0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Բուդյո-Գլիմտ»․ Տպավորիչ ելույթներ Եվրոպայում, թիմային հոգեբանություն, ոչ ստանդարտ ատրիբուտներ

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում մեր թիմն ուժերը չափելու է Նորվեգիայի նախորդ առաջնության «արծաթե մեդալակիր» «Բուդյո-Գլիմտի» հետ։ Վերջին տարիներին մեր առաջիկա մրցակիցը վառ խաղի, տպավորիչ հաղթանակների և տաղանդավոր սաների շնորհիվ համակրանքի է արժանացել է ոչ միայն Նորվեգիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Կպատմենք առաջիկա մրցակցի մասին ամենահետաքրքիրը և կմանրամասնենք` ինչպես է ի հայտ եկել «Հյուսիսային աստղը»:

Բուդյո քաղաքը ներկայացնող ակումբը հիմնադրվել է 1916 թվականին։ Մինչև 1972 թվականը Նորվեգիայի հարավային և հյուսիսային թիմերը մրցում էին առանձին մրցաշարերում, և «Գլիմտը» 30-ականներին 9-անգամ կարողացել է դառնալ Հյուսիսային Նորվեգիայի առաջնության հաղթող։ 1960-70-ական թվականներին փոխվել է Նորվեգիայի առաջնության ձևաչափը և հենց «Բուդյո-Գլիմտն» է դարձել առաջին հյուսիսային թիմը, որը նվաճել է Նորվեգիայի գավաթը (1975թ.), իսկ հետագայում իրավունք է վաստակել խաղալ Բարձրագույն խմբում (1977):

Երկար տարիներ ակումբը դեգերում էր նորվեգական տարբեր լիգաներում, իսկ 1980-ականներին կանգնել է ճգնաժամի առջև: 1993 թվականին «Բուդյո-Գլիմտն» ամրապնդվել է բարձրագույն լիգայում և մնացել այնտեղ 12 տարի, չնայած նախկինի պես չէր կարողանում աչքի ընկնել կայուն ելույթներով։

2010-ականների վերջերին տեղի է ունեցել ակումբի «վերածնունդը»։ 2018-ին թիմը բարձրացել է Նորվեգիայի գլխավոր առաջնություն։ Ակումբի մենեջերների ու մարզիչների հնարամիտ ֆինանսական և տրանսֆերային ռազմավարության շնորհիվ «Բուդյո-Գլիմտը» տարին տարվա վրա սկսել է ավելի լավ արդյունքներ գրանցել։

Իր պատմության լավագույն ցուցանիշին «Բուդյո-Գլիմտը» հասել է ներկայիս գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենի շնորհիվ։ Նորվեգացի մասնագետի փիլիսափայությունն է՝ ցուցադրել կոմբինացիոն, հարձակողական ֆուտբոլ և ինտեգրել ֆուտբոլիստներին սեփական համակարգի մեջ: Կնուտսենը «Բուդյո-Գլիմտը» գլխավորել է 2018 թվականին և հենց հաջորդ տարի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Թիփելիգայում: 2020 թվականին «Բուդյո-Գլիմտի» ցուցադրած արդյունքները տպավորիչ էին, թիմը հաղթել էր 30 խաղից 26-ում, խփել 103 գոլ և առաջնության ավարտից 5 տուր առաջ իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձել Նորվեգիայի չեմպիոն։ 2021-ին «Բուդյո-Գլիմտը» նորից դարձել է Նորվեգիայի չեմպիոն։ Հաղթական երկու մրցաշրջաններում էլ Կյետիլ Կնուտսենը ճանաչվել է Նորվեգիայի տարվա լավագույն մարզիչ: Ուշագրավ է, որ հաղթանակը Նորվեգիայի առաջնությունում հնարավորություն է տվել «Բուդյո-Գլիմտին» դառնալ ֆուտբոլի պատմության ամենահյուսիսային չեմպիոնը։

Եվրոպական ասպարեզում «Բուդյո-Գլիմտն» իր ելույթները սկսել է դեռ 1970-ականներին, բայց նշանակալի արդյունքների թիմը հասել է վերջին տարիներին։ 2021-ին «Բուդյոն» իր նորամուտն է նշել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, սակայն այդ տարի նրանց աստղը փայլել է Կոնֆերենցիաների լիգայում։ «Ռոմայի», «Զարյայի» և Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ հայտնվելով նույն խմբում` Նորվեգիան ներկայացնող թիմը չի կրել ոչ մի պարտություն, խոշոր 6-1 հաշվով ջախջախել է «Ռոմային» և դուրս եկել փլեյ-օֆֆ։ Հաղթահարելով «Սելթիկի» և «ԱԶ Ալկմարի» արգելքները` «Բուդյո-Գլիմտի» ճանապարհը նորից հատել են հռոմեացիները քառորդ եզրափակիչում, ու թեպետև տնային խաղում առավելության են հասել 2:1 հաշվով, բայց պատասխան խաղում պարտվել են 0:4 հաշվով և լքել պայքարը։ Նման վառ ելույթները ֆուտբոլային Եվրոպայում աննկատ չեն մնացել, իսկ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելը թերևս լավագույն ցուցանիշն է, որը գրանցել է «Բուդյո-Գլիմտը»։

Ակումբի հաջողությունները պայմանավորված են զարգացման բելգիական մոդելի կիրառմամբ, որն իրենից ենթադրում է մանկապատանեկան ուժեղ ակադեմիայի ստեղծում, տաղանդների բացահայտում և հետագայում նրանց տրանսֆերի շահութաբեր վաճառք։ Այն, որ այս մոդելը «Բուդյո-Գլիմտի» պարագայում հաջող է աշխատում կներկայացնենք ստորև ներկայացված տրանսֆերներով:

Ակումբի սան Յենս Պետեր Հաուգեն 2020 թվականին «Բուդյո-Գլիմտից» 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Միլան», հաջորդ մրցաշրջանում Հաուգեն վարձակալական հիմունքներով սկսել է խաղալ Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», իսկ գերմանական ակումբի հետ ֆուտբոլիստը 2021/22թթ․ մրցաշրջանում նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։ «Բուդյո-Գլիմտի» մեկ այլ սան Պատրիկ Բերգի տրանսֆերը նույնպես համարվում է ակումբի լավագույն գործարքներից մեկը։ 2022-ին կիսապաշտպանը տեղափոխվել է ֆրանսիական «Լանս» 4․5 միլիոն եվրոյի դիմաց։ Ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը համարվում է երիտասարդ ֆուտբոլիստ Ուգո Վետլեսենի տեղափոխությունը «Բրյուգե»։ Գործարքը կազմել է 7․75 միլիոն եվրո, իսկ Էրիկ Բոտհեյմը 2022-ին «Կրասնոդար» է տեղափոխվել 7․5 միլիոն եվրոյով:

«Բուդյո-Գլիմտի» համակարգում շատ մեծ կարևորություն է տրվում նաև հոգեբանությանը։ Ակումբում աշխատում է նախկին ռազմական օդաչու Բյորն Մանսվերկը։ Նա սովորեցնում է ֆուտբոլիստներին, որ պետք է կենտրոնանալ ոչ թե արդյունքների, այլ սեփական աճի վրա։ Նա փորձում է համախմբել թիմին` ստեղծելով ընտանեկան մթնոլորտ։

Թիփելիգայի ընթացիկ առաջնությունում «Բուդյո-Գլիմտը» 18 խաղում վաստակած 41 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Գլխավոր ռմբարկուն՝ Ամալ Պելեգրինոն է, որն ընթացիկ առաջնությունում 14 գոլ է խփել և կատարել 7 գոլային փոխանցում։

Արդեն վաղը «Փյունիկը» ուժերը կչափի «Բուդյո-Գլիմտի» հետ, ամբիցիոզ և երիտասարդ մի թիմ, որն արդեն մեծ խաղերի ու տպավորիչ հաղթանակների փորձ ունի։ Մրցակցի հարկի տակ մեզ իսկապես էմոցիոնալ հանդիպում է սպասվում։ Հետաքրքիր է, իսկ կտեսնե՞նք արդյոք «Բուդյո-Գլիմտի» երկրպագուների գլխավոր ատրիբուտը՝ ակումբի գույներով ատամի հսկայական խոզանակը։ Այո, սիմվոլիկայի ընտրության հարցում էլ մեր առաջիկա մրցակիցը տարբերվում է։

Նորվեգական ակումբը տպավորում է խաղի ընթացում իր տակտիկական ճկունությամբ: Ազգային առաջնության խաղերում այս թիմը հիմնականում հաղթում է խոշոր հաշիվներով: Կյետիլ Կնուտսենի ֆուտբոլիստները բացի կոմբիոնացիոն խաղարկումներից գոլեր խփելուց աչքի են ընկնում նաև հեռահար հարվածներով և անհատական բարձր որակներով:

Արդեն վաղը «Փյունիկը» ուժերը կչափի «Բուդյո-Գլիմտի» հետ, ամբիցիոզ և երիտասարդ մի թիմ, որն արդեն մեծ խաղերի ու տպավորիչ հաղթանակների փորձ ունի։ Մրցակցի հարկի տակ մեզ իսկապես էմոցիոնալ հանդիպում է սպասվում։ Հետաքրքիր է, իսկ կտեսնե՞նք արդյոք «Բուդյո-Գլիմտի» երկրպագուների գլխավոր ատրիբուտը՝ ակումբի գույներով ատամի հսկայական խոզանակը։ Այո, սիմվոլիկայի ընտրության հարցում էլ մեր առաջիկա մրցակիցը տարբերվում է։

1975 թվականին երկրպագուներից մեկը հիասթափվելով թիմի ցուցադրած ֆուտբոլից` որոշել է հենց տրիբունայից կառավարել թիմի խաղը։ Դիրիժորական փայտի փոխարեն նա իր ցուցումները սկսել է կատարել ատամի խոզանակի միջոցով։ Նման ինքնատիպ մոտեցումը հավանություն է ստացել երկրպագուների շրջանում։ Ավելին, գտնվել է կազմակերոպություն, որը սկսել է արտադրել ատամի խոզանակներ հատուկ «Բուդյո-Գլիմտի» երկրպագուների համար, իսկ 2009-ից հենց ակումբն է սկսել ատամի խոզանակներ վաճառել։ Պահանջարկն այնքան է մեծացել, որ ատամի նմանատիպ խոզանակները պահանջարկ են վայելել ոչ միայն Բուդյո քաղաքում, այլև ամբողջ Նորվեգիայում։

Անհամբերությամբ ենք սպասում այս հետաքրքիր մրցակցի հետ հանդիպմանը և հաջողություն մաղթում մեր տղաներին։

Վերջին նորություններ