«Փյունիկը» շարունակում է ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացնել ընկերական հանդիպումներ: Մեր թիմը արդեն մրցել է Դոնեցկի «Շախտյորի», բոսնիական «Բորացի» և ղազախական «Օրդաբասիի» հետ` հաղթելով վերջին երկու խաղերում: Վաղվա խաղում մեր մրցակիցը Կարագանդայի «Շախտյորն» է, որը 2013 թվականին Ղազախստանի անունը օղակի մեջ առավ եվրոպական ֆուտբոլային քարտեզում՝ դառնալով առաջին ղազախական թիմը, որին հաջողվում է մտնել Եվրոպա լիգայի խմբային փուլ: Հենց այդ ժամանակահատվածում «հանքափորները» իսկական հեգեմոնիա էին հաստատել երկրում և ունեին հեռուն գնացող նպատակներ:
Մեր մամուլի ծառայությունը ուսումնասիրել և ձեզ է ներկայացնում «Շախտյորի» պատմությունը, գրանցած բազում հաջողություններն ու այնտեղ ելույթ ունեցած հայ ֆուտբոլիստներին:
Որպես վարպետների թիմ՝ Կարագանդայի «Շախտյորի» պատմությունը սկիզբ է առնում 1958 թվականից, թեև «հանքափորների» ֆուտբոլային ակունքներն ավելի վաղ ժամանակներից են գալիս: Համաշխարհային պատերազմից առաջ ներկայացել են «Ածխի հանքագործ» անվանումով, հետո՝ «Հանքագործ» անունով:
Ֆուտբոլային ճանապարհի մեկնարկն ու գոյատևումը ԽՍՀՄ հսկաների կողքին
1950-ականներից «Շախտյորը» սկսում է ելույթ ունենալ Խորհրդային Միության կանոնավոր առաջնություններում, զուգահեռաբար նրանք մասնակցություն են ունենում Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի գավաթի խաղարկություններին: Նրանց գլխավոր նվաճումներից է ԽՍՀՄ երկրորդ լիգայի կրկնակի չեմպիոնությունը (1982, 1983) չնայած դրան,«Շախտյորը» այդպես էլ չի կարողանում հասնել ուժեղագույնների մրցավազքին:
«Շախտյորը» Ղազախստանում իր մրցելույթները սկսել է առաջնության ստեղծման սկզբից: 1992-ից մինչև 2008 թվականը մեր մրցակիցը որևէ շոշափելի հաջողություն չի ունեցել ներքին ասպարեզում, այնուամենայնիվ պայքարել է բարձր հորիզոնականների համար:
Այնուհետև, Կարագանդայի թիմը երկու տարի անընդմեջ առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելու շնորհիվ սկսում է եվրոպական ճանապարհը. 2008-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլում (ներկայիս՝ Եվրոպա լիգա) «հանքափորները» ճանապարհը զիջում են հունգարական «Դեբրեցենին», իսկ հաջորդ տարի՝ լեհական «Ռուխին»:
Հեգեմոնիայի սկիզբը
2011 թվականին Ղազախստանի առաջնությունն անցկացվում է երկու տարբեր խմբերով: «Շախտյորը» առաջնությունում 42 միավոր է վաստակում՝ գրանցելով իր պատմության առաջին ու ամենախոշոր նվաճումը` դառնալով Ղազախստանի չեմպիոն:
Արդեն հաջորդ մրցաշրջանում «Շախտյորը» պաշտպանում է չեմպիոնական տիտղոսը: Կարագանդայի թիմը թիկունքում է թողնում «Պավլոդարին»՝ ունենալով 2 միավորի առավելություն:
Հաջողությունը «Շախտյորը» շարունակում է նաև 2013 թվականին՝ հռչակվելով Ղազախստանի գավաթակիր ու Սուպերգավաթակիր:
Ղազախստանի տրիումֆը Եվրոպայում
2013/14 մրցաշրջանում «Շախտյորը» հասնում է ղազախական ֆուտբոլի համար բացառիկ նվաճման: Այդ տարի ներքին առաջնության ոսկե մեդալները թիմին ուղեգիր են շնորհում Չեմպիոնների լիգա, և որակավորման փուլերում բելառուսական ԲԱՏէ-ին և ալբանական «Սկենդերբեուին» շրջանցելուց հետո, Կարագանդայի թիմը մտնում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ՝ ապահովելով իր տեղը Եվրոպա լիգայի խմբային փուլում:
Ղազախական թիմը մեկնում է Եվրոպա լիգա՝ շոտլանդական «Սելթիկին» երկու դիմակայության արդյունքում զիջելուց հետո: «Նարնջագույնները» պայքար չեն կարողանում առաջարկել իրենցից անհամեմատ հզոր թիմերին: Նրանք մեկ խմբում էին ընդգրկված «ԱԶ Ալկմարի», ՊԱՈԿ-ի և Հայֆայի «Մաքքաբիի» հետ: Մեր մրցակիցը խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 6 խաղում վաստակած միայն 2-ում միավորով:
Կարագանդայի «Շախտյորը» եվրագավաթների մյուս խաղարկություններում պայքար է մղել միայն որակավորման փուլերում: Թիմին 2014/15 մրցաշրջանում հաջողվել է հասնել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ, ինչպես նաև 2021/22 մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ:
«Սելթիկին» հաղթելու համար պետք չեն աստղեր, այլ…
Մինչև կանցնենք «Շախտյորի» պատմության հաջորդ գլխին, ուշադրության է արժանի մի դրվագ «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի տնային խաղից, որը շատ սպասված էր ֆուտբոլային Ղազախստանի՝ առավել ևս «Շախտյորի» համար:
Նախախաղային բաց մարզումից առաջ, երբ բոլորը ակնկալում էին առաջինը դաշտում տեսնել Վիրջիլ վան Դեյքին, Պուկիին կամ էլ Ֆրեզեր Ֆոստերին, սայլակի վրա «Աստանա Արենա» դուրս բերվեց սև ոչխար: Ըստ ավանդույթի՝ տեղացիները կարևոր իրադարձության նախօրեին զոհաբերում են սև ոչխար՝ ի նշան հաջողության:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը ևս անդրադարձել էր այդ յուրօրինակ ծեսին. «Մենք հետևեցինք ավանդույթին, տղաները հանդես եկան նախաձեռնությամբ, որ մեզ համար Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում զոհաբերվի կենդանի, ես էլ կողմ արտահայտվեցի»:
Տնային խաղում ղազախական ակումբը հաղթեց «Սելթիկին» 2:0 հաշվով, սակայն դիմակայությունում զիջեց 2:3 հաշվով:
Ռեկորդակիրները
Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Նիկոլայ Իգամբերդիեվն է: Խորհրդային ժամանակներում Նիկոլայը, ընդհանուր առմամբ,«հանքափորների» գույներով դարձել է 174 գոլի հեղինակ: Ամենաշատ հանդիպումները «Շախտյորում» անցկացրել է Սերգեյ Միշչենկոն՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս 20 մրցաշրջան և 577 պաշտոնական հանդիպում:
Ոսկե շրջանի ավարտը
Բազում հաջողություններից և Ղազախստանում որոշակի հեգեմոնիայից հետո մեր մրցակիցը սկսում է անհաջող մրցաշրջանների շարքը. Կարագանդայի «Շախտյորը» 2020-ին մրցաշրջանում մեկնարկում է նոր ղեկավարությամբ և նոր ռազմավարությամբ, որի նպատակն էր ոչ միայն «հանքափորներին» վերադարձնել առաջատար դիրքերը, այլև կառուցել ժամանակակից ակումբ։
Ծրագիրն աշխատում է, և Կարագանդայի թիմը մրցաշրջանն ավարտում է 32 միավորով՝ հնարավորություն ստանալով հաջորդ մրցաշրջանում ներկայացնել Ղազախստանը եվրոպական մրցաշարերում:
Ղազախական կլասիկո
Ղազախական ֆուտբոլի ամենաթեժ դերբին կայանում է Ալմաթիի «Կայրաթի» և Կարագանդայի «Շախտյորի» միջև, որոնք երկրի առաջին պրոֆեսիոնալ ակումբներն են։ Նրանց միջև անհաշտ մրցակցությունը սկիզբ է առնում դեռ 50-ականներից։
Այս թիմերի միջև հարաբերությունների ծայրաստիճան վատթարացումը կապված է նրանց հաճախակի առճակատումներից ԽՍՀՄ առաջնություններում: «Շախտյորի» կրկնակի չեմպիոնությանը զուգահեռ «Կայրաթը» ևս պայքար էր մղում ու փորձում հավասարվել սկզբունքային դարձած մրցակցին: Ինքնիշխան Ղազախստանի առաջնությունում գլխավոր և ամենահետաքրքիր դերբիներից մեկը այս թիմերի միջև հանդիպումն է, որտեղ ոչ ոք չի մոռանում հին հաշիվների մասին։
Հայկական կապը «Շախտյորի» հետ
8 հայ ֆուտբոլիստ հանդես է եկել Կարագանդայի «Շախտյորի» կազմում: Հետաքրքրական է՝ նրանցից 4-ը՝ Պետրոս Ավետիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Ղազարյանն ու Դավիթ Յուրչենկոն, ժամանակին ելույթներ են ունեցել «Փյունիկում», իսկ մեր նորեկ Սոլոմոն Ուդոն նախկինում ևս պաշտպանել է ղազախական ակումբի գույները:
Ամենամեծ նվաճումը վերոնշյալ ֆուտբոլիստներից գրանցել է մեր ակումբի սան Գևորգ Ղազարյանը, որը «Շախտյորի» հետ դարձել է երկրի գավաթակիր, ինչպես նաև 2013/14 մրցաշրջանում մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի բոլոր 6 խաղերին:
Հետաքրքրական է, որ «Փյունիկի» դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանը նույնպես աշխատել է ղազախական ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական, ինչպես նաև մարզել Իգոր Շացկիին, որը շուտով պետք է դառնար Ղազախստանի ազգային հավաքականի առաջին համարը:
Ներկայիս կազմը
Ներկայիս «Շախտյորում» ընդգծված առաջատար գտնելը բարդ գործ է: Նախորդ մրցաշրջանում լավագույն ռմբարկուի համար թիմում պայքար է մղել 3 ֆուտբոլիստ՝ Իվան Սվիրիդովը (7 գոլ), Թեմուր Չոգադձեն (6 գոլ) և Այդոս Թաթիբաևը (5 գոլ):
Ամենաշատ գոլային փոխանցումները կատարել էր Ռոման Մուրտազաևը (5):
«Շախտյորը» գլխավորում է 41-ամյա մասնագետ Անդրեյ Ֆինոնչենկոն, որը համարվում է թիմի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը: Մարզչական արտոնագիր ստանալուց հետո Ֆինոնչենկոն 2017 թվականից սկսած աշխատում է ակումբի համակարգում: Իր սիրած և հաճախ կիրառելի դասավորությունը 3-5-2-ն է, որը ինքնին արագ խաղի և հաճախակի վերադասավորում պահանջող ոճ է:
Ավարտված մրցաշրջանի վերջին 5 խաղերում «Շախտյորը» մեկ հաղթանակ է տոնել, գրանցել 3 ոչ-ոքի և կրել մեկ պարտություն: Ընդ որում, Կարագանդայի թիմը մրցաշրջանի վերջին խաղում միավորներ է խլել տիտղոսակիր «Աստանայից»: