0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» առաջնության մեկնարկային խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը

«Փյունիկն» ավարտելով իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում՝ ներգրավվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությանը՝ մեկնարկելով «Ուրարտուի» դեմ երևանյան դերբիով։

Հունգարական «Դեբրեցենի» դեմ նախորդ խաղի համեմատ մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը որոշակի ռոտացիայի էր դիմել՝ մեկնարկային կազմում կատարելով 5 փոփոխություն։ Հենրի Ավագյանի, Միխայիլ Կովալենկոյի, Դանիիլ Կուլիկովի, Հովհաննես Հարությունյանի և Յասոնաս Պիկիսի փոխարեն ասպարեզ էին դուրս եկել Ստանիսլավ Բուչնևը, Ռոբերտ Դարբինյանը, Իման Գրիֆիթը, Վիտին և Մոմո Յանսանեն։

Ընդ որում, Ստանիսլավ Բուչնևը պաշտոնական խաղերում վերջին անգամ մեր թիմի դարպասը պաշտպանել էր նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին՝ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Գանձասարի» դեմ (3-0) խաղում։

Խաղը շատ հաջող սկսվեց մեր թիմի համար, և արդեն 7-րդ րոպեին, օգտվելով «Ուրարտուի» ֆուտբոլիստների անհամաձայնեցված գործողությունից, Իման Գրիֆիթը, ստանալով գնդակը, վարպետորեն շրջանցեց մրցակցի պաշտպաններին ու սառնասրտորեն բացեց խաղի հաշիվը։ Դա նիդերլանդացի ֆուտբոլիստի առաջին գոլն էր մեր թիմի կազմում։

17-րդ րոպեին դաշտի տերերը քիչ մնաց խփեին պատասխան գոլը, բայց, բարեբախտաբար, Կացույուկի Իշիբաշիի ուժգին հարվածից հետո իրեն գերազանց դրսևորեց Ստանիսլավ Բուչնևը։

Մեր թիմը պատասխանեց 34-րդ րոպեին Վիտիի հեռահար կրակոցով, սակայն այդ դրվագում էլ իր թիմին փրկեց «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը։

Րոպեներ անց հեռահար հարվածով կարող էր աչքի ընկնել արդեն Մոմո Յանսանեն, սակայն նրա անչափ վտանգավոր հարվածը մի փոքր բարձր ընթացավ. հակառակ դեպքում Միշիևն անզոր կլիներ փրկել իր թիմին այդ դրվագում։

41-րդ րոպեին «Ուրարտուն» շատ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, երբ թիմի նորեկ Միգել Ռաջանին նշան բռնեց մեր թիմի դարպասի աջ վերին անկյունը, և նրա հարվածից հետո միայն դարպասաձողն օգնության հասավ «Փյունիկին»։

Երկրորդ կեսում մեր թիմի կազմում փոխարինման մտան Հովհաննես Հարությունյանը, Գևորգ Տարախչյանն ու Յասոնաս Պիկիսը, և հենց նրանց ջանքերով «Փյունիկը» կարողացավ 69-րդ րոպեին կրկնապատկել իր առավելությունը։ Պիկիսը մրցակցի տուգանային հրապարակում գտավ Գևորգ Տարախչյանին, և վերջինս, ընդունելով գնդակը, կարողացավ դիպուկ հարվածով հաշիվը դարձնել 0-2։ Հատկանշական է, որ Գևորգը գրավեց իր նախկին թիմի դարպասը, որի սանն է համարվում։

Թվում էր՝ «Փյունիկն» առաջնությունը կսկսի կարևոր հաղթանակով, սակայն հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին եղավ մի դրվագ, որը շատ բանով կանխորոշեց խաղի ելքը։

Միխայիլ Կովալենկոն դաշտի կենտրոնում ստանալով գնդակը՝ փորձեց շարժվել առաջ, սակայն նրան կոպիտ հնարքով կանգնեցրեց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը, ինչն անկասկած արժանի էր դեղին քարտի։ Սակայն, որքան էլ զարմանալի էր, հանդիպման գլխավոր մրցավար Հովհաննես Քալանթարյանը չնշանակեց տուգանային հարված, ինչին ի պատասխան՝ մեր ֆուտբոլիստն արդարացիորեն արտահայտեց իր դժգոհությունը։ Եվ երբ հաջորդ իսկ դադարի ժամանակ Միխայիլ Կովալենկոն իր դժգոհության համար մրցավարի կողմից զգուշացվեց, այդ պահին ռուս ֆուտբոլիստն ավելորդ արարք թույլ տվեց՝ ծափահարելով մրցավարին, ինչի համար անմիջապես ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։

Բնականաբար, այդ ամենը չէր կարող անհետևանք մնալ, և «Ուրարտուն» կարողացավ անմիջապես օգտվել քանակական առավելությունից։ Խաղի ավելացված 3-րդ րոպեին դաշտի տերերի իրացրած անկյունայինից հետո փոխարինման մտած Միքայել Միրզոյանը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1-2, իսկ ընդամենը 1 րոպե անց նույն Միրզոյանը, աջ կողմից անարգել ներխուժելով մեր թիմի տուգանային հրապարակ, կարողացավ մոտ տարածությունից հարվածել, ու գնդակը Նիկոլաոս Կայնուրգիոսից անդրադարձով հայտնվեց մեր թիմի դարպասում։ Դա սառը ցնցուղ էր «Փյունիկի» համար, և ցավալիորեն մեր թիմը վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը։

Այդպիսով, առաջնության մեկնարկային տուրի երևանյան դերբին դրամատիկ հանգուցալուծում ունեցավ, և արձանագրվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2։

Վերջին նորություններ