, 2007, 2008, 2009, 2010թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն:

 

Հենրիխ Մխիթարյան

21.01.1989

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) (1).jpg (68 KB)

                            Լուսանկարը՝ Photoplanet-ի։

Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակումբի և հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչն է, ով մեծ հաջողությունների է հասել և համաշխարհային ճանաչում ձեռք բերել: Նա «Փյունիկի» սան է, հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում: 2006թ.-ին՝ 17 տարեկանում արդեն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, իսկ նույն տարում Հայաստանի առաջնության՝ «Շիրակի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում: Մխիթարյանը այդ մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրած 11 խաղում խփել է 1 գոլ և թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) (7).jpg (74 KB)

                                             Լուսանկարը՝ Photoplanet-ի։

2007թ.-ի հուլիսին՝ «Դերի Սիթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների լիգայում, որտեղ «Փյունիկը» առաջին փուլում հաղթահարեց իռլանդական թիմի արգելքը: Իսկ ահա որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» ուժերը չափեց Դոնեցկի «Շախտյորի» հետ և Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր ապագա թիմի դեմ կայացած 2 հանդիպումներին: Ինչպես հետագայում իր ասուլիսներից մեկում նշեց Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ ռումինացի Միրչեա Լուչեսկուն՝ հենց  «Փյունիկի» դեմ խաղերում է նա առաջին անգամ նկատել Մխիթարյանին: 2008թ.-ի Հայաստանի առաջնության վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը փորձաշրջանի է մեկնում Լիոն «Օլիմպիկ» և այդ պատճառով բաց է թողնում «Արարատի» դեմ առաջնության «ոսկե հանդիպումը»:

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) (6).jpg (117 KB)

2009թ.-ի մրցաշրջանը Մխիթարյանը սկսում է շատ բարձր արդյունավետությամբ՝ առաջնության սկզբում դառնալով 11 գոլի հեղինակ, իսկ գավաթի եզրափակչում նրա խփած միակ գոլը մրցավարի ավելացրած ժամանակում հաղթանակ է բերում «Փյունիկին»: Հենրիխ Մխիթարյանն իր վերջին հանդիպումը «Փյունիկի» կազմում անցկացնում է հունիսի 30-ին՝ «Գանձասարի» դեմ խաղում, որից հետո տեղափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ»: Նա «Փյունիկի» կազմում 4 անգամ անընդմեջ (2006, 2007, 2008, 2009թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն: