Հովհաննես Հարությունյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալան հիմունքներով հանդես կգա «Փյունիկում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մեկ ամիս առաջ գնել էր ռուսական «Սոչին»:
Հարությունյանը խաղացել է մեր ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում:
Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է մեր թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում ունեցավ «Փյունիկի» եվրագավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ մեր թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակն եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրագավաթներում հատկապես փայլեց արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատեց 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում մեր սանը գրանցեց անձնական ռեկորդ ու անցկացնում էր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում:
Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով:
Հարությունյանին մաղթում ենք բարի վերադարձ և հաջողություն առաջնության երկրորդ հատվածում: