Հայաստանի Առաջին խմբի 12-րդ տուրի շրջանակում «Փյունիկ Ակադեմիան» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Նոա-2»-ի հետ։
Խաղասկիզբն անհաջող դասավորվեց «Փյունիկ Ակադեմիայի» համար․ արդեն 5-րդ րոպեին, օգտվելով մեր ֆուտբոլիստների թողտվությունից, դաշտի տերերին հաջողվեց բացել խաղի հաշիվը՝ 1։0։ Գոլի հեղինակ դարձավ Բրայան Օդդեյը։
Սակայն ընդմիջման գնալուց անմիջապես առաջ «Փյունիկ Ակադեմիային» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Նարեկ Հակոբյանը, տիրելով գնդակին, կարողացավ ձերբազատվել մրցակցի պաշտպաններից ու, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, գրավեց «Նոա-2»-ի դարպասը՝ 1։1։
58-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Առաջին գոլի հեղինակ Բրայան Օդդեյը, մեր թիմի տուգանայինի մատույցներում փոխանցում ստանալով Անդրանիկ Կարապետյանից, կարողացավ գնդակը հարմարեցնել ձախ ոտքին և դիպուկ հարվածով գրավեց «Փյունիկ Ակադեմիայի» դարպասը՝ 2։1։
Այդուհանդերձ, շատ չանցած, մեր տղաները կարողացան կրկին հավասարեցնել հաշիվը։ «Նոա-2»-ի պաշտպան Գագիկ Կարապետյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն Արամ Խաչատրյանի հետ պայքարում, և մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Արմեն Սուքիասյանը և անվրեպ հարվածով հաշիվը դարձրեց 2։2։
Թվում էր՝ թիմերը կբավարարվեն ոչ-ոքի արդյունքով, սակայն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին, գրեթե ոչնչից, «Նոա-2»-ին հաջողվեց հաղթանակ կորզել այս խաղում։ Էդմոնդ Հայրապետյանը գնդակը փոխանցեց հետ՝ դեպի մեր թիմի դարպասապահ Սերյոժա Հարությունյանը, իսկ վերջինս էլ կոպիտ սխալ թույլ տվեց գնդակը ոտքով հեռացնելիս, ինչից հետո այն անդրադարձով հայտնվեց մեր թիմի դարպասում։
Խաղն ավարտվեց «Նոա-2»-ի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Այս խաղից հետո մեր թիմը 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։ «Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ տանն ընդունելով «ԲԿՄԱ-2»-ին։