«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է 1992 թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։
Ակումբի հիմնադիրներից է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչև 1995 թվականը թիմը կրել «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։
Փյունիկը հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է, որը, զգալով իր վախճանն, այրվում է և վեր հառնում մոխրից՝ իբրև նոր, երիտասարդ թռչուն։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 16 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ՝ երկրի գավաթակիր և 10 անգամ՝ սուպերգավաթակիր։
1992 թվականի անկախ Հայաստանի առաջին առաջնությունն անցկացվեց 2 փուլով, որի արդյունքով ՀՄԸՄ-ն և Գյումրիի «Շիրակը» վաստակեցին հավասար քանակությամբ միավորներ և չեմպիոնին ի հայտ բերելու համար որոշվեց անցկացնել «ոսկե խաղ»։ Սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան մրցավայրի հարցում և ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն որոշում կայացրեց երկու թիմերին էլ հռչակել առաջնության չեմպիոն։
Հաջորդ մրցաշրջանում ՀՄԸՄ-ն բավարարվեց 4-րդ տեղով, իսկ 1994 թվականի առաջնությունում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Հատկանշական էր, որ այդ տարի մեր թիմի հարձակվող Արսեն Ավետիսյանը 39 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, որը երկար տարիներ անգերազանցելի մնաց: Այդ ցուցանիշով՝ Ավետիսյանը ճանաչվեց նաև 1994/95թթ․ մրցաշրջանի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուն։
1995 թվականին, հանրապետությունում ՀՅԴ կուսակցության փակման հետևանքով՝ ՀՄԸՄ-ն, որը ներկայացնում էր քաղաքական այդ միավորումը, ստիպված էր փոխել իր անունը և ակումբը վերանվանվեց՝ «Փյունիկ»։
Նույն տարի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն առաջին անգամ անցկացվեց աշուն-գարուն մրցակարգով և վերանվանված «Փյունիկի» ղեկը կրկին ստանձնեց 1,5 տարի Լիբանանում աշխատելուց հետո հայրենիք վերադարձած Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկը», որն այդ ժամանակահատվածում հավաքագրել էր շատ ուժեղ կազմ ու հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի կորիզը, գերազանց անցկացրեց ողջ առաջնությունն ու արժանիորեն նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Դա էր վկայում նաև այն, որ մեր թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց։
1996 թվականի հուլիսին, «Փյունիկն» իր նորամուտը նշեց նաև եվրոգավաթների խաղարկություններում։ Հայաստանի չեմպիոնն ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում «Հրազդան» մարզադաշտում 3։1 հաշվով գերազանց հաղթանակ տարավ ֆիննական ՀԻԿ-ի նկատմամբ։ Այնուամենայնիվ, պատասխան խաղում մեր թիմը չկարողացավ զարգացնել հաջողությունը՝ լրացուցիչ ժամանակում մրցակցին զիջելով 2։5 հաշվով։
Ներքին առաջնությունում «Փյունիկի» մենիշխանությունը շարունակվում էր, ինչի արդյունքում թիմը 1996/97թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Ամռանը «Փյունիկն» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ երկու հանդիպումներում (0:2, 3:4) զիջեց Հունգարիայի չեմպիոն Բուդապեշտի ՄՏԿ-ին:
1997 թվականի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, որը վերադարձել էր նախկին ձևաչափին, «Փյունիկն» անսպասելիորեն դուրս մնաց լավագույն եռյակից, իսկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ հեռացան թիմից։ Կադրային կորուստները և թիմի առջև առաջացած ֆինանսական դժվարություններն հանգեցրին նրան, որ հաջորդ՝ 1998 թվականի մրցաշրջանը «Փյունիկի» համար խիստ անհաջող դասավորվեց ու թիմն առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում, իսկ առաջնության ավարտից հետո դադարեցրեց իր գոյությունը:
«Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց՝ Խորեն Հովհաննիսյանի ու Ռուբեն Հայրապետյանի ջանքերով: Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» բազայի հիման վրա, որը դարձել էր 2000 թվականի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող և ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր նվաճել, կրկին կազմավորվեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Թիմում ընդգրկեցին մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, որոնցից Վարազդատ Ավետիսյանը, Արթուր Մկրտչյանը, Վարդան Մինասյանը և Արմեն Սանամյանը դեռևս 90-ականներին թիմի առաջատար խաղացողներից էին։ Այդպիսով, նորովի կազմավորված և ողջ առաջնությունը մեկ շնչով անցկացրած «Փյունիկն» առաջին իսկ փորձից դարձավ 2001 թվականի Հայաստանի առաջնության չեմպիոն:
Հաջորդ տարի թիմը հանդես եկավ Չեմպիոնների լիգայում խաղարկությունում և կարողացավ ևս մեկ փայլուն նվաճման հասնել. «Փյունիկը» երկու հանդիպումներում էլ (4-0, 2-0) տպավորիչ հաղթանակներ տարավ Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Հատկապես առաջին խաղում մրցակցի հարկի տակ «Փյունիկի» տարած խոշոր հաշվով հաղթանակը մեծ իրարանցում էր առաջացրել մեր հանրապետությունում և պատասխան խաղի ժամանակ «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով։
Հետագա տարիներին «Փյունիկը» ևս մի քանի անգամ կարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը, սակայն որակավորման երկրորդ փուլում մեր թիմին բաժին էին եվրոպական բարձրակարգ ակումբներ, ի դեմս՝ Կիևի «Դինամոյի», Դոնեցկի «Շախտյորի», Զագրեբի «Դինամոյի» և նորվեգական «Մյոլդեի», որոնց արգելքը հաղթահարելը դյուրին խնդիր չէր:
Փոխարենը երկար տարիներ շարունակվեց «Փյունիկի» գերիշխանությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում. թիմը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչը ռեկորդային է հայկական ֆուտբոլում: Այդ ընթացքում «Փյունիկում» որպես ֆուտբոլիստներ են ձևավորվել Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը և ակումբի այլ սաներ, ովքեր հետագայում դարձան Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները։
2017 թվականի մայիսին «Փյունիկը» ձեռք բերեց հայտնի գործարար Արթուր Սողոմոնյանը։ Ակումբի նոր սեփականատերն իր կառավարման հենց սկզբում թիմի ղեկը վստահեց ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին, սակայն վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց Արմեն Գյուլբուդաղյանցն, ում գլխավորությամբ «Փյունիկն» առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում, սակայն իրավունք ստացավ որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի 2018/19 թթ․ խաղարկությունում։
Եվրոգավաթային հանդիպումների մեկնարկից առաջ, «Փյունիկը» գլխավորեց ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևը։ Զուգահեռաբար մեր թիմի կազմը համալրվեց մի շարք լեգեոներներով, որոնց գերակշռող մասը ռուս ֆուտբոլիստներ էին։ Տալալաևը կարողացավ կարճ ժամանակում հաջողություններ գրանցել մեր թիմի հետ։ Նրա գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվեց անկախ Հայաստանի պատմության մեջ հայկական թիմերից առաջինը դուրս գալ եվրոգավաթների խաղարկության 3-րդ փուլ: Մեր թիմը որակավորման առաջին երկու փուլերում պայքարից դուրս թողեց համապատասխանաբար մակեդոնական «Վարդարին» (1:0, 2:0) և ղազախական «Տոբոլին» (1:2, 1:0), իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով (0:0, 1:2) համառ պայքարում զիջեց Թել-Ավիվի «Մաքքաբիին»:
Ի սկզբանե, Արթուր Սողոմոնյանը որոշել էր՝ նոր մրցաշրջանից առաջ «Փյունիկը» վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ հանդիսացան ակումբի անվանափոխությանը։ 2019 թվականի մարտին ներկայացվեց «Փյունիկի» նոր տարբերանշանը, որը խորհրդանշում է նռան պատկեր, իսկ դրա կենտրոնում պատկերված է առասպելական թռչունը։
2019-ի ապրիլին Տալալաևը լքեց «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնն` անձնական խնդիրների պատճառով, որից հետո թիմի ղեկը ստանձնեց հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը։ Նրա գլխավորությամբ՝ «Փյունիկը» հաջող անցկացրեց առաջնության մնացած հատվածն ու շատ մոտ էր նվաճելու Հայաստանի չեմպիոնի կոչումը, սակայն առաջնության նախավերջին խաղում մեր թիմը կողմնակալ մրցավարության զոհ դարձավ և բավարարվեց միայն առաջնության արծաթե մեդալներով։
Ամռանը «Փյունիկը» կրկին ներգրավվեց Եվրոպա լիգայի խաղարկությանն ու կարողացավ կրկնել նախորդ տարվա հաջողությունը։ Որակավորման առաջին փուլում մեր թիմը հաղթահարեց մակեդոնական «Շկուպիի» արգելքն (3:3, 2:1), իսկ հաջորդ փուլում երկու խաղերի արդյունքով (2:1, 0:0) պայքարից դուրս թողեց չեխական «Յաբլոնեցին»։ Այդուհանդերձ, որակավորման 3-րդ փուլում «Փյունիկին» բաժին հասավ չափազանց զորեղ մրցակից՝ ի դեմս անգլիական «Վուլվերհեմփթոնի», որին մեր թիմը երկու հանդիպումներում էլ (0:4, 0:4) անզոր եղավ դիմակայել։
Նույն մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը, որն անցկացվեց նոր ձևաչափով, խիստ անհաջող դասավորվեց «Փյունիկի» համար։ Մեր թիմին չհաջողվեց հայտնվել մրցանակային տեղերի համար պայքարող 6 լավագույն թիմերի շարքում և այդպիսով Հայաստանի բազմակի չեմպիոնը վերջին 19 տարիների ընթացքում առաջին անգամ մնաց առանց եվրոգավաթային ուղեգրի։ Ընդ որում, առաջնության ընթացքում թիմն հանդես եկավ երեք տարբեր մարզիչների գլխավորությամբ։ Դեռևս առաջնության միջնամասում իր պաշտոնը լքեց Ալեքսանդր Տարխանովն, ում փոխարեն մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սուրեն Չախալյանն, իսկ առաջնության գարնանային հատվածը «Փյունիկն» անցկացրեց Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ։
2020 թվականի ամռանը «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը դարձավ երիտասարդ մասնագետ Արտակ Օսեյանը։ Ցավոք, 2020/21թթ․ մրցաշրջանը վատագույններից էր մեր ակումբի պատմության մեջ։ Տեղին է նշել, որ առաջնության առաջին հատվածում շուրջ մեկամսյա դադար եղավ, որը պայմանավորված էր սեպտեմբերին սկսված արցախյան 44-օրյա պատերազմով և առաջնության մի քանի տուրերի հանդիպումներ հետաձգվեցին անորոշ ժամանակով։ Աշնանային հատվածում «Փյունիկն» անցկացրած 10 խաղում այդպես էլ չտոնեց ոչ մի հաղթանակ ու ձմեռային դադարի գնաց առաջնությունում զբաղեցնելով իր համար ոչ պատվաբեր` վերջին տեղը։ Դա մտահոգվելու լուրջ առիթ տվեց ակումբի ղեկավարությանը, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար լուրջ միջոցներ ձեռնարկվեին։
2021 թվականի հունվարին «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանն, ով առաջնության աշնանային հատվածում գլխավորում էր Երևանի «Ալաշկերտը»։ Մելիքյանն Ուկրաինայում աշխատելու արդեն զգալի փորձ ուներ, և պատահական չէր, որ միանգամից «Փյունիկ» հրավիրեց փորձառու ուկրաինացի ֆուտբոլիստների, որոնց հետ հասցրել էր աշխատել Ուկրաինայում։ Մեր թիմի շարքերը համալրեցին նաև մի քանի լատինաամերիկացի լեգեոներներ։ Առաջնության գարնանային հատվածում, «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ՝ կարողացավ 5 հաղթանակ տանել, ինչը հնարավորություն տվեց մեր թիմին բարձրանալ աղյուսակի ստորին հատվածից ու առաջնությունն ավարտել 7-րդ տեղում։
Հաջորդ մրցաշրջանը սկիզբ դրեց «Փյունիկի» պատմության լավագույն էջերից մեկին։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ առաջնությունում Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» 15-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն և 7 տարի անց կրկին իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Խորհդանշական էր նաև այն, որ «Փյունիկն» այդ չեմպիոնությունը նվաճեց իր հիմնադրման 30-ամյակի տարում։
Էլ ավելի տպավորիչ ստացվեցին մեր թիմի ելույթներն եվրոգավաթներում։ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հերոսական ջանքեր գործադրելով, հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ կարողացավ հաղթահարել Ռումինիայի չեմպիոն ՉՖՌ «Կլուժի» արգելքը (0:0, 2:2, 4։3՝ 11մ.)։ Հաջորդ փուլում մեր թիմը չնայած սեփական հարկի տակ կրած պարտությանը, դիմակայության պատասխան խաղում տարած փայլուն հաղթանակի շնորհիվ պայքարից դուրս թողեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0:1, 4:1)։ Դա պատմական նվաճում էր մեր ակումբային ֆուտբոլի համար, քանզի մինչ այդ հայկական թիմերից ոչ մեկին չէր հաջողվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։ Իսկ այդտեղ մեր թիմին սպասում էր սերբական ֆուտբոլի դրոշակակիր, անվանի «Ցրվենա Զվեզդան», որը երկու խաղերում էլ (5:0, 2:0) հաստատեց իր բարձր կարգը։
Դուրս մնալով Չեմպիոնների լիգայի մրցաշարից, «Փյունիկը» շատ մոտ էր հանդես գալու Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլում, որի ուղեգիրը մեր թիմը փլեյ-օֆֆ փուլում վիճարկեց Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Դիմակայության երկու խաղերում էլ լուսատախտակին զրոներ վառվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում, որը դրամատիկ հանգուցալուծում ունեցավ, բախտը ժպտաց մոլդովացիներին։ Այդպիսով, իր եվրոգավաթային ճանապարհը փյունիկցիները շարունակեցին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտեղ մեր թիմին բաժին էին հասել շվեյցարական «Բազելը», Բրատիսլավայի «Սլովանը» և լիտվական «Ժալգիրիսը»։ Հայաստանի չեմպիոնն այստեղ ևս պատվով հանդես եկավ՝ Երևանում տպավորիչ հաղթանակներ տանելով «Սլովանի» (2:0) և «Ժալգիրիսի» (2:0) նկատմամբ։ Եվ դեռ ավելին, մինչև վերջին տուրը «Փյունիկը» լավ հնարավորություններ էր պահպանում խմբից դուրս գալու համար, սակայն մեր ֆուտբոլիստները վերջին տուրում սեփական հարկի տակ ցավալիորեն զիջեցին շվեյցարական «Բազելին» (1:2): Անկասկած, դա «Փյունիկի» պատմության լավագույն մրցաշրջանն էր և ոսկե տառերով գրվեց մեր ակումբի պատմագրքում։
Հարկ է նշել, որ «Փյունիկն» իր առավելագույն ուժերը կենտրոնացնելով եվրոգավաթային հանդիպումների վրա, առաջնության որոշ խաղերում անտեղի միավորներ կորցրեց ու ձմեռային դադարի գնաց առաջատարից հետ մնալով 13 միավորով։ Թվում էր՝ գործնականում մեր թիմի համար անիրատեսական կլինի ի չիք դարձնել միավորների մեծ տարբերությունը, սակայն առաջնության գարնանային հատվածում «Փյունիկը» 14 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարք անցկացրեց ու չեմպիոնական մրցապայքարը նոր ուժով բորբոքվեց։ Սակայն, մեր թիմի համար բախտորոշ եղավ նախավերջին տուրում «Ուրարտուից» կրած (0:1) նվազագույն հաշվով պարտությունը, որը վճռեց չեմպիոնության հարցը։
Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում պայքարը սկսեց որակավորման առաջին փուլից, որտեղ երկու խաղերում էլ (2:0, 3:0) խնդիրներ չունեցավ էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» հետ։ Հաջորդ փուլում մեր ֆուտբոլիստներն ուժերը չափեցին անհամեմատ բարձր որակավորում ունեցող շվեդական «Կալմարի» հետ ու երկու խաղերում էլ (2:1, 2:1) առավելության հասան ուժեղ մրցակցի նկատմամբ։ Հատկապես հիշարժան էր Աբովյանում կայացած թիմերի միջև պատասխան խաղում Արտակ Դաշյանի՝ գրեթե սեփական կիսադաշտից խփած ապշեցուցիչ գոլը։ «Փյունիկի» եվրոգավաթային հաղթարշավը կարողացավ ընդհատել նորվեգական «Բուդյո Գլիմտը», որին մեր թիմը երկու խաղերում էլ զիջեց միևնույն՝ 0-3 հաշվով ու ավարտեց իր ելույթները։
Պետք է նշել, որ այդ ժամանակահատվածում ծայրաստիճան սրված էին «Փյունիկի» հարաբերությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, որը սկիզբ էր առել դեռևս նախորդ տարվա եվրոգավաթային հանդիպումների ընթացքում։ Կողմերի միջև կոնֆլիկտն էլ ավելի խորացավ այն բանից հետո, երբ ՀՖՖ-ն առանց որևէ լուրջ հիմնավորման, միակողմանի լուծարեց «Փյունիկի»՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում տնային հանդիպումներն անցկացնելու վարձակալության պայմանագիրը, միաժամանակ, մեր թիմին չտրամադրելով նաև պահեստային համարվող Արմավիրի քաղաքային մարզադաշտը։ Մինչ այդ, ՀՖՖ-ն «Փյունիկին» չէր տրամադրել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը (որտեղ, ի դեպ, մեր թիմն իր տնային հանդիպումներն էր անցկացնում 2001 թվականից)՝ պատճառաբանելով մարզադաշտի ծանրաբեռնվածությամբ։ ՀՖՖ ղեկավարների նման քմահաճո որոշման արդյունքում՝ «Փյունիկը» հայտնվեց առաջնությունը լքելու վտանգի առաջ։ Բարեբախտաբար, «Փյունիկին» այդ իրավիճակում օգնության ձեռք մեկնեց Գյումրիի «Շիրակը»՝ մեր թիմի տնային հանդիպումների համար տրամադրելով Գյումրիի քաղաքային մարզադաշտը։
Արհեստական խոչընդոտներն ու ոչ հավասար պայմանները չընկճեցին Եղիշե Մելիքյանի թիմին և «Փյունիկը» վստահ քայլերով շարժվեց առաջ՝ ձմեռային դադարի գնալով առաջնության միանձնյա առաջատարի դերում։ Թեպետ, առաջնության գարնային փուլը «Փյունիկը» հաջող չսկսեց, ինչը հնարավորություն տվեց մոտակա հետապնդողներին ընդհուպ մոտենալ մեր թիմին, սակայն փյունիկցիները արագորեն վերագտան իրենց խաղը և մինչև առաջնության ավարտն անկասելի դարձան մրցակիցների համար։ Չեմպիոնական հանգուցալուծումը կայացավ առաջնության նախավերջին տուրում, երբ «Փյունիկը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով պարտության մատնեց չեմպիոնական պայքարում իր անմիջական մրցակցին՝ «Նոային», իսկ պաշտոնապես իր 16-րդ չեմպիոնությունը «Փյունիկը» ձևակերպեց առաջնության ավարտական տուրում՝ Գյումրիում 1։0 հաշվով հաղթելով «Շիրակին»։
Այսպիսով, երկու տարի անց մեր թիմը կրկին Հայաստանը ներկայացրեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Որակավորման առաջին փուլում «Փյունիկին» բաժին հասավ Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոն»։ Թիմերի առաջին խաղում, որը կայացավ չեզոք երկրում՝ Հունգարիայում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0, իսկ պատասխան խաղում «Փյունիկը» ստեղծելով մի քանի լավ գոլային պահեր, այդպես էլ չկարողացավ արդյունավետ եզրափակել դրանք ու խաղավերջում ցավալիորեն պատժվեց։ Մրցակիցը 11 մետրանոց հարվածի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ ու պայքարից դուրս թողեց մեր թիմին։ «Փյունիկը» երրորդ տարին անընդմեջ հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում և իր ելույթները շարունակելով Չեմպիոնական ուղիով, կարողացավ հաղթահարել հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» (1:2, 3:1) և ղազախական «Օրդաբասիի» (1:0, 1:0) արգելքները։ Մեր թիմին ընդամենը մեկ քայլ էր մնում հայտնվելու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, սակայն առաջին խաղում Երևանում 1:0 հաշվով հաղթելով Սլովենիայի չեմպիոն «Ցեյլեին», պատասխան խաղում մեր ֆուտբոփլիստներն անհաջողության մատնվեցին (1:4) ու դուրս մնացին հետագա պայքարից։
2024 թվականի սեպտեմբերին, «Փյունիկ» ՖԱ-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ նա վաճառքի է հանում ակումբը և լքում է հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Նա նշեց, որ իր որոշման գլխավոր ու միակ պատճառը՝ ՀՖՖ ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն 2 տարուց ավելին։ Ակումբի սեփականատերն հավաստիացրեց, որ կշարունակի ներդրումներ կատարել մանկապատանեկան ֆուտբոլում և չի պատրաստվում հեռանալ հայկական սպորտից, սակայն հայկական ֆուտբոլ պատրաստ կլինի վերադառնալ միայն այդ դեպքում, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը։