Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակվող Լարա Պինտասիլգոյի հետ:
Պորտուգալուհին ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է հարազատ երկրի «Ֆարենսե» ակումբի ակադեմիայում: Լարայի հաջորդ կարևոր քայլը կարիերայում երկրի ամենահեղինակավոր ակումբ՝ «Բենֆիկա» տեղափոխվելն էր:
Այստեղ Պինտասիլգոն 2018/19 մրցաշրջանում հիմնական թիմի կազմում 3 հանդիպում է անցկացրել, ինչից հետո ելույթները շարունակել է «Արծիվների» երկրորդ և երիտասարդական թիմերում: Լարան «Բենֆիկայի» հիմնական թիմում ամրապնդվել է 2021/22 մրցաշրջանում:
Լարան «Բենֆիկայի» կազմում 2021/22 և հաջորդող մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին: Նա «կարմիրների» հետ դարձել է երկրի գլխավոր առաջնության կրկնակի չեմպիոն, մեկ անգամ բարձրացրել երկրի, մեկ անգամ էլ լիգայի գավաթները:
Պորտուգալուհին 2020/21 մրցաշրջանն անցկացրել է հայրենի երկրի «Դամաիենսի» ակումբում:
Լարան 19 տարեկանից հրավիրվում է Պորտուգալիայի Կանանց ազգային հավաքական: Նախկինում նա մինչև 17 տարեկանների թիմի հետ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը:
Մեր նորեկի տաղանդի դրսևորումը չի սահմանափակվում միայն կանաչ խոտածածկով: Լարան անցած տարի դուետ տարբերակով մասնակցել է «Պորտուգալիայի ձայնը» մրցույթին և հասել մինչև կիսաեզրափակիչ:
Լարային մաղթում ենք հաջողություն և բազում գոլեր: