
Արդեն այսօր մեր թիմն ուսումնամարզական հավաքի շրջանակում կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը։ Մրցակիցը վրացական «Սամտրեդիան» է համանուն քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1936 թվականին և տարբեր անուններով մասնակցել է ԽՍՀՄ և Վրաստանի առաջնություններին։ Այժմ «Սամտրեդիան» հանդես է գալիս երկրի բարձրագույն լիգայում՝ Էրովնուլի լիգայում, և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։
Թիմն իր պատմության ամենամեծ հաջողությունները գրանցել է 90-ականների կեսերին և 2010-ականների երկրորդ կեսին։ 1995 թվականին ակումբը դարձել է Վրաստանի փոխչեմպիոն և առաջին անգամ ուժերը փորձել եվրոպական մրցաշարերում։ «Սամտրեդիան» խաղացել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլում, որտեղ զիջել է հյուսիսմակեդոնական «Վարդարին»:
Ակումբը երկու անգամ մասնակցել է Եվրոպա լիգային։ Որպես Վրաստանի փոխչեմպիոն` 2016/17 մրցաշրջանում թիմը իր նորամուտն է նշել մրցաշարում, տոնել առաջին հաղթանակը, բայց երկխաղյա դիմակայության արդյունքներով դուրս է մնացել պայքարից։ 2018/19 մրցաշրջանում նույնպես որակավորման առաջին փուլից հետո ակումբն ավարտել է ելույթները։
2016 թվականի աշնանը «Սամտրեդիան» հռչակվել է Վրաստանի չեմպիոն և իրավունք ստացել հաջորդ տարի երկիրը ներկայացնել Չեմպիոնների լիգայում։
2017 թվականին թիմը նվաճել է Վրաստանի Սուպերգավաթը։
Երկրի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ պաշտպան Կախաբեր Կալաձեի անունը, որը հանդես է եկել Թբիլիսիի և Կիևի «Դինամոյում», «Միլանում» և «Ջենոայում», կապված է քաղաքի և ակումբի հետ։ Կալաձեն ծնվել է Սամտրեդիայում և ելույթներ ունեցել տեղի երիտասարդական թիմում:
Ներկայիս կազմից ամենաշատ հանդիպումներն անցկացրել են Գիվի Իոսելիանին (82 խաղ) և Դավիթ Կիրկիտաձեն (78 խաղ): Ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Զվիադ Նաչկեբիան է, որը դարձել է 4 գոլի հեղինակ։ Այս պահին թիմում հանդես են գալիս 4 լեգեոներներ, հիմնականում թիմը ներկայացնում են վրացի ֆուտբոլիստներ։