«Փյունիկ Ակադեմիան» տանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Փյունիկ Ակադեմիան» ընդունել էր առաջնության առաջատար Աշտարակի «Օլիմպիային»։

16-րդ րոպեին մեր թիմի ձեռնարկած բազմաքայլ կոմբինացիայից հետո Սթիվեն Ալֆրեդը մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը՝ 1։0։

«Փյունիկ Ակադեմիայի» կազմում լավ պահեր ունեցավ Սարգիս Մեթոյանը, սակայն նրա բոլոր փորձերն ապարդյուն էին։

Հարկ է նշել, որ մի քանի դրվագում իր հուսալի խաղով աչքի ընկավ մեր թիմի դարպասպահ Սամսոն Հակոբյանը։

82-րդ րոպեին «Օլիմպիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Էնդրյու Լոուրենսոն ձախ թևից գնդակը կախեց դեպի մեր թիմի տուգանային հրապարակ, ու Գաբրիել Դոս Սանթոսը գլխի հարվածով գրավեց «Փյունիկ Ակադեմիայի» դարպասը՝ 1։1։

Խփած գոլից անմիջապես հետո «Օլիմպիայի» ֆուտբոլիստները կարող էին նաև հաղթանակ կորզել այս խաղում։ Արամ Հովսեփյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները նույն Գաբրիել Դոս Սանթոսի հետ պայքարում, և մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ հենց տուժողը, ու, բարեբախտաբար, նրա հարվածը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

«Փյունիկ Ակադեմիան» 10 խաղից հետո վաստակած 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։

Հավելենք, որ Ալեքսանդր Բրազևիչի թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով «Նոա-2»-ին։

Վերջին նորություններ