Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկից առաջ «Փյունիկ Ակադեմիայի» մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ։
Գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ստեփան Հարությունյանը։ Թիմի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Հրանտ Էլազյանը՝ որպես գլխավոր մարզչի օգնական, և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Հակոբյանը։
Ստեփան Հարությունյանը՝ որպես ֆուտբոլիստ, նախկինում խաղացել է «Բանանցում» (ներկայիս՝ «Ուրարտու»), Վանաձորի «Լոռիում», Երևանի «Արարատում» և «Վեստ Արմենիայում», ինչպես նաև հանդես է եկել Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներում։
Իր մարզչական գործունեությունը նա սկսել է 2021 թվականից՝ աշխատելով «Փյունիկ» ՖԱ-ի համակարգում:
2023/24 մրցաշրջանում Հարությունյանը՝ որպես գլխավոր մարզչի օգնական, «Փյունիկ 2007»-ի հետ հաղթել է Հայաստանի Մ-18 առաջնությունում և գավաթի խաղարկությունում, ինչը մեր թիմին ՈՒԵՖԱ Պատանեկան լիգայի ուղեգիր է պարգևել։
2024/25 մրցաշրջանում Ստեփան Հարությունյանի գլխավորությամբ «Փյունիկ 2010» թիմը դարձել է Հայաստանի Մ-18 գավաթակիր, իսկ 2025 թվականի մարտին մասնակցել է Կիպրոսի Այա Նապա քաղաքում անցկացվող «Elite Neon Cup» միջազգային ամենամյա մրցաշարին։
Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորած «Փյունիկ 2009»-ը դարձել է Հայաստանի Մ-18 գավաթի խաղարկության հաղթող, իսկ նույն տարիքային խմբի առաջնությունում թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը։
2024 թվականի հուլիսին Ստեփան Հարությունյանն ընդգրկվել է «Փյունիկ Ակադեմիայի» մարզչական շտաբում և նախորդ մրցաշրջաններում՝ որպես գլխավոր մարզչի օգնական, աշխատել է Լևոն Ստեփանյանի հետ։
Նշենք, որ «Փյունիկ Ակադեմիա» թիմում իրենց աշխատանքը կշարունակեն գլխավոր մարզչի օգնական Վիգեն Աբրահամյանն ու հարձակվողների մարզիչ Արսեն Ավետիսյանը։
Մաղթում ենք Ստեփան Հարությունյանին և նրա մարզչական շտաբին հաջողություններ ու արդյունավետ աշխատանք նոր մրցաշրջանում։