Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրում հետաձգված «Փյունիկ Ակադեմիա» - «Արարատ-Արմենիա-2» խաղում մեր թիմը 3:2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Առաջին խաղակեսում մեր թիմը շատ պահեր ուներ, սակայն թիմերը մեկական գոլերով փոխանակվեցին. Մարատ Ասատրյանի փոխանցումից հետո Տիգրան Գևորգյանը հնարամիտ գտնվեց մրցակցի տուգանային հրապարակում և դարձավ գոլի հեղինակ: Մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին հյուրերը ստանդարտը վերածեցին գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց Կարեն Մուրադյանը:
Երկրորդ խաղակեսում «Փյունիկ Ակադեմիան» կրկին հաշվի մեջ առավելություն ստացավ, իսկ գոլի հեղինակը Լևոն Պետրոսյանն էր: «Արարատ-Արմենիա-2»-ը մեր խփած գոլին պատասախենց Դավիթ Պետրոսյանի 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով: Այս խաղում որոշիչ խոսքն Արթուր Մանուկյանինն էր, որը ստանդարտից տպավորիչ և երկրաշարժ հիշեցնող հարված կատարեց:
Մեր թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին՝ տանն ընդունելով «Լեռնային Արցախին»: