Ամփոփում ենք «Փյունիկի» ֆուտբոլիստների ելույթներն իրենց ազգային հավաքականների կազմում՝ նոյեմբերին կայացած միջազգային հանդիպումների ընթացքում։
Յասոնաս Պիկիսը, որն առաջին անգամ հրավիրվել էր Կիպրոսի ազգային հավաքական, Ազգերի լիգայի մրցաշարի C2 խմբի նախավերջին տուրի՝ Հայաստանի ազգային հավաքականի դեմ (1:1) մրցավեճում ասպարեզ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և արդեն 9-րդ րոպեին բացեց խաղի հաշիվն ու նորամուտը նշանավորեց գոլով։ Պիկիսը փոխարինվեց հիմնական ժամանակի ավելացված 3-րդ րոպեին։
Խմբային փուլի վերջին խաղում Կիպրոսի ընտրանին տանն ընդունեց Չեռնոգորիայի հավաքականին ու պարտություն կրեց 1:4 հաշվով։ Մեր հարձակվողն այս անգամ փոխարինման մտավ 68-րդ րոպեին, երբ Կիպրոսի հավաքականը մրցակցին զիջում էր 1:3 հաշվով։
Հովհաննես Հարությունյանը, տևական ընդմիջումից հետո կրկին հրավիրվելով Հայաստանի ազգային հավաքական, Կիպրոսի հավաքականի դեմ մրցավեճում փոխարինման մտավ 86-րդ րոպեին։ Իսկ ահա Լատվիայի հավաքականի դեմ խմբային փուլի վերջին խաղում (0:0) Հովհաննեսը նշված էր մեր թիմի պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղալու հնարավորություն չստացավ։
Վիտինես Շիմոյու Ժոաու Կեմբուն՝ Վիտին, Մոզամբիկի ազգային հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի՝ Եթովպիայի հավաքականի դեմ երկու հանդիպումներին։
Մոզամբիկի հավաքականը նախ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով (0:1) զիջեց եթովպիացիներին, ապա հաջորդ տուրում նույն հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստն առաջին խաղում ասպարեզ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց ընդմիջմանը, իսկ հաջորդ խաղում Վիտին նույնպես ընդգրկված էր Մոզամբիկի ազգային հավաքականի կազմում ու խաղադաշտում անցկացրեց 72 րոպե։