Մեր ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը ակումբի մամուլի ծառայությանը տված լայնածավալ հարցազրույցում խոսել է մի շարք կարևոր թեմաներից։
Վերջին շրջանում «Փյունիկի» շուրջ տարբեր խոսակցություններ են շրջանառվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը և ի՞նչ ուղերձ կցանկանաք փոխանցել ակումբի երկրպագուներին։
«Փյունիկի» շուրջ տեղի ունեցող գործընթացները բնականաբար մեծ ուշադրության են արժանացել։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած փոփոխություն, հատկապես երբ այն վերաբերում է թիմի մարզչական կազմին կամ ակումբի ներքին գործընթացներին, բազմաթիվ հարցեր է առաջացնում, և դա լիովին բնական է։ «Փյունիկի» երկրպագուները իրավունք ունեն իմանալու, թե ինչ ուղղությամբ է շարժվում իրենց ակումբը։
Առաջին հերթին ուզում եմ վստահեցնել, որ ակումբում որևէ գործընթաց չի իրականացվում պահի ազդեցությամբ կամ մեկ առանձին դրվագի հիման վրա։ «Փյունիկը» շարունակում է իր աշխատանքը, և մեր բոլոր որոշումների հիմքում ակումբի երկարաժամկետ շահն ու զարգացման տեսլականն են։
Եթե անկեղծ գնահատական տանք վերջին շրջանին, պետք է ընդունենք, որ որոշակի փուլում մենք փոքր-ինչ շեղվել էինք այն քաղաքականությունից և այն սկզբունքներից, որոնք «Փյունիկի» զարգացման հիմքում պետք է լինեն։ Այսօր մենք այդ մասին շատ հստակ պատկերացում ունենք և ցանկանում ենք վերադառնալ մեր հիմնական ճանապարհին։
Միևնույն ժամանակ, ցանկացած փուլ, այդ թվում՝ բարդ կամ ոչ ցանկալի իրավիճակները, պետք է մեզ համար նաև սովորելու հնարավորություն լինի։ Մենք պատրաստ ենք վերլուծել մեր կատարած աշխատանքը, հասկանալ, թե որտեղ կարող էինք ավելի ճիշտ կամ արդյունավետ գործել, և այդ փորձը օգտագործել հետագա զարգացման համար։
Շատ կարևոր է տարբերակել այն, ինչ պետք է պահպանենք, և այն, ինչից պետք է հրաժարվենք։ Մենք ցանկանում ենք բացառել այն բացասական երևույթներն ու վատ ավանդույթները, որոնք կարող են խանգարել ակումբի զարգացմանը, և կենտրոնանալ «Փյունիկի» լավագույն ավանդույթների վրա՝ աշխատանքի, կարգապահության, հաղթելու ձգտման, սեփական կադրերի զարգացման և ակումբի նկատմամբ պատասխանատվության։
Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք «Փյունիկի» մասին, չենք կարող խոսել միայն ներկայի մասին։ Սա մեծ պատմություն ունեցող ակումբ է, որն ունի բազմաթիվ ձեռքբերումներ, հայկական ֆուտբոլում իր ուրույն տեղը և ձևավորված ավանդույթներ։ Այդ պատմությունը մեզ համար ոչ միայն հպարտության առիթ է, այլև մեծ պատասխանատվություն։ Մենք պետք է պահպանենք այն արժեքները, որոնց շնորհիվ «Փյունիկը» դարձել է այն ակումբը, որն այսօր է, և այդ հիմքի վրա կառուցենք ավելի ուժեղ ապագա։
Մեր երկրպագուներին ուզում եմ ասել, որ «Փյունիկում» աշխատանքը շարունակվում է։ Մենք չենք խուսափում փոփոխություններից, եթե դրանք անհրաժեշտ են ակումբի առաջընթացի համար։ Միաժամանակ հասկանում ենք, որ ցանկացած փոփոխություն կարող է որոշակի ժամանակ պահանջել, մինչև դրա արդյունքները տեսանելի դառնան։
Մեր խնդիրը միայն այսօրվա կամ վաղվա խաղի մասին մտածելը չէ։ Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի «Փյունիկ», որը տարիներ շարունակ կունենա կայուն զարգացման հիմք, մրցունակ թիմ և սեփական համակարգից եկող որակյալ ֆուտբոլիստներ։
Ամենակարևորը՝ ուզում եմ, որ մեր երկրպագուները վստահ լինեն, որ ակումբի ղեկավարությունը տեսնում է առկա խնդիրները և աշխատում է դրանք լուծելու ուղղությամբ։ Մենք հասկանում ենք այն պատասխանատվությունը, որը կրում ենք «Փյունիկի» պատմության, անվան և մեր երկրպագուների առաջ։
Արտակ Օսեյանի հետ համագործակցության ավարտի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Ինչպե՞ս է ակումբը գնահատում այդ փուլը և ինչո՞վ էր պայմանավորված փոփոխությունը։
Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցումը տեղի է ունեցել երկկողմ համաձայնությամբ։ Սա կարևոր հանգամանք է, որը ցանկանում եմ ընդգծել։
Արտակ Օսեյանը «Փյունիկի» հետ աշխատել է որպես գլխավոր մարզիչ, և այդ ընթացքում եղել են ինչպես դրական պահեր, այնպես էլ իրավիճակներ, որոնք պահանջել են քննարկումներ և որոշակի գնահատականներ։
Եթե ընդհանուր գնահատական տանք նաև նախորդ մրցաշրջանին, պետք է գնահատենք որպես բավարար։ Եղել են լավ հատվածներ և դրական արդյունքներ, բայց միևնույն ժամանակ եղել են նաև սայթաքումներ, և մենք չենք կարող դրանք չտեսնել կամ չգնահատել։ Մեզ համար կարևոր է հասկանալ դրա պատճառները և անել համապատասխան հետևություններ։
Պետք է նշել, որ վերոնշյալ սայթաքումները տեսանք նաև այս մրցաշրջանում՝ եվրագավաթներում և ներքին առաջնության մի քանի խաղերում, և այդ իրավիճակի, ինչպես նաև ընդհանուր աշխատանքի գնահատման արդյունքում ակումբը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել։
Ֆուտբոլային ակումբում ցանկացած որոշում պետք է գնահատել առաջին հերթին ընդհանուր համակարգի և ակումբի երկարաժամկետ նպատակների տեսանկյունից։
Արտակ Օսեյանի կատարած աշխատանքի նկատմամբ մենք հարգանք ունենք և շնորհակալ ենք այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա աշխատել է «Փյունիկում»։ Բայց միևնույն ժամանակ ակումբի ղեկավարությունը պարտավոր է որոշումներ կայացնել այն ժամանակ, երբ կարծում է, որ դրանք անհրաժեշտ են հետագա զարգացման համար։
Այս պահին չեմ ցանկանում հրապարակայնորեն քննարկել այն բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են այս որոշմանը։ Կարծում եմ՝ նման հարցերում պետք է պահպանել պրոֆեսիոնալ և գործընկերային մոտեցում։
Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ այս փոփոխությունը պետք չէ դիտարկել միայն որպես գլխավոր մարզչի փոփոխություն։ Այն ավելի լայն գործընթացի մի մասն է, որի նպատակն է վերադառնալ «Փյունիկի» զարգացման այն մոդելին, որը մենք համարում ենք ճիշտ և հեռանկարային։
Մենք ցանկանում ենք, որ ակումբի բոլոր օղակները գործեն մեկ ընդհանուր տեսլականի ներքո։ Եթե որևէ փուլում տեսնում ենք, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ են փոփոխություններ, մենք պետք է ունենանք այդ փոփոխություններն իրականացնելու համարձակությունն ու պատասխանատվությունը։
Կարելի՞ է ասել, որ «Փյունիկը» մտնում է զարգացման նոր փուլ։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում և ո՞րն է դրանց հիմնական նպատակը։
Այո՛, կարծում եմ՝ այս փուլը կարելի է բնորոշել որպես «Փյունիկի» զարգացման նոր փուլ։ Բայց ես չէի ցանկանա դա ներկայացնել միայն որպես նոր մարզչի կամ նոր ֆուտբոլիստների գալու հետ կապված փոփոխություն։ Մենք խոսում ենք ավելի լայն գործընթացի մասին։
Մեր գլխավոր նպատակը ակումբի աշխատանքը ավելի համակարգված, արդյունավետ և կայուն դարձնելն է։
Առաջին կարևոր ուղղություններից մեկը լինելու է առաջին թիմի կազմի աստիճանական երիտասարդացումը։ Մենք ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել այն ֆուտբոլիստներին, որոնք ունեն զարգացման ներուժ, կարող են երկարաժամկետ արժեք ստեղծել ակումբի համար և հետագայում դառնալ «Փյունիկի» հիմնական թիմի կարևոր ֆուտբոլիստներ։
Սակայն երիտասարդացումը մեզ համար չի նշանակում պարզապես միջին տարիքը նվազեցնել։ Մենք խոսում ենք ճիշտ հավասարակշռության մասին՝ փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների միջև։ Երիտասարդ խաղացողը պետք է ունենա հնարավորություն սովորելու, զարգանալու և մրցակցային միջավայրում իր որակները դրսևորելու, իսկ փորձառու ֆուտբոլիստները պետք է օգնեն այդ գործընթացին։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Փյունիկի» ակադեմիան։
Մենք ցանկանում ենք էապես մեծացնել ակադեմիայի դերը ակումբի ընդհանուր համակարգում։ «Փյունիկի» ակադեմիան պետք է ոչ միայն ֆուտբոլիստների պատրաստման վայր լինի, այլև առաջին թիմի համար կադրերի ձևավորման կարևորագույն աղբյուրը։
Մեր նպատակն է ստեղծել ավելի հստակ ճանապարհ՝ երեխայի՝ ակադեմիա ընդունվելուց մինչև «Փյունիկի» առաջին թիմ հասնելը։ Դրա համար անհրաժեշտ է աշխատել ոչ միայն մարզումների որակի, այլև մարզչական մեթոդաբանության, ֆուտբոլիստների զարգացման, նրանց առաջընթացի գնահատման և առաջին թիմի հետ կապի ուղղություններով։
Մենք ցանկանում ենք, որ մեր ակադեմիայի լավագույն սաները տեսնեն իրենց ապագան հենց «Փյունիկում», իսկ հետո արդեն կարողանան իրենց առջև դնել նաև միջազգային մակարդակում հանդես գալու նպատակ։
Մենք ունենք դրա շատ լավ օրինակներից մեկը՝ Կառլեն Հովհաննիսյանը, որը «Փյունիկի» ակադեմիայի սան է, անցել է տարբեր տարիքային թիմերի միջով, հասել հիմնական թիմ, դարձել դրա կարևոր ֆուտբոլիստներից մեկը, հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական և արդեն տեղափոխվել ավելի բարձր մակարդակի առաջնություն։
Սա հենց այն ճանապարհն է, որը մենք ցանկանում ենք ավելի հաճախ տեսնել՝ ակադեմիայից՝ առաջին թիմ, իսկ առաջին թիմից՝ հնարավորություն հասնելու ավելի բարձր մակարդակի։ Մեր խնդիրն է ստեղծել այդ ճանապարհը և հնարավորինս շատ երիտասարդների համար այն իրական դարձնել։
«Փյունիկում» միշտ եղել են երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ, որոնց ակումբը փորձում է աստիճանաբար մոտեցնել հիմնական թիմին։ Այսօր էլ նման ֆուտբոլիստների թիվը բավական մեծ է։ Եթե առանձնացնենք մի քանի անուն՝ Աշոտ Գրիգորյան (2007), Էդմոնդ Հայրապետյան (2008) և Անդրանիկ Երվանդյան (2009), որոնք արդեն հանդես են գալիս «Փյունիկ-ակադեմիա» թիմում։ Ինչպես նաև՝ Նարեկ Ավետիսյան, Արթուր Մանուկյան, Վլադիմիր Խրիստակյան (բոլորը 2011), որոնք համարվում են ակադեմիայի ֆուտբոլիստներ։
Միևնույն ժամանակ, «Փյունիկի» ակադեմիան տարիների ընթացքում տվել է մի շարք ֆուտբոլիստների, որոնք հետագայում դարձել են ոչ միայն ակումբի, այլև Հայաստանի ֆուտբոլի կարևոր դեմքեր։ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Էդգար Մանուչարյանը, Վարազդատ Հարոյանը տարբեր ժամանակաշրջաններում եղել են «Փյունիկի» կարևոր մասը, ազգային հավաքականի կազմում բարձր են պահել ակումբի անունը և իրենց կարիերան շարունակել եվրոպական անվանի ակումբներում։ Պատմությունը փաստում է, որ այսօրվա ակադեմիայի սաները նույնպես կկարողանան անցնել նման ճանապարհ, իսկ «Փյունիկը» շարունակի մնալ այն ակումբը, որը Հայաստանի ֆուտբոլին բարձրակարգ ֆուտբոլիստներ է տալիս։
Մյուս կարևոր ուղղությունը ներքին կադրերին ավելի մեծ հնարավորություններ տալն է։
«Փյունիկում» կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատում են ակումբում, գիտեն դրա մշակույթը, պատմությունը և ներսից հասկանում են մեր համակարգը։ Մենք ցանկանում ենք ավելի արդյունավետ օգտագործել այդ ներուժը։
Սա վերաբերում է ինչպես մարզչական, այնպես էլ տարբեր մասնագիտական ուղղություններին։ Մենք ցանկանում ենք, որ ակումբի ներսում աշխատող մարդիկ ունենան աճելու, ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու և իրենց կարողությունները ցույց տալու հնարավորություն։
Իհարկե, դա չի նշանակում, որ «Փյունիկը» փակվելու է արտաքին մասնագետների կամ նոր գաղափարների առաջ։ Ընդհակառակը՝ մենք բաց ենք լավագույն մասնագետների համար։ Բայց մեզ համար կարևոր է նաև սեփական համակարգի ներսում մարդկանց զարգացումը և նրանց նկատմամբ վստահությունը։
Վերջնական նպատակը շատ պարզ է՝ «Փյունիկը» պետք է ավելի լավ աշխատի։ Ավելի արդյունավետ պետք է գործեն բոլոր այն օղակները, որոնք միասին ձևավորում են ակումբի աշխատանքը։
Դմիտրի Սելյուկի ներգրավվածության հետ կապված ի՞նչ խնդիրներ են դրված նրա առաջ, և ի՞նչ արդյունք է «Փյունիկը» ակնկալում նրանից։
Դմիտրի Սելյուկի աշխատանքը նույնպես պետք է դիտարկել շատ կոնկրետ նպատակների շրջանակում։ Նրա կարևոր խնդիրներից մեկը «Փյունիկի» ֆուտբոլիստների համար եվրոպական ավելի բարձր մակարդակի ակումբներ և նոր հնարավորություններ գտնելն է։
Մենք ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլիստների զարգացումը չսահմանափակվի միայն Հայաստանի առաջնությամբ։ Եթե խաղացողը պատրաստ է հաջորդ քայլին, մենք պետք է կարողանանք նրան օգնել հասնելու ավելի բարձր մակարդակի և ավելի բարձրակարգ եվրոպական ակումբների։
Մյուս կարևոր ուղղությունը «Փյունիկ» բրենդը եվրոպական ֆուտբոլային միջավայրում ավելի ակտիվ ներկայացնելն ու ճանաչելի դարձնելն է։ Մենք ցանկանում ենք, որ «Փյունիկի» անունը ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում ավելի մեծ արժեք և ճանաչելիություն ունենա։
Միաժամանակ Սելյուկի աշխատանքը պետք է աջակցի նաև ակումբի երիտասարդացման գործընթացին և այն ֆուտբոլային մոդելին, որի մասին մենք խոսում ենք։
Բայց այստեղ ուզում եմ մի բան շատ հստակ ասել․ ցանկացած համագործակցություն պետք է գնահատվի արդյունքով։ Եթե որևէ մասնագետի առջև դրված խնդիրները չեն կատարվում, «Փյունիկը» չի կարող պարզապես սպասել և հույս դնել, որ ինչ-որ բան ինքն իրեն կփոխվի։
Ակումբի բոլոր որոշումների հիմքում պետք է լինի «Փյունիկի» շահը։ Մենք բաց ենք համագործակցության համար, բայց որևէ անհատ կամ գործընկեր չի կարող լինել ակումբի շահերից վեր։
Ի՞նչ տեղ է ունենալու «Փյունիկի» կանանց թիմը ակումբի զարգացման այս տեսլականում։
Կանանց թիմը նույնպես «Փյունիկի» զարգացման կարևոր ուղղություններից է։ Մենք ցանկանում ենք, որ այն լինի ոչ թե ակումբի ընդհանուր համակարգից առանձնացված նախագիծ, այլ «Փյունիկի» ֆուտբոլային ընտանիքի լիարժեք և զարգացող մաս։
Մեզ համար կարևոր է, որ կանանց թիմն ունենա հստակ զարգացման ծրագիր, մրցունակ միջավայր և այնպիսի պայմաններ, որտեղ ֆուտբոլիստները կարող են շարունակաբար կատարելագործվել։
Հատկապես կարևոր ենք համարում երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավումն ու զարգացումը։ Ինչպես տղամարդկանց ֆուտբոլում, այստեղ նույնպես ցանկանում ենք ստեղծել ճանապարհ, որի միջոցով երիտասարդ խաղացողները կկարողանան աճել, ստանալ իրենց հնարավորությունը և հետագայում դառնալ թիմի կարևոր անդամներ։
Կանանց ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ մարզչական, կազմակերպչական և այլ ուղղություններով։
«Փյունիկի» պատմությունն ու անունը մեզ համար նշանակում են, որ ակումբի զարգացումը պետք է լինի ամբողջական։ Մենք պետք է առաջ շարժվենք ոչ միայն տղամարդկանց առաջին թիմի, այլև ակադեմիայի և կանանց թիմի ուղղություններով։
«Փյունիկը» տարիներ շարունակ հանդես է գալիս եվրագավաթներում։ Ո՞րն է ակումբի նպատակը այս ուղղությամբ։
Եվրագավաթներում հանդես գալը «Փյունիկի» համար արդեն ավանդույթ է և ակումբի պատմության կարևոր հատվածը։ Մենք գնահատում ենք այն ճանապարհը, որն ակումբն անցել է եվրոպական մրցաշարերում, և գիտակցում ենք, որ «Փյունիկի» նկատմամբ այստեղ միշտ բարձր ակնկալիքներ են լինելու։
Բայց մեր նպատակը դրանով չի սահմանափակվում։
Միայն եվրագավաթների որակավորման փուլերին մասնակցելը մեզ համար այլևս բավարար նպատակ չէ։ Մենք ցանկանում ենք ավելի բարձր նշաձող սահմանել՝ ավելի երկար ճանապարհ անցնել եվրոպական մրցաշարերում, ավելի մրցունակ լինել և հասնել ավելի բարձր արդյունքների։
Դա, իհարկե, չի կարող կախված լինել միայն մեկ տրանսֆերից, մեկ մարզչից կամ մեկ մրցաշրջանից։ Եվրոպական հաջողությունը ամբողջ ակումբի աշխատանքի արդյունքն է։
Եթե ցանկանում ենք եվրոպական հարթակում ավելի բարձր արդյունքներ ունենալ, պետք է բարձրացնենք նաև մեր ամենօրյա աշխատանքի մակարդակը՝ սկսած ակադեմիայից և երիտասարդ ֆուտբոլիստների զարգացումից մինչև առաջին թիմի ձևավորումն ու ակումբի կառավարման արդյունավետությունը։
Մենք պետք է պահպանենք «Փյունիկի»՝ եվրագավաթներում հանդես գալու ավանդույթը, բայց միևնույն ժամանակ չբավարարվենք միայն մասնակցությամբ։ Մեր նպատակը պետք է լինի ամեն տարի բարձրացնել նշաձողը։
Ի՞նչ կարող են ակնկալել «Փյունիկի» երկրպագուները առաջիկա շրջանում։
Երկրպագուները կարող են ակնկալել ավելի հստակ ուղղություն և հետևողական աշխատանք։
Մենք հասկանում ենք, որ ֆուտբոլում արդյունքը միշտ ամենակարևոր չափանիշներից մեկն է։ «Փյունիկը» միշտ պետք է պայքարի բարձր նպատակների համար, և այդ առումով մեր հավակնությունները չեն փոխվում։
Միաժամանակ ցանկանում ենք, որ արդյունքի հետևում լինի ամուր համակարգ։ Մենք չենք ցանկանում ամեն մրցաշրջան նորից սկսել նույն հարցերից։ Ցանկանում ենք կառուցել հիմք, որի վրա հնարավոր կլինի երկարաժամկետ զարգանալ։
Մենք պատրաստ ենք սովորել՝ ինչպես մեր հաջողություններից, այնպես էլ մեր սխալներից։ Պատրաստ ենք վերանայել այն մոտեցումները, որոնք չեն տվել ցանկալի արդյունք, և պահպանել այն ամենը, ինչը մեզ օգնել է առաջ շարժվել։
Կարևոր է, որ մենք կարողանանք բացառել նեգատիվը և այն վատ ավանդույթները, որոնք որևէ կերպ չեն նպաստում ակումբի առաջընթացին։ Փոխարենը պետք է կենտրոնանանք մեր լավ ավանդույթների վրա՝ պրոֆեսիոնալիզմի, աշխատանքի, կարգապահության, հաղթելու ցանկության, սեփական կադրերին վստահելու և «Փյունիկի» անունը բարձր պահելու վրա։
Ես հասկանում եմ, որ երկրպագուները ցանկանում են տեսնել արդյունք հիմա։ Դա բնական է, և «Փյունիկի» ղեկավարությունն էլ ունի նույն ակնկալիքը։ Բայց մեր պատասխանատվությունն է միաժամանակ մտածել նաև այն «Փյունիկի» մասին, որը պետք է ունենանք մի քանի տարի անց։
Մենք չենք ցանկանում պարզապես խոսել փոփոխությունների մասին։ Ցանկանում ենք, որ դրանք տեսանելի լինեն մեր ամենօրյա աշխատանքում, թիմի խաղում, ակադեմիայի զարգացման մեջ, կանանց թիմի առաջընթացում և, ի վերջո, մեր արդյունքներում։
Եվ այստեղ ես ուզում եմ շատ պարզ բան ասել մեր երկրպագուներին։ Մենք հասկանում ենք նրանց հարցերը, քննադատությունը և ակնկալիքները։ «Փյունիկի» դեպքում դա բնական է, որովհետև մարդիկ այս ակումբից միշտ շատ ավելին են սպասում։ Մենք էլ ենք ուզում շատ ավելին։
Մենք գնահատում ենք մեր երկրպագուների վստահությունը և հասկանում ենք, որ այդ վստահությունը պետք է արդարացվի ոչ թե խոսքերով, այլ աշխատանքով և արդյունքով։
Այս պահին մեր հիմնական ուղերձը հենց դա է․ «Փյունիկը» շարունակում է առաջ շարժվել, վերադառնում է իր զարգացման հիմնական ճանապարհին և աշխատելու է ավելի արդյունավետ, ավելի համակարգված ու ավելի երկարաժամկետ մտածողությամբ։
Մենք ունենք մեծ պատմություն, մեծ ավանդույթներ և ավելի մեծ նպատակներ։ Մեր խնդիրն է վերցնել անցյալից լավագույնը, սովորել մեր սխալներից, բացառել այն ամենը, ինչը խանգարում է առաջընթացին, և այդ հիմքի վրա կառուցել ավելի ուժեղ «Փյունիկ»։
Մենք գիտենք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց գիտենք նաև, որ ճիշտ համակարգի, միասնական աշխատանքի և հետևողականության դեպքում կարող ենք ունենալ այն ակումբը, որը ցանկանում ենք տեսնել։
«Փյունիկը» պետք է ավելի լավ աշխատի, ավելի բարձր նպատակներ դնի և ամեն օր մեկ քայլ առաջ գնա։