IDBank Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Փյունիկը» հյուր կգնա «Նոային»: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին 19:00-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում:
Այս մրցավեճին ընդառաջ ակումբի մամուլի ծառայությունը ներկայացնում է դիմակայության պատմությունը` վիճակագրական տվյալներով:
Թիմերը, ընդհանուր անցկացրել են 19 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Փյունիկը»՝ 14, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-29:
1-ին շրջան. 21.09.2023 «Նոա» - «Փյունիկ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Հովհաննես Հարությունյան 87՛, 11մ
2-րդ շրջան. 11.11.2023 «Փյունիկ» - «Նոա»՝ 3-1 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Իլիաս Ալհաֆտ 3՛, 1-1՝ Հովհաննես Հարությունյան 45+1, 11մ, 2-1՝ Վագներ Գոնսալվես 47՛, 3-1՝ Հովհաննես Հարությունյան 59:
Դիմակայության լավագույն ռմբարկուները`
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով (3 գոլ)
«Փյունիկ»՝ Հովհաննես Հարությունյան (4 գոլ)
Առաջնության երկու առաջատարների հոբելյանական՝ 20-րդ հանդիպումն անչափ կարևոր նշանակություն ունի չեմպիոնի տիտղոսի համար մղվող համառ պայքարում: Անցկացրած 25 հանդիպումներից հետո «Փյունիկն» ու «Նոան» վաստակել են հավասար՝ 55-ական միավոր: Այնպես որ, հաղթանակի դեպքում մեր թիմը միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը: Կարելի է փաստել, որ այս խաղում հաղթանակը 6 միավորի արժեք ունի:
Մեր թիմը Հայաստանի առաջնություններում շատ հաջող է խաղացել «Նոայի» հետ: Արդեն 3-րդ մրցաշրջանն է, որ «Նոային» չի հաջողվում գեթ մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:
Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 10 խաղերում էլ հաղթել են փյունիկցիներն` ընդհանուր 19-4 հաշվով: Բոլոր հաղթանակներն էլ գրանցվել են Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Նոան» տարել է 2021թ. մայիսի 15-ին կայացած հանդիպման խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ:
Ընթացիկ առաջնության երկու հանդիպումներում էլ մեր թիմն առավելության հասավ «Նոայի» նկատմամբ: Այդ խաղերում արդյունավետությամբ աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը՝ 3 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Նման հաջողության շնորհիվ Հարությունյանը 4 գնդակով դարձավ «Նոայի» հետ դիմակայության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 3 գոլ խփած Խոսե Կարաբալյոյի ցուցանիշը:
Հովհաննես Հարությունյանն ընթացիկ առաջնությունում 11 գնդակով «Փյունիկի» 2-րդ ռմբարկուն է Յուսուֆ Օտուբանջոյից հետո, որին ընդամենը մեկ գոլ է զիջում: Նա մեր թիմի օգտին նշանակված 11մ հարվածների հիմնական իրացնողն է՝ բոլոր 6 հարվածներն էլ ավարտելով դարպասի գրավմամբ:
Իսկ Օտուբանջոն այս խաղում կարող է երկու հաճելի հոբելյան նշել, եթե գրավի «Նոայի» դարպասը: Դա կլինի «Փյունիկի» կազմում Հայաստանի առաջնություններում Օտուբանջոյի խփած հոբելյանական՝ 30-րդ գոլը և 90-րդը՝ ֆուտբոլային կարիերայում:
Փյունիկցիներից «Նոայի» հետ առաջնության հանդիպումներում առավել հաճախ՝ 12 անգամ հանդես է եկել Խոսե Կարաբալյոն: Հովհաննես Հարությունյանն ու Ստանիսլավ Բուչնևը մասնակցել են 11-ական խաղի:
«Նոայի» 4 ֆուտբոլիստներ՝ Վասպուրակ Մինասյանը, Արթուր Միրանյանը, Էդգար Մովսեսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը ժամանակին հանդես են եկել «Փյունիկում»: Ընդ որում` Մինասյանը «Փյունիկի» սան է, իսկ Միրանյանը Հայաստանում ելույթները սկսել է հենց «Փյունիկում»:
Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն 2017/18-2019/20թթ. առաջնություններում «Փյունիկում», ընդհանուր առմամբ, անցկացրած 38 խաղում 12 գոլի հեղինակ է դարձել: Նա մեր թիմի կազմում 4 անգամ մասնակցել է «Նոայի» հետ առաջնության հանդիպումներին՝ խփելով մեկ գոլ: