Բելառուս մասնագետ Ալեքսանդր Բրազևիչը կգլխավորի «Փյունիկ Ակադեմիան»

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Ակադեմիան» նոր գլխավոր մարզիչ ունի․ թիմը կգլխավորի 53-ամյա բելառուս մասնագետ Ալեքսանդր Բրազևիչը։

Նա իր մարզչական գործունեությունը սկսել է 2003 թվականից՝ աշխատելով բելառուսական ՄՏԶ-ՌԻՊՕ ակումբի համակարգում, իսկ 2007-08 թթ․ ընդգրկված է եղել լիտվական «Կաունասի» մարզչական շտաբում։

Այնուհետև Ալեքսանդր Բրազևիչը տարբեր տարիներին գլխավոր մարզչի կարգավիճակով աշխատել է լիտվական «Տաուրասում», Վիլնյուսի «Ժալգիրիսում», բելառուսական «Սմորգոնում», Ժոդինոյի «Տորպեդոյում», «Վեդրիչ-97»-ում (հետագայում անվանափոխված՝ «Ռեչիցա-97»), Մոգիլյովի «Տորպեդոյում», «Սմոլևիչիում», «Սլուցկում», Ձերժինսկի «Արսենալում», «Դինամո Բրեստում», ինչպես նաև ղազախական «Կիզիլ-Ժարում»։

2009/10 թթ․ մրցաշրջանում Ժոդինոյի «Տորպեդոն» նրա գլխավորությամբ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Բելառուսի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Ալեքսանդր Բրազևիչի գլխավորած Ձերժինսկի «Արսենալը» 2023 թվականի մրցաշրջանում դարձել է Բելառուսի Առաջին լիգայի հաղթող։

Մասնագետը շուրջ երկու տարի աշխատել է նաև Բորիսովի ԲԱՏԵ-ում՝ զբաղեցնելով ակումբի սելեկցիոն բաժնի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

2025 թվականի սեպտեմբերին Բրազևիչը նշանակվել է Բելառուսի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ։

Ալեքսանդր Բրազևիչի նախորդ աշխատավայրը եղել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի «Ակադեմիա Մ-17» թիմը, որը նախորդ մրցաշրջանում Բելառուսի մինչև 18 տարեկանների պատանեկան առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։

Նշենք, որ «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզիչ Ստեփան Հարությունյանն, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր այս տարվա հուլիսից, այսուհետ որպես գլխավոր մարզչի օգնական կշարունակի իր աշխատանքը «Փյունիկ Ակադեմիայում»։

Մաղթում ենք Ալեքսանդր Բրազևիչին և իր մարզչական շտաբին հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մեր թիմում։

Վերջին նորություններ