«Փյունիկը» սկսեց պայքարը Հայաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի խաղարկությունում․ 1/8 եզրափակչում մեր թիմի մրցակիցն էր Երևանի «Արարատը»։
Արդեն առաջին կեսում «Փյունիկը», կարելի է ասել, լուծեց դիմակայության հաղթողի հարցը։ 5-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը հաշվենկատ փոխանցում կատարեց Վիտիին, վերջինս աջ թևից ներխուժեց արարատցիների տուգանային հրապարակ ու գնդակը փոխանցեց Իման Գրիֆիթին, իսկ նիդերլանդցի ֆուտբոլիստին մնում էր միայն չվրիպել հարմար դիրքից՝ 1։0։
20-րդ րոպեին մեր թիմը կարողացավ կրկնապատկել հաշիվը, և գոլային գրոհը կրկին կառուցեց Հովհաննես Հարությունյանը։ Նա ձախ թևից հիանալի փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, և Յասոնաս Պիկիսը, հաղթող դուրս գալով Վոլոդյա Սամսոնյանի հետ օդային պայքարում, գլխի հարվածով գրավեց «Արարատի» դարպասը՝ 2։0։ Այդպիսով, Պիկիսը բացեց իր գոլերի հաշիվը նաև Հայաստանի գավաթի մրցաշարում։
32-րդ րոպեին գրեթե նույնությամբ կրկնվեց նախորդ գոլային գրոհը․ այս անգամ Հովհաննես Հարությունյանը փայլուն փոխանցումով գտավ ձախ եզրից գրոհին միացած Միխայիլ Կովալենկոյին, որն էլ գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում հերթապահող Յասոնաս Պիկիսին, ու մեր թիմի գոլահարը կրկին գլխի հարվածով խոցեց Նիկիտա Լոբուսովի պաշտպանած դարպասը՝ 3։0։
Ամբողջ առաջին կեսում «Փյունիկը» ճնշող առավելություն ուներ մրցակցի նկատմամբ ու կարող էր ընդմիջման գնալ ավելի խոշոր հաշվով հաղթելով։
Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց, ու «Փյունիկը», չբավարարվելով ձեռք բերածով, շարունակում էր «կրակի տակ» պահել «Արարատի» դարպասը։
55-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն լայնակի փոխանցում կատարեց դեպի ձախ թևում գտնվող Միխայիլ Կովալենկոն, վերջինս էլ անմիջապես գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Գևորգ Տարախչյանը կիսաշրջադարձ հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4։0։ Անկասկած, դա ընթացիկ մրցաշրջանում մեր թիմի խփած ամենագեղեցիկ գոլն էր։
Մինչ շատերը դեռ շարունակում էին հիանալ Գևորգ Տարախչյանի խփած գոլով, ընդամենը 2 րոպե անց «Փյունիկը» հաշիվը դարձրեց 5։0։ Վիտին, «պատ» խաղարկելով Հովհաննես Հարությունյանի հետ, մտավ արարատցիների տուգանային հրապարակ ու գնդակը փոխանցեց Յասոնաս Պիկիսին, որն էլ երկրորդ փորձից կարողացավ գրավել դարպասը։ Հատկանշական է, որ կիպրոսցի հարձակվողն իր կարիերայում առաջին անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
62-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստներին հաջողվեց «թրջել» հաշիվը․ Էդգար Մովսեսյանը անկյունայինից փոխանցում կատարեց դեպի «Փյունիկի» տուգանային հրապարակ, և Դիվայն Ուկադիկեն գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը՝ 5։1։
Սակայն դրանից 7 րոպե անց «Փյունիկին» հաջողվեց հաշիվը դարձնել էլ ավելի խոշոր․ Ռոբերտ Դարբինյանի՝ դեպի «Արարատի» տուգանային հրապարակ կատարած փոխանցմանը առաջինը հասավ Գևորգ Տարախչյանն ու գնդակը հասցեագրեց փոխարինման մտած Էդգար Մալաքյանին, և մեր թիմի ավագը հաշիվը դարձրեց 6։1։
Հանդիպման մնացած ժամանակում «Արարատին» հաջողվեց ևս մեկ գոլ խփել․ անհատական բարձր վարպետությամբ աչքի ընկավ Պատրիկ Հանձոնգոն։
«Փյունիկը» վստահորեն հաղթեց 6։2 հաշվով ու նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր։