«Փյունիկ Ակադեմիան» արտագնա խաղում զիջեց «Անդրանիկին»

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» Սևանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց «Անդրանիկին»։

Ստեփան Հարությունյանի թիմն այս խաղից առաջ անցկացրած 5 հանդիպումներում տարել էր 3 հաղթանակ ու 2 խաղ ավարտել ոչ-ոքի՝ գտնվելով առաջնության առաջատարների մեջ։

Հաշվետու խաղի առաջին կեսում «Անդրանիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գոլի առավելություն ստանալ՝ շնորհիվ Օնորե Յեի և Միքայել Նդիդիի դիպուկ հարվածների, իսկ ընդմիջումից հետո Հովսեփ Հակոբյանը հաշիվը դարձրեց 3:0։

70-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիային» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. ընթացիկ առաջնությունում իր 5-րդ գոլը խփեց Վալերի Համբարձումյանը։

Մեր թիմը 1:3 հաշվով զիջեց «Անդրանիկին», սակայն վաստակած 11 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի վերնամասում։

«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 15-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ավշար Արարատին»։

Վերջին նորություններ