0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Խոսե Կարաբալյոն, Խուան Բրավոն ու Եվգենի Կոչուկը հեռացել են «Փյունիկից»

«Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Խոսե Կարաբալյոյի, Խուան Բրավոյի և Եվգենի Կոչուկի հետ:

Խոսե Կարաբալյոն առաջին անգամ «Փյունիկ» էր տեղափոխվել 2021-ի ձմռանը ու դարձել Հայաստանի կրկնակի չեմպիոն մեր թիմի հետ միասին: 28-ամյա վենեսուալցին 129 խաղ է անցկացրել նռնագույն մարզաշապիկով, դարձել 22 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Բրավոն երևանյան թիմին էր միացել անցած տարվա ձմռանը: 34-ամյա կոլումբիացի պաշտպանը, ընդհանուր առմամբ, 41 հանդիպման է մասնակցել «Փյունիկի» կազմում ու աչքի ընկել 6 գոլով:

Հատկապես անմոռանալի է Բրավոյի գոլը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի «Կալմարի» հետ արտագնա խաղում, որը օգնեց մեզ կամային հաղթանակի հասնել շվեդական թիմի նկատմամբ: Պաշտպանը նաև արդյունավետ գործողություններով նպաստել է «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությանը 2023/24 մրցաշրջանում:

Եվգենի Կոչուկը «Փյունիկին» էր միացել 2022-ի հունվարին: Նա նույնպես երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն մեր հետ միասին, նաև իր ելույթներով օգնել երևանցիներին եվրագավաթային տպավորիչ ճանապարհին 2022/23 մրցաշրջանում:Այս տարվա սկզբում՝ վնասվածքից ապաքինվելուց հետո, մոլդովացին վերադարձել էր մեր թիմ: 

Նա 53 խաղ է անցկացրել մեր ակումբի գույներով, որոնցում իր հաշվին գրանցել է 3 գոլ ու 7 արդյունավետ փոխանցում:

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին հիշարժան և արդյունավետ ելույթների համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Վերջին նորություններ