Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»։
Նախորդ խաղում մեր թիմը Գյումրիում առավելության հասնելով «Սարդարապատի» նկատմամբ՝ բարձրացել էր մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղ ու փորձելու էր ավելացնել իր միավորների պաշարը։
Թեև պետք է նշել, որ Վարդան Բիչախչյանի՝ թիմի ղեկը կրկին ստանձնելուց հետո գյումրեցիներն ընթացիկ մրցաշրջանում մարտունակ կոլեկտիվ են ձևավորել ու պատվախնդիր ֆուտբոլ են ցուցադրում։
«Փյունիկի» կազմում վնասվածքի պատճառով հաշվետու խաղում բացակայում էին Հենրի Ավագյանը, Հովհաննես Հարությունյանը և Վյաչեսլավ Աֆյանը, իսկ «Շիրակի» կազմում որակազրկված էր թիմի առաջատարներից մեկը՝ Դոնալդ Կոդիան, որը նախորդ տուրի՝ «Սարդարապատի» դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել։
Առաջին կեսում ավելի ակտիվ էին գործում գյումրեցիները, որոնք մի քանի դրվագում լրջորեն սպառնացին մեր թիմի դարպասին։
10-րդ րոպեին «Շիրակի» խաղացող Ամարա Կարամոկոն քիչ մնաց մոտ տարածությունից գլխի հարվածով բացեր խաղի հաշիվը, բայց Ստանիսլավ Բուչնևը կարողացավ ժամանակին պարզել ձեռքն ու գնդակը հանել անկյունային։
«Փյունիկն» իր առաջին լուրջ պահը ստեղծեց 35-րդ րոպեին, երբ ձախ թևից գրոհին միացած Խամես Սանթոսի հարվածը մի փոքր շեղությամբ անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով։
Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստները համեմատաբար ավելի լավ տեսք ունեին, քան առաջինում, ու «Փյունիկին» հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։
68-րդ րոպեին «Շիրակի» պաշտպան Համլետ Մնացականյանը սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղաց Յասոնաս Պիկիսի դեմ, և հանդիպման գլխավոր մրցավար Հովհաննես Քալանթարյանն առանց վարանելու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Դանիիլ Կուլիկովը և անվրեպ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1։0։ Ընդհանրապես, ռուս կիսապաշտպանը վերջին հանդիպումներում աչքի է ընկնում արդյունավետ խաղով։
Իսկ 81-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց կրկնապատկել խաղի հաշիվը։ Ընդ որում, գոլային գրոհը սկսվեց մեր թիմի տուգանային հրապարակից, որից հետո Սեադ Իսլամովիչը հիանալի փոխանցումով գրոհի նետեց Յասոնաս Պիկիսին, իսկ վերջինս էլ, հմտորեն ձերբազատվելով պաշտպաններից, հաշիվը դարձրեց 2։0։ Կիպրոսցի հարձակվողն իր 4-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում։
«Փյունիկը» երրորդ անընդմեջ տնային հաղթանակը տարավ ու 17 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում՝ առաջատար «Նոային» զիջելով 4 միավորով։
Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 19-ին, մեր թիմն Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Ալաշկերտին», որից հետո թիմերը կգնան միջազգային դադարի։