Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Փյունիկը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին»։
Մեր թիմը, նախորդ տուրում երևանյան դերբիում հաղթելով «Ուրարտուին», ամրապնդվել էր աղյուսակի վերնամասում ու Չարենցավան էր եկել՝ 3 միավորով վերադառնալու մտադրությամբ։
Հետաքրքիր է, որ վերջին անգամ «Փյունիկը» Չարենցավանում «Վանի» նկատմամբ հաղթանակ էր տարել ավելի քան 2 տարի առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ հյուրընկալվելիս առավելության էր հասել 3։1 հաշվով։ Իսկ ահա դրանից հետո հաջորդ երկու այցելությունները «Փյունիկի» համար ավարտվել էին պարտությամբ։
Առաջ անցնելով նշենք, որ այս անգամ պատկերը լրիվ այլ էր, ու «Փյունիկն» ամբողջ խաղի ընթացքում ուներ խաղային ու տարածքային առավելություն։
11-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովը հրաշալի քողարկված փոխանցումով Վիտիին մեն-մենակ դուրս բերեց «Վանի» դարպասապահ Դանիլա Բոկովի դեմ. վերջինիս այլ բան չէր մնում, քան խախտել խաղի կանոնները, և մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ մեր թիմի հաստիքային 11 մետրանոց իրացնող Դանիիլ Կուլիկովն ու այս անգամ ևս չվրիպեց նշանակետից՝ 0։1։
25-րդ րոպեին «Փյունիկը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Իման Գրիֆիթը, հայտնվելով նպաստավոր դիրքում, մի փոքր շեղ հարվածեց։
Ընդմիջումից հետո «Փյունիկը» սկսեց ավելի սուր գրոհել ու մի քանի սպառնալից պահեր ստեղծեց «Վանի» դարպասի մոտ։ Մեր թիմի առջևի գծում հատկապես ակտիվ էին Յասոնաս Պիկիսն ու Վիտին։
53-րդ րոպեին Իման Գրիֆիթը գնդակ խլեց մրցակցից ու անմիջապես հարվածային դիրք դուրս բերեց Պիկիսին, որի ուժեղ հարվածից հետո Դանիլա Բոկովը մի կերպ հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Գևորգ Տարախչյանը չկարողացավ դիպուկ գտնվել։
Այդուհանդերձ, 66-րդ րոպեին Յասոնաս Պիկիսին հաջողվեց խփել առաջնությունում իր հերթական գոլը։ Մեր հարձակվողը «Վանի» տուգանային հրապարակի մոտ կարողացավ ձերբազատվել մրցակցի մի քանի ֆուտբոլիստների շրջափակումից ու դարպասապահի կողքով սառնասրտորեն գնդակն ուղարկեց դարպասը՝ 0։2։
Րոպեներ անց հաջողությանը մոտ էր Վիտին, որը հարմար դիրքից գլխով բարձր հարվածեց, իսկ հաջորդ գրոհի ժամանակ նա աջ թևից երկար ուղերթով շարժվեց առաջ, մտավ «Վանի» տուգանային հրապարակ, սակայն նրա հարվածի ճանապարհը փակեց մրցակցի ֆուտբոլիստ Չիմուկա Լուենդոն։
Իսկ ահա 73-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները կարողացան այս խաղում խփել երրորդ գոլն ու ամրագրել իրենց հաղթանակը։ Փոխարինման մտած Վյաչեսլավ Աֆյանը արագությամբ շրջանցեց «Վանի» ֆուտբոլիստին ու գնդակը հասցեագրեց Իման Գրիֆիթին, և նիդերլանդցի ֆուտբոլիստը տուգանայինի մատույցներից կատարած անկասելի հարվածով հաշիվը դարձրեց 0։3։
Նշենք, որ խաղավերջում «Փյունիկի» կազմում փոխարինման մտավ մեր ակադեմիայի սան, 18-ամյա Վարդան Մելիքյանը, որն իր նորամուտը նշեց Հայաստանի Պրեմիեր լիգայում։
«Փյունիկը» 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ ու կրկին միավորներով հավասարվեց առաջնության առաջատար «Նոային», որն այս տուրում սեփական հարկի տակ ընդունելու է Գյումրիի «Շիրակին»։
Հավելենք նաև, որ այս տուրից հետո թիմերը կգնան միջազգային դադարի, իսկ առաջնության վերսկսումից հետո՝ նոյեմբերի 22-ին, «Փյունիկը» կընդունի «Սարդարապատին»։