0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» գերդրամատիկ խաղում հաղթանակ տոնեց «Ստրուգայի» նկատմամբ

«Փյունիկը» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում տանը 3:1 հաշվով հաղթեց «Ստրուգային» և դուրս եկավ հաջորդ փուլ:

Մեր թիմը ստիպված էր հանդիպումը սկսել մեծ ճնշումով, քանի որ դիմակայությունում կար մեկ գոլի տարբերություն: Արդեն 16-րդ րոպեին, վնասվածքից վերադառնալուց հետո առաջին անգամ գոլով աչքի ընկավ Սերժ Դեբլեն: Մինչև խաղակեսի ավարտը մեր թիմը շարունակում էր անախորժություններ ստեղծել հյուսիսմակեդոնացիների պաշտպանությունում, իսկ մրցակիցը օգտվում էր հակագրոհներից: Այնուամենայնիվ, «Փյունիկը» կարողացավ ևս մեկ անգամ աչքի ընկնել. Միխայիլ Կովալենկոն, որը սկսել էր գոլային գրոհը, ինքն էլ ավարտեց, հայտնվելով ճիշտ վայրում՝ ճիշտ ժամանակին: Մինչև մրցավարի սուլիչը, հյուրերի առաջատար Բեսարտ Իբրահիմին վերականգնեց դիմակայությունում հաշվի հավասարությունը: 

Երկրորդ խաղակեսի ամբողջ ընթացքում թիմերը պարբերաբար պահեր էին ստեղծում միմյանց դարպասին, սակայն «Փյունիկը» ավելի մոտ էր գոլին, դրվագներից մեկում տպավորիչ սեյվ կատարեց Ֆիլիպ Դույմովիչը, մյուս իրավիճակում գնդակը դարպասային գծից հանեց «Ստրուգայի» պաշտպանը: 

Մրցավարի ավելացրած ժամանակում՝ բառացիորեն ամենավերջին վայրկյաններին, «Փյունիկը» անմոռանալի երեկո ապահովեց երկրպագուների համար. Լուկաս Վիլելան, կատարելով իր ամենասիրելի հնարքներից մեկը, դուրս եկավ հարվածի համար նպաստավոր դիրք, բրազիլացու փորձը հետ մղեց Դույմովիչը, բայց աշխատեց Միխայիլ Կովալենկոյի հոտառությունը, որը գնդակը դրեց դատարկ դարպասում, գրանցեց դուբլ և մեր թիմին պարգևեց հաջորդ փուլի ուղեգիր:

«Փյունիկը» հաջորդ փուլում մրցելու է «Դիֆերդանժ» - «Օրդաբասի» զույգի հաղթողի հետ: Դիմակայության առաջին խաղում Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմը առավելության է հասել նվազագույն հաշվով, օգոստոսի 1-ին թիմերը կպարզեն հաղթողին: 

Վերջին նորություններ