«Փյունիկը» շարունակում է ուսումնամարզական հավաքն ու ընկերական խաղեր անցկացնում տարբեր երկրների առաջատար թիմերի հետ:
Մեր առաջիկա մրցակիցը Ուկրանիան ներկայացնող «Զարյան» է, որը ունի 101 տարվա պատմություն: Լուգանսկը ներկայացնող թիմը պարբերաբար մասնակցում է եվրագավաթներին՝ պայքար մղելով նաև խմբային փուլերում: Ակումբի պատմության գլխավոր նվաճումներից մեկը տեղի է ունեցել նախորդ դարում, երբ թիմը չեմպիոն է դարձել Խորհրդային Միության Բարձրագույն խմբում:
Մեր մամուլի ծառայությունն ուսումնասիրել է «Զարյային» առնչվող բոլոր կարևոր իրադարձությունները. ինչպես է ֆուտբոլը հայտնվել Լուգանսկում, ովքեր են առաջնորդել թիմին դեպի բարձունքներ Խորհրդային տարիներին և թե ինչպես է ակումբը մինչև օրս պահում լավ ավանդույթները՝ հաջողությունների հասնելով Ուկրաինայում և ոչ միայն:
Առաջին ֆուտբոլային շունչը Լուգանսկում
«Զարյան» hիմնադրվել է 1923 թվականին և համարվում է Ուկրաինայի հնաբնակ ակումբներից մեկը:
Սովետական ժամանակաշրջանում Լուգանսկի մամուլը ակտիվ հետաքննում էր քաղաքում ֆուտբոլի ծագումը։ Ըստ ուսումնասիրությունների՝ Լուգանսկում ֆուտբոլով սկսել են զբաղվել 1908 թվականից, երբ շոգեքարշների գործարանում երիտասարդները խմբեր են ձևավորել ու անցկացրել ֆուտբոլային մարզումներ:
Այնուհետև, 1917 թվականի օգոստոսի 20-ին քաղաքում տեղի է ունենում առաջին ֆուտբոլային հանդիպումը. խաղացողներին շնորհվում են հուշանվերներ, որը մինչև այս պահը պահպանվում է քաղաքի թանգարանում:
Ստեղծումը, պաշտոնական մրցաշարերն ու ֆուրորը ԽՍՀՄ առաջնություններում
20-րդ դարի միջնամասում ակումբները պարբերաբար փոխում էին իրենց անվանումները, և մեր առաջիկա մրցակիցը ևս զերծ չի մնացել այդ «սովորույթից»: Սկզբում «Մետալիստ», հետո՝ «Ձերժինեց»: Ուկրաինական ակումբը սկզբում մասնակցել է մարզային պաշտոնական մրցաշարերի և միայն 1939-ին՝ նորամուտը նշել Խորհրդային Միությունում հզորությամբ երկրորդ լիգայում:
Խորհրդային Միությունում «Զարյան» իր մասին հայտարարում է, երբ բոլորից ուժեղ է գտնվում ԽՍՀՄ հզորությամբ երրորդ լիգայում, այնուհետև փայլում մակարդակով երկրորդ լիգայում՝ դառնալով կրկնակի չեմպիոն:
Ի տարբերություն մեր մյուս մրցակիցների, «Զարյան» իր պատմության ամենաազդեցիկ նվաճումը գրել է նախորդ դարում. նվաճում, որը Խորհրդային գրանդ համարվելու լուրջ այցեքարտ էր:
1972-ին ուկրաինական թիմը կարողանում է դառնալ Խորհրդային Միության Բարձրագույն խմբի չեմպիոն՝ լեգենդար ֆուտբոլիստների և հզորագույն ակումբների հետ պայքարում: Նրանք թիկունքում են թողնում այնպիսի հսկաների, ինչպիսիք էի Կիևի և Թբիլիսիի «Դինամոն» ու պատմական հաջողությունների ուղի բռնած Երևանի «Արարատին»:
Երկու տարի անց «Զարյան» ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում հասնում է եզրափակիչ փուլ, սակայն զիջում է Կիևի «Դինամոյին» 0:3 հաշվով: Հաջորդ տարի մեր մրցակիցը նույպես մոտենում է բյուրեղապակյա գավաթին տիրանալուն, սակայն վճռորոշ խաղում այս անգամ պարտվում է հայկական ֆուտբոլին փառք բերած «Արարատին» (1:2):
Անսպասելի շրջադարձ
Խորհրդային Միության գավաթի խաղարկության վերջին արծաթե մեդալից հետո «Զարյան» անկման շրջան է ունենում՝ նահանջելով մինչև Առաջին լիգա (հզորությամբ՝ երկրորդը):
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992 թվականից, «Զարյան» սկսում է իր ելույթները Ուկրաինայի Բարձրագույն լիգայում։ Այնուամենայնիվ, 4 տարի անց թիմը լքում է էլիտան, 1998-ին մեր մրցակիցը նահանջում է ավելի ներքև՝ «B» խումբ։
Միայն 7 տարի անց «Զարյան» հիշեցնում է իր մասին ու կատարում առաջին քայլերը երբեմնի հեղինակությունը վերականգնելու համար: 2005/2006 մրցաշրջանում նրանք չեմպիոն են դառնում Ուկրաինայի Առաջին լիգայում և վերադառնում Բարձրագույն խումբ: Դեռ կհասցնենք խոսել այն լեգենդար մասնագետի մասին, որը թիմին օգնում է վերադառնալ ուժեղագույնների մրցավազք:
Առաջին քայլերը Եվրագավաթներում
2012/13 մրցաշրջանից հետո Լուգանսկի թիմը անսպասելի նվեր է ստանում. 6-րդ տեղը զբաղեցրած Դոնեցկի «Մետալուրգը» ֆինանսական խախտումների պատճառով որակազրկվում է ու Եվրոպա լիգայի որակավորման փուլում իր տեղը զիջում «Զարյային», որը ամբողջ մրցաշրջանի ընթացքում հետապնդում էր իրեն:
Լուգանսկը ներկայացնող ակումբն Եվրոպայում անդրանիկ մրցաշրջանում հասնում է մինչև որակավորման փլեյ-օֆֆ՝ իր ճանապարհին հաղթելով ալբանական «Լաչին» և նորվեգական «Մոլդեին»: Վճռորոշ խաղում, սակայն, «Զարյան» պարտվում է Ռոտերդամի «Ֆեյենորդին»:
Անհաշտ ակումբը Ուկրաինայից
Մեր առաջիկա մրցակցի եվրագավաթային ճանապարհը հարուստ է. «Զարյան» 3 տարբեր մրցաշրջաններում դուրս է եկել Եվրոպա լիգայի, երկու անգամ էլ՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ: Ընթացիկ մրցաշրջանում Լուգանսկի թիմը նույնպես եվրագավաթային աշուն է ունեցել, սակայն 3-րդը դառնալուց հետո արդեն լքել է Կոնֆերենցիաների լիգան:
Եվրոպա լիգայի խմբային փուլերում նրանց ամենաբարձր նշաձողը 6 միավորն է եղել, որոնք նրանք վաստակել են՝ հաղթելով Բիլբաոյի «Աթլետիկին» ու Բեռլինի «Հերտային»: Նրանք նաև հանդիպել են «Յունայթեդի», «Լեսթերի», «Ֆեյենորդի» և այլ ուժեղագույն թիմերի հետ: Հետաքրքրական է, որ մեր ակումբի սան Հենրիխ Մխիթարյանը, որը հետո պետք է դառնար Եվրոպա լիգայի այդ մրցաշրջանի հաղթող, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը հեղինակել է հենց «Զարյայի» դարպասը:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2009/2010 մրցաշրջանում պաշտպանել է Լուգանսկի «Զարյայի» գույները: 14 խաղում Մելիքյանը դարձել էր մեկ գոլի հեղինակ և նույնիսկ հասցրել խաղադաշտում հանդիպել այդ ժամանակվա հայկական ֆուտբոլի ծագող աստղ Հենրիխ Մխիթարյանին:
Լավագույնները Լուգանսկից
Անատոլիյ Կուկսովը բոլորց շատ հանդիպումներն է անցկացրել ուկրաինական թիմի կազմում՝ դաշտ դուրս գալով 517 անգամ: Կուկսովը համարվում է ակումբի պատմության ամենաազդեցիկ կերպարներից մեկը, որը թիմի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն:
Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Ալեքսանդր Մալիշենկոն է, որը դարձել է 174 գոլի հեղինակ:
Ուկրաինական ֆուտբոլի դարբնոցներից մեկը
Մեր առաջիկա մրցակիցը բազմաթիվ ֆուտբոլիստներ է մատակարարում Ուկրանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներ: Պետք է նաև նշենք, որ «Զարյայի» ներկայիս կազմից Էդուարդո Գերեյրոն հրավիրվում է Պանամայի ազգային հավաքական, իսկ Կոդջո Ազիանգբեն՝ Տոգոյի:
Ներկայիս կազմը
Նախորդ մրցաշրջանում Ուկրաինայի առաջնությունում ռմբարկուն Արտյոմ Դովբիկն էր, նրանից հետո գալիս էր «Զարյայի» հարձակվող Նազարիյ Ռուսինը՝ 13 գոլով: Իսկ Լուգանսկի թիմից ամենաշատ գոլային փոխանցումները նախորդ մրցաշրջանում կատարել էր Սերգեյ Բուլեցան (8):
Դիլիջանում ծնված և «Զարյայի» փառքի սրահի անդամ Յուրի Կովալը
Թիմը գլխավորում է 65-ամյա Յուրի Կովալը, որը դեռ 46 տարեկան էր, երբ ընդգրկվում է «Զարյայի» մարզչական շտաբում: Հետաքրքրական է, որ Կովալը ծնվել է Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում:
2005/2006 մրցաշրջանում «Զարյան» չեմպիոն է դառնում Ուկրաինայի Առաջին լիգայի այս մասնագետի շնորհիվ և վերադառնում Բարձրագույն խումբ: Կովալը շատ վաղուց է ակումբի համակարգում՝ արդեն 14 տարի: Ուկրաինացին սիրում է հաճախ կիրառել 4-1-4-1 դասավորությունը: «Զարյան» շեշտը դնում է արագ խաղի վրա, որի մասին վկայում է թիմի արդյունավետությունը: Մեր մրցակիցը մրցաշրջանի կտրվածքով միջինում 3-րդն է լինում խփած գոլերի քանակով:
«Զարյան» ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում հաջող մրցելույթներ չի ունեցել ներքին առաջնությունում՝ գլխավոր պատճառը Կոնֆերենցիաների լիգան է: 14 խաղից հետո Լուգանսկի թիմը 14-րդ տեղում է: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեր մրցակիցը 4 խաղ է անցկացրել, տոնել երկու հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի և կրել նույնքան պարտություն: