0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Վլադիսլավ Կուլաչը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 31-ամյա ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչի հետ:

Կուլաչը կարիերայի սկզբում հանդես է եկել Դոնեցկի «Օլիմպիկ» թիմում: 2010 թվականին Ուկրաինայի ամենահեղինակավոր ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», ձեռք է բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 

Այնուհետև, 31-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով 9 տարի շարունակ հանդես է եկել թուրքական, հունգարական ու ուկրաինական տարբեր թիմերում: Ներքին առաջնության հեղինակավոր թիմերից Կուլաչը խաղացել է Լուգանսկի «Զարյայում» և «Վորսկլայում»: Ուկրաինացին հանդես է եկել նաև թուրքական «Էսկիշեհիրսպորում» և հունգարական «Գոնվեդում»: 

2020 թվականին Կուլաչը ազատ գործակալի կարգավիճակում միացել է հայրենի երկրի «Վորսկլա» ակումբին, որի կազմում անցկացրած 78 խաղում դարձել է 33 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Կուլաչի կարիերայում պետք է առանձնացնել 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով նա դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 15 գոլով: 

Վլադիսլավը «Վորսկլայի» կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլում՝ գրավելով Լիսաբոնի «Սպորտինգի» և ադրբեջանական «Քարաբաղի» դարպասը: 

2021 թվականից Կուլաչը 2 տարի հանդես է եկել Կիևի «Դինամոյում», որը մարզում էր Միրչա Լուչեսկուն: 

Վլադիսլավը 8 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի երիտասարդական հավաքականում և դարձել 3 գոլի հեղինակ: Կուլաչն արդեն հատել է կարիերայի 200 հանդիպման շեմը, իր անվան դիմաց գրանցել  56 գոլ ու 13 արդյունավետ փոխանցում:

Կուլաչին մաղթում ենք հաղթանակներ և բարձր արդյունավետություն «Փյունիկի» հետ:

Վերջին նորություններ