«Փյունիկի» մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը:
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ոսկանյանը հանդես է եկել Երևանի «Մալաթիայում», «Արարատում», «Փյունիկում», «Միկայում», ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի «Լոկոմոտիվում», Կալինինգրադի «Բալթիկայում», ղազախական «Եսիլ Բոգատիրում» և Տաշքենդի «Լոկոմոտիվում»։
2004-06 թթ․ Արամ Ոսկանյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով 11 հանդիպման։
Արամ Ոսկանյանը 2001 թվականին «Փյունիկի» կազմում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև դարձել է Հայաստանի եռակի գավաթակիր (1996/97 թթ․ մրցաշրջանում՝ Երևանի «Արարատի», իսկ 2003 և 2011 թվականներին՝ «Միկայի» կազմում)։
Կարիերան ավարտելուց հետո նա՝ որպես գլխավոր մարզիչ, աշխատել է Երևանի «Միկայում», «Բանանցում» (ներկայիս՝ «Ուրարտու»), «Ալաշկերտում», ղազախական «Ատիրաուում»։ 2016 թվականին Ոսկանյանը մարզել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը։
50-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը Կապանի «Սյունիքն» էր, որը գլխավորել է 2023 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հունիսը:
Մեր մարզադպրոցը բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Արամ Ոսկանյանին: