Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ շրջանը «Փյունիկը» սկսեց «Ուրարտուի» դեմ երևանյան դերբիով։ Տեղին է հիշել, որ ընթացիկ առաջնության մեկնարկային տուրի՝ «Ուրարտուի» դեմ արտագնա խաղում մեր թիմը, առջևում լինելով 2:0 հաշվով, խաղավերջում երկու գոլ էր ընդունել ու ցավալիորեն ձեռքից բաց թողել հաղթանակը։
Այս խաղն առանձնահատուկ էր նախևառաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի համար, որը Հայաստան վերադառնալուց հետո առաջին անգամ էր հանդիպելու իր նախկին թիմին, որի հետ 2022/23 թթ․ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Հաշվետու խաղը սկսվեց շատ ակտիվ ու անզիջում պայքարով, որն ուղեկցվում էր հորդառատ անձրևով։
Առաջին 30 րոպեներին թիմերը միմյանց դարպասներին հիմնականում սպառնացին հեռահար հարվածներով։ «Փյունիկից» այդպիսի փորձ կատարեցին Արտակ Դաշյանն ու Վիտին, սակայն նրանց հարվածները նպատակին չհասան։
Մինչև ընդմիջման գնալը հյուրերը միակ վտանգավոր պահը մեր թիմի դարպասի մոտ ստեղծեցին 38-րդ րոպեին, երբ աջ եզրից Խարիտոն Այվազյանի կատարած փոխանցումից հետո Էդիկ Վարդանյանը փոքր-ինչ շեղեց գնդակի ուղղությունը, բայց Ստանիսլավ Բուչնևն այդ դրվագում աչալուրջ էր։
Երկրորդ կեսն ավելի հարուստ էր գոլային պահերով, և դրանց գերակշիռ մասը ստեղծեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները։
63-րդ րոպեին Արտակ Դաշյանի՝ սուր անկյան տակ կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց մրցակցի ուղղահայաց դարպասաձողից։ Քիչ անց Խամես Սանթոսի նպատակային փոխանցումից հետո հաջողությանը մոտ էր Վիտին, սակայն նրա՝ գլխով կատարած հարվածը մի փոքր բարձր էր։
Դրանից անմիջապես հետո կրկին աշխատեց Խամես Սանթոս-Վիտի համագործակցությունը, և մոզամբիկցի ֆուտբոլիստը շեշտակի հարվածով գրավեց «Ուրարտուի» դարպասը։ Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը չեղարկեց գոլը՝ համարելով, որ հարվածից առաջ մեր ֆուտբոլիստը խախտել էր խաղի կանոնները Խարիտոն Այվազյանի հետ պայքարում։
76-րդ րոպեին հերթական հիանալի հնարավորությունն ընձեռվեց «Փյունիկին»՝ բացելու խաղի հաշիվը․ Սեադ Իսլամովիչը լավ փոխանցում կատարեց դեպի «Ուրարտուի» տուգանային հրապարակ, որտեղ Իման Գրիֆիթը գլխով գնդակը փոխանցեց լավ դիրքում գտնվող Յասոնաս Պիկիսին, սակայն վերջինս չկարողացավ հարմար հարվածել ու կորցրեց անչափ նպաստավոր պահը։
Իսկ ահա հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ մեր ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց խփել հաղթական գոլը։ Հովհաննես Հարությունյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստ Միգել Ռաջանին գլխով հեռացրեց գնդակը, սակայն այն հասավ տուգանային հրապարակում գտնվող Միխայիլ Կովալենկոյին, որն էլ մեկ հպումով, գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1։0։
Ռուս ֆուտբոլիստը, որը նախորդ խաղում հոբելյանական՝ 150-րդ հանդիպումն էր անցկացրել «Փյունիկի» կազմում ու այս հանդիպումից առաջ ստացել խորհրդանշական նվեր, կարողացավ խփած կարևոր գոլով «քավել իր մեղքը» թիմերի առաջին շրջանի մրցավեճում ստացած անտեղի կարմիր քարտի համար։
Ավելացված ժամանակում «Փյունիկն» արագ հակագրոհի արդյունքում կարող էր խփել նաև երկրորդ գոլը, սակայն Յասոնաս Պիկիսի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
Մեր թիմը 1։0 հաշվով հույժ կարևոր հաղթանակ տարավ երևանյան դերբիում ու միավորներով հավասարվեց առաջատար «Նոային», որը դեռ պետք է անցկացնի այս տուրի իր հանդիպումը։
Հավելենք, որ Դմիտրի Գունկոյի թիմն իր հաջորդ խաղն անցկացնելու է նոյեմբերի 6-ին՝ Չարենցավանում հյուրընկալվելով «Վանին»։