0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Սողոմոնյանը՝ Թուրքիայում հավաքի, սեփական մարզադաշտի կառուցման ու ակադեմիայի ճակատագրի մասին

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը նախօրեին մեր տելեգրամյան ալիքի ուղիղ եթերում պատասխանեց երկրպագուներին հուզող հարցերին: Մեր ակումբի մամուլի ծառայությունը առանձնացրել է ամենահետաքրքիր թեմաները, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ուսումնամարզական հավաքը Թուրքիայում`

«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, և թե՛ այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ, իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են:

Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել, և հավաքը կտևի 30 օր:

Մեր տեսած մյուս տարբերակները շատ են զիջում և թույլ չեն տա մեզ պայքարել չեմպիոնության համար: Եթե նման տեղ գտնվի, խոսք եմ տալիս, որ մենք կվերանայենք մեր որոշումը։ Ցավոք, մենք այլ տարբերակ չգտանք։ Ներողություն եմ խնդրում այն երկրպագուներից, որոնց համար այս որոշումն անընդունելի է: Ես էլ շատ հայրենասեր մարդ եմ, ինչպես գիտեք, իմ աշխատանքով ամեն ինչ անում եմ, որ մեր ազգը չմոռանա իր հերոսներին և մեր ժողովուրդը չկորցնի իր մշակույթը: Հավելեմ նաև, որ մենք հրաժարվել ենք խաղալ թուրքական թիմերի դեմ, թեև կային նման առաջարկներ»:

Սեփական մարզադաշտը

«Սեփական մարզադաշտ ունենալն իմ առաջնահերթ խնդիրն է: Բայց 6 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացա պայմանավորվածություն ձեռք բերել և հարմար տարածք գտնել: Մասիսում գտել ենք մեր պահանջներին համապատասխանող տարածք: Եթե հայկական ֆուտբոլը զարգանա, ես այնտեղ կսկսեմ մարզումային դաշտի կառուցումը, ինչպես նաև երկրպագուների համար նախատեսված փոքրիկ մարզադաշտի շինարարությունը։ Բայց իմ երազանքն առաջվա պես Երևանի սահմաններում մարզադաշտ կառուցելն է»։

Ակումբի բյուջեի ու մարզաբազայի զարգացման մասին

«Նախորդ մրցաշրջանում մենք ծախսել ենք մոտ 7,8 մլն դոլար, 4-ից մի փոքր պակաս ստացել ենք ՈւԵՖԱ-ից եվրագավաթներում հաջող հանդես գալու համար: Մնացածը մեր ծախսերն են, որոնք չեն ծածկվում: 5,5 մլն ծախսվել է առաջին թիմի վրա։ Մնացած ծախսերը կապված են ակումբի, ենթակառուցվածքների զարգացման հետ, այդ թվում և մեր բազայում: Մենք թարմացնում ենք դաշտերը, ֆիզպատրաստության փոքրիկ գոտի ենք կառուցել, լուսավորություն ենք անցկացրել։ Նախատեսում ենք կառուցել ադմինիստրատիվ համալիր ու վերանորոգել դաշտերը։ Մենք փորձում ենք առավելագույնը քամել այն տարածքից, որը մենք ունենք»:

Միասնություն ու հավատ հաջողությանը

«Անչափ շնորհակալ եմ Եղիշե Մելիքյանին, նրա մարզչական շտաբին և մեր բոլոր ֆուտբոլիստներին, որոնք բացառապես բնավորության հաշվին նման արդյունքներ են ցույց տալիս, և, իհարկե, երկրպագուներին, որոնք աջակցում են մեզ: Հենց նաև ձեր շնորհիվ է, որ հիմա մենք առաջատար ենք»:

Ակադեմիայի ճակատագիրը

«Ես չեմ պատրաստվում փակել «Փյունիկ» ակադեմիան, ինչ էլ որ պատահի: Ֆեդերացիայի կազմակերպած առաջնություններին մասնակցելը պարզապես անիմաստ է:

Մեծ հաշվով Հայաստանում երկու ակադեմիա կա՝ մենք  և «Ուրարտուն»։ Ամբողջ տարվա ընթացքում ստացվում է ընդամենը երեք-չորս խաղ, որտեղ իսկապես մրցակցություն կա։  Այդ ժամանակը կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել ֆուտբոլիստների զարգացման համար: Եթե ֆեդերացիայի գործող ղեկավարությունը մնա, ես կարծում եմ, որ մանկական ֆուտբոլը գործնականում կմահանա: Ես մտադիր եմ ավելացնել միջազգային մրցաշարերի թիվը, փորձել դիմել Վրաստան: Պարզապես փոխելու եմ մեթոդներս»:

Հայկական ֆուտբոլից հեռանալու որոշման մասին

«Ես պայքարելու եմ ինչպես կարող եմ, որպեսզի հայկական ֆուտբոլը վերադարձնեմ առողջ միջավայր: Նախորդ տարվա նոյեմբերից հիմնական թիմը մարզումների տեղ չունի, խաղադաշտեր չեն հատկացնում, չնայած նրան, որ մենք ֆեդերացիայի անդամ ենք ու ունենք նույն իրավունքները, ինչ մյուսները:

Այս տարի մեզ ընդհանրապես զրկեցին բոլոր դաշտերից, ես դիմանում եմ ինչպես կարողանում եմ, բայց եթե մնա ֆեդերացիայի գործող ղեկավարությունը, ինձ այլ ելք չի մնում, քան դադարեցնել համագործակցությունը նրանց հետ, քանի որ անիմաստ է կյանքս նվիրել այս պայքարին:

Մեծ ցավ եմ ապրում, որ չեմ կարողանում անհրաժեշտ պայմաններ ապահովել հիմնական թիմի համար՝ իմ դեմ նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառով»:

Արաս Օզբիլիսի թեկնածության մասին

«Այսօր Վրաստանում ֆուտբոլը զարգացման ուղու վրա է: Այնտեղ ֆեդերացիան ղեկավարում է Լևան Կոբիաշվիլին, որը նախկինում ֆուտբոլիստ է եղել ու շատ լավ տիրապետում է իր գործին: Արաս Օզբիլիսի հետ շփումներից հասկացա, որ շատ հետաքրքիր գաղափարներ ունի ու լիովին պատկերացնում է ֆուտբոլը: Նա ավարտել է «Այաքսի» ակադեմիան, որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Նիդերլանդներում, Իսպանիայում, Ռուսաստանում ու այլ հզոր ակումբներում: Նա ֆուտբոլը գիտի բոլոր կողմերից, միակ բանը, որ պակասում է նրան, դա փորձն է որպես ղեկավար, բայց եթե այնպես ստացվի, որ նա ընտրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, մենք բոլորս կաջակցենք նրան, ես՝ առաջին հերթին, քանի որ համարում եմ, որ նա արժանի է այս պաշտոնին: Եթե կարողանանք հասնել դրան միասնական ուժերով, ապա հայկական ֆուտբոլը լուրջ արդյունքներ կարող է ցույց տալ, քանի որ ազգային հավաքականին մի փոքր չի բավարարում ու ես կարծում եմ՝ խանգարում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ֆեդերացիայի կողմից: Հայկական ֆուտբոլը շատ կշահի, եթե Օզբիլիսը ընտրվի նախագահի պաշտոնում»:

Վերջին նորություններ