0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հենրի Ավագյանը վերադարձավ «Փյունիկ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ է վերադարձել 29-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը:

Հենրին «Միկա» ակումբի սան է, խաղացել է «Միկա-2»-ում և «Միկայի» գլխավոր թիմում։ 2016 թվականին նա տեղափոխվել է «Բանանց» (ներկայիս` «Ուրարտու»), որտեղ անցկացրել է 2 մրցաշրջան։

2018 թվականի հուլիսին Հենրի Ավագյանը համալրել է «Ալաշկերտի» շարքերն ու վերջինիս կազմում դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր (2018 թ․) և գավաթակիր (2018/19 թթ․)։ 2020/21 թթ․ մրցաշրջանը դարպասապահն անցկացրել է Չարենցավանի «Վանում»։

2022 թվականի հունվարին Ավագյանը կարիերան շարունակել է Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքում», որի կազմում 2021/22 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր։ Այնուհետև նա կես մրցաշրջան ելույթ է ունեցել ԲԿՄԱ-ում։

2022 թվականի դեկտեմբերին Հենրի Ավագյանը տեղափոխվել է «Փյունիկ», իսկ հաջորդ մրցաշրջանում մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2024/25 թթ․ մրցաշրջանի եվրոգավաթային հանդիպումների ընթացքում Ավագյանն առանց փոխարինման մասնակցել է «Փյունիկի» բոլոր 8 խաղերին՝ դրանցից 4-ում դարպասը պահելով անառիկ։ Ընդհանուր առմամբ, նա մեր թիմում անցկացրել է 29 խաղ։

Հենրի Ավագյանի նախորդ թիմն՝ «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2025 թվականի հունվարից։ Հայաստանի փոխչեմպիոնի կազմում Հենրին այս տարվա ապրիլին դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր։

Ավագյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում։ 2018 թվականի նոյեմբերի 19-ին, Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության՝ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ (2:2) արտագնա խաղում Ավագյանն իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Հենրի Ավագյանին։

Վերջին նորություններ