0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյան. «Ես հարց ունեմ ֆեդերացիային. որտե՞ղ էիք անցած ամիսների ընթացքում»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Սլովանից» կրած պարտության, «Բազելի» հետ վերջին տուրի խաղի կարևորության մասին, ինչպես նաև պարզաբանել իր խոսքերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերյալ:

- Պարոն Մելիքյան, «Սլովանից» կրած պարտութունից որոշակի ժամանակ է անցել. ի՞նչ հետևություններ է հասցրել կատարել մեր մարզչական շտաբը:

- Ես մնում եմ նույն կարծիքին, որ մեր պարտության պատճառը պաշտպանությունում թույլ տված սխալներն են: Բայց պարտության մեղավորն ամբողջ թիմն է, թիմն է պարտվել: Հիմա պետք է կատարել ճիշտ հետևություններ ու պատրաստվել «Բազելի» հետ կարևորագույն խաղին:

- Հանդիպումից հետո շատ էին քննադատությունները Դավիթ Յուրչենկոյի հասցեին: Հետխաղային ասուլիսին նշեցիք, որ բաց թողած երկրորդ գոլի դրվագում մեր դարպասապահի խաղակոշիկը պատռված է եղել: Ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել, ու ինչո՞ւ Յուրչենկոն չի կարողացել փոխել խաղակոշիկները:

- Դավիթ Յուրչենկոն մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, նա շատ է օգնել մեզ թե՛ եվրոպական ասպարեզում, թե՛ Հայաստանի առաջնությունում: Պետք չէ մոռանալ «Կլուժի» հետ արտագնա խաղը, որտեղ նա մեծ դերակատարում ունեցավ, մնացած հանդիպումներում` նույնպես: Դավիթն իսկական պրոֆեսիոնալ է: «Սլովանի» խաղին նա ուներ երկրորդ խաղակոշիկներն ու կանգնեցրեց խաղը` խնդրելով մրցավարին հնարավորություն տալ փոխել պատռված խաղակոշիկները, սակայն մրցավարը թույլ չտվեց և ասաց, որ պետք է ինչ-որ կերպ ամրացնի դրանք: Յուրչենկոն պատասխանեց, որ այդպես չի կարող շարունակել հանդիպումը, մրցավարն ասաց, որ եթե շարունակի խոսել, ապա երկրորդ դեղինը կստանա: Դավիթն այլ ելք չուներ: Կարծում եմ, որ դա ոչ թե մեր դարպասապահի կոպիտ սխալն էր, այլ մրցավարի, ով իրավունք չուներ նման որոշում կայացնելու: Բայց, ինչպես ասացի արդեն, դա չեմ համարում մեր պարտության պատճառը:

- «Բազելի» դեմ նոյեմբերի 3-ին կայանալիք խաղում հաղթելու դեպքում, մեր թիմը դուրս կգա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ: Ի՞նչ տրամադրություն է տղաների մոտ, արդյո՞ք ժամանակը կբավարարի հոգեբանորեն ու ֆիզիկապես այս հանդիպմանը պատրաստվելու համար:

- Մենք պարտվում ենք և հաղթում, բայց երբեք հոգեբանորեն չենք ընկճվում ու հուսահատվում: Մենք բոլորս հասկանում ենք հանդիպման կարևորությունն ու պատրաստվելու ենք հնարավորինս լավ, որպեսզի հաղթանակի հասնենք: Միաժամանակ գիտակցում ենք` ուր ենք հասել ու ովքեր են մեր մրցակիցները, մեզ համար միանշանակ հեշտ չի լինելու: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ հետ են ու պարտության ժամանակ էլ գիտակցում են, որ այս ռեսուրսներով մենք անում ենք առավելագույնը: Հնարավոր չէ կատարելության հասնել ու հաղթել ամեն խաղում: Շնորհակալ եմ իմ տղաներին, որոնք մինչև վերջին րոպեն պայքարում են հաջողության հասնելու համար, սակայն միշտ չէ, որ ստացվում է: Շատ կարևոր է հանդերձարանի մթնոլորտը, միասնականությունը, թիմային ոգին, որոնք մենք ստեղծել ենք համատեղ ուժերով: Այս ամենն օգնում է մեզ հասնել հաջողության: Կխնդրեմ, որ երկրպագուներն այս խաղում մեր կողքին լինեն և որքան շատ երկրպագու գա մարզադաշտ, այնքան մեծ կլինեն մեր շանսերը: Իմ ցանկությունն է, որ այդ օրը հայկական ֆուտբոլի համար դարձնենք պատմական:

- Պարոն Մելիքյան, «Սլովանի» հետ խաղից հետո հարցում ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` նախախաղային ասուլիսին արված Ձեր հայտարարության վերաբերյալ: Կպարզաբանե՞ք Ձեր խոսքերը:

- Ես հարց ունեմ ֆեդերացիային. որտե՞ղ էիք անցած ամիսների ընթացքում, ինչո՞ւ «Փյունիկի» հետ չէիք, ոչ մի խաղին ներկա չեք գտնվել ու չեք աջակցել մեզ: Ես ցանկանում եմ լսել այս հարցի պատասխանը: Իմ միտքն այն էր, որ ֆեդերացիային չեն մտահոգում մեր ապագան ու արդյունքները: Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին, իսկ մենք դա չենք զգում: Առաջինը սպասում ենք պարզաբանման նրանցից: Պետք է հիշեցնեմ, որ ֆեդերացիայի նախագահին, փոխնախագահին ընտրել ենք մենք` ֆուտբոլային մարդիկ, և դա չենք արել, որպեսզի նրանք ինչ-որ մեկին համակրեն, մյուսին` ոչ, այլ, որպեսզի մտածեն հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Մենք նրանց չենք հրավիրում մեր խաղերին, այլ պարտադրում ենք ու պահանջում, որ լինեն հայկական ամեն ակումբի կողքին, որոնք պատմություն են կերտում ու պայքարում հանուն զարգացման և առաջընթացի: Եվ խոսքը միայն «Փյունիկի» մասին չէ: Օրինակ` «Սլովանի» հետ խաղից առաջ, մեր հանդերձարանում են եղել Սլովակիայում Հայաստանի հյուպատոսն ու Ավստրիայում մեր դեսպանը: Նրանք ընդամենը երկու խոսք ասացին, բայց մենք հասկացանք, որ եկել ենք երկիր, որտեղ Հայաստանը պետական մակարդակով ունի ներկայացուցիչներ ու նրանք եկել են մեզ աջակցելու: Մեզ համար դա շատ հաճելի էր: Մեզ պետք չէ սովորեցնել` ինչպես աշխատենք: Նախ իրենք պետք է սովորեն ճիշտ աշխատել:

- Այնուամենայնիվ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջ է գնացել մեր հարցումներին ու հետաձգել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մեր երկու հանդիպում, որպեսզի կարողանանք լավ նախապատրաստվել եվրագավաթային խաղերին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Այսպես ասեմ` իրենք պարտավոր են, այդ կերպ մեզ լավություն չեն անում, քանի որ մեր հաղթանակը, իրենց հաղթանակն է: Իսկ մեկս մեկի համար պետք է հնարավորին չափով օգտակար լինենք: Դա հայկական ֆուտբոլի հաղթանակն է լինելու, ոչ միայն «Փյունիկինը»: Ֆեդերացիան պարտավոր է հետաձգել հանդիպումները: Մենք խնդրել ենք հետաձգել «Նոայի» հետ հանդիպումը, մերժում ենք ստացել, նույնն էլ Երևանի «Արարատի» հետ խաղը: Ծիծաղելի է, որ ֆեդերացիան աջակցում է մեզ` երկու հանդիպում հետաձգելով: Ցանկացած երկրում, ցանկացած ֆեդերացիա նման իրավիճակում այդպես է վարվում:

 

Վերջին նորություններ